Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյուլագարակ է գնացել: Նա ասաց, որ Դենդրոպարկում վատ լինելու պատճառով այնտեղ եկող զբոսաշրջիկների թիվը շատ չէր՝ տարեկան 25 հազար մարդ: Հիմա զբոսաշրջիկները որ քիչ են գալիս, գալիս են մուտքը տոմսով է: Դա նշանակում է, որ Դենդրոպարկը այդքան քիչ եկամուտ է ստանում, այդ տարածքում փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները ավելի քիչ եկամուտ են ստանում: Այդ ճանապարհը կառուցելով՝ մենք հնարավորություն մենք ստեղծել ոչ միայն տուրիստական ընկերությունների համար, այդ դա տնտեսական շղթայական էֆեկտ կստեղծի»:
Փաշինյանն ասաց, որ անցյալ տարի ներքին տուրիզմի 41,4 տոկոս աճ են ունեցել, սա նշանակում է, որ ինչքան մարդիկ մաս-մաս ճանաչեն հայրենիքը, այնքան կսիրեն. «Երբ որ դիլիջանցին գնում է Գյումրի, մի քիչ դառնում է գյումրեցի, ավելի շատ հայաստանցի է դառնում»:
Սուրեն Պապիկյանն ասաց, որ արդեն հատկացված պետական միջոցներ կան ու պիտի կառուցեն դեպի Հաղպատ տանող ճանապարհը եւ Մակարավանք տանող ճանապարհը: Վարչապետն էլ հավելեց, որ անցյալ տարի դա պիտի անեին, բայց մրցույթին մասնակցող չեղավ, որովհետեւ այնքան ճանապարհաշինություն կար, մրցույթները շատ էին, չէին հասցնում: Լոռու մարզպետն էլ հավելեց, որ Լոռի բերդի ճանապարհներն էլ են վերանորոգվել:
Պապիկյանն ասաց, թե այդ բերդն ինչ պատմական ու մշակութային արժեք է ներկայացնում մեր երկրի համար: Վարչապետն էլ թվարկեց, թե Լոռու մարզը զբոսաշրջային ինչ հսկայական ներուժ ունի՝ Ստեփանավանի դենդրոպարկը, Լոռի բերդը, Քոբայրը, Հաղպատը, Սանահինը, Դսեղը՝ Թումանյանի ծննդավայրը, Ահնիձորը՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայրը: Պապիկյանը շարունակեց այս շարքը. «Արդվին ունենք, Օձունը»: Պարզվեց՝ վարչապետն Արդվիում չի եղել: Պապիկյանն ասաց, որ դա շատ կարեւոր վայր է, այնտեղ աղբյուր կա, լոռեցիները Օձի պորտ են ասում: Վարչապետը, Օձի պորտ անունը լսեց, սկսեց կատակել. «Օձի պորտից ջուր խմած արտահայտություն կա, չէ՞, որ մարդը շատ ճարպիկ է լինում, ասում են՝ Օձի պորտից ջուր խմած: Այնպես որ, մենք քանի որ պիտի ճարպիկ ազգ լինենք, խելացի, հնարամիտ, ստեղծագործ, այս տարին հայտարարում ենք Օձի պորտից ջուր խմելու տարի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ