Սփյուռքում ապրող եւ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող 20 երիտասարդներ հնարավորություն կունենան մեկ տարով աշխատել Հայաստանի Հանրապետության նախարարություններում ու գերատեսչություններում: Կառավարությունը սկսում է իրականացնել «իԳործ» ծրագիրը, որի նպատակն է աշխարհի լավագույն համալսարանները ավարտած, բարձր մասնագիտական կարողություններ ունեցող հայրենակիցներին ներգրավել ՀՀ կառավարական համակարգում՝ պրակտիկանտի կարգավիճակով:
Ծրագրի մասին մարտի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Վերջինս նկատեց, որ գրեթե բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները մասնակցում են ծրագրին, ուղարկել են ցուցակ, թե ինչ մասնագետների անհրաժեշտություն ունեն:
Ծրագիրը մեկ տարով է: Կմեկնարկի 2020 թվականի հուլիսի 1-ին եւ կավարտվի 2021 թվականի հունիսի 30-ին: Դիմորդները մինչեւ ապրիլի 15-ը հնարավորություն ունեն լրացնելու իրենց տվյալներն ու մասնակցության հայտ ներկայացնել: Իսկ ապրիլի 30-ին արդեն նրանք պատասխան կստանան:
Ավելի ուշ «Հայկական ժամանակը» Զարեհ Սինանյանից ճշտեց, թե ովքեր են ընտրելու այդ 20 հոգուն: Ընտրող հանձնաժողով կա՞ արդեն, թե՞ դեռ ոչ եւ ի՞նչ սկզբունքով է կատարվելու ընտրությունը: Նա նշեց, որ ուսումնասիրելու են հայտերը եւ բաշխելու են ըստ նախարարությունների ու գերատեսչությունների: Հետագա ընտրությունը փաստորեն թողնվելու է մասնագետների պահանջարկ ձեւավորած պետական մարմիններին:
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն հարցին, թե Սփյուռքահայ երիտասարդներին առաջարկվող աշխատանքը կլինի հայեցողակա՞ն, թե՞ քաղծառայողի հաստիքներում, ու եթե երկրորդը, ապա արդյոք խնդիր չի՞ առաջանա օրենքի հետ, որովհետեւ այդ հաստիքների համալրման համար հստակ ընթացակարգ է սահմանվում, Սինանյանը նկատեց, որ նախարարություններն ու գերատեսչություններն ընտրություն կատարելիս չեն առաջնորդվի ոչ քաղծառայողի, ոչ էլ հայեցողական ընտրության սկզբունքով: «Սա պրակտիկանտների ծրագիր է, սրանք փորձնական աշխատողներ են, աշխատողի կարգավիճակ չեն ունենալու»,- ասաց նա: Մասնագետներին ընտրելու գործընթացը կներառի երկու փուլ. առաջին փուլում կամփոփվեն բոլոր դիմումները, եւ հաջորդ փուլ կանցեն միայն այն դիմորդները, ովքեր համապատասխանում են ծրագրի պահանջներին, երկրորդ փուլում կընտրվեն ծրագրի մասնակիցները եւ նրանց վերջնական ընտրությունը կհաստատվի հարցազրույցի միջոցով:
Սինանյանից հետաքրքրվեցինք, կեցության ծախսերը հոգալու համար ամսական տրամադրվող 336 հազար դրամից բացի այլ գումար ստանալո՞ւ են ընտրված 20 մասնագետները: «Նրանք հավելյալ վարձատրում չեն ստանալու, որովհետեւ սա պրակտիկանտների ծրագիր է, մենք պարզապես օգնում ենք հոգալ կեցության ծախսերը»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք, թե գուցե չվարձատրվող աշխատանքի պարագայում որոշ մարդկանց համար դա խնդիր լինի եւ ցանկացողներն այնքան էլ շատ չլինեն: «Որոշ մարդկանց համար դա խնդիր կլինի, բայց մենք այս ծրագիրը ստեղծել ենք այն մարդկանց համար, որոնց համար սա խնդիր չէ եւ ուզում են ներգրավված լինել պետական կառավարման համակարգում, պատրաստ են առնվազն մեկ տարի հատկացնել դրան: Նրանք պետք է հասկանան, որ սա մշտական աշխատանք չէ եւ իրենք գալիս են Հայաստան պրակտիկանտի կարգավիճակով»,- պատասխանեց նա:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նկատեց՝ հեղափոխությունից հետո մոտ 1500 հայտ էին ստացել մեր հայրենակիցներից, որոնք ցանկություն են հայտնել աշխատել կառավարման համակարգում: Սակայն, թե մոտավորապես քանի հոգի կդիմեն «իԳործ» ծրագրով Հայաստան գալու համար, վերջինս դժվարացավ կանխատեսել:
Զարեհ Սինանյանից հետաքրքրվեցինք, թե իրենց գերատեսչությունում եւ մնացած տեղերում քանի մասնագետի կարիք կա: Նա նշեց, որ 19 մասնագետի ցանկություն են հայտնել միայն ֆինանսների նախարարությունից եւ որ պահանջարկի ցուցակը հսկայական է: Առավել մանրամասն ծանոթանալու համար նա ուղղորդեց հղումով անցնել, որով նաեւ դիմողներն են հայտեր ներկայացնելու՝ http://diaspora.gov.am/…/pages/97/igorts:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ԿԱՅՔԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ։