Պետութեան ղեկավարումը ստանձնելուց ի վեր նոր իշխանութիւնները ոչինչ այնպիսի ջանադրութեամբ չեն անում, ինչպէս, քրէական հետապնդումները, մասնաւորապէս` իշխանութեան նախկին ներկայացուցիչների նկատմամբ` սկսած երկու նախագահներից ու նախարարներից մինչեւ ցածրաստիճան պաշտօնեաները:
Որքան էլ զարմանալի թուայ, իշխանութեան ներկայացուցիչները տարբեր առիթներով յայտարարել են, որ այս կամ այն քրէական գործընթացն ունի քաղաքական դրդապատճառներ: Այդպիսի գնահատականներ հնչել են նոյնիսկ երկրի բարձրագոյն` Սահմանադրական դատարանի շուրջ ծաւալուող իրադարձութիւնների վերաբերեալ, որի անցանկալի անդամներից ազատուելու համար իշխանութիւնն անգամ համաժողովրդական հանրաքուէ է նախաձեռնում: Ակնառու իրողութիւն է, որ յարուցուող քրէական գործերն ու հետապնդումներն ի սկզբանէ դարձել են իւրատեսակ գործիք իշխանութեան ձեռքին, որի միջոցով փորձ է արւում սահմանափակելու եւ կանխելու անցանկալիների քաղաքական գործունէութիւնը, մարդկանց ենթարկելու շանթաժի, պարտադրելու պետական ու մասնաւոր գանձարկղեր մուծել որոշակի գումարներ:
Այս ճանապարհով ներշնչւում է հանրութեանը, որ իւրաքանչիւր ոք ընդդիմադիր գործունէութեան համար մի օր կարող է յայտնուել իրաւապահ համակարգի ուշադրութեան առանցքում: Պատահականութիւն չէ, որ մի շարք դէպքերում իշխանութեան գործողութիւնները առկայ եւ հնարաւոր օրինազանցութիւնների դէպքում չափազանցուած ու անհամարժէք են: Պատահականութիւն չեն երկրում քիչ թէ շատ յայտնի անձանց` թէկուզ կարճ ժամանակով ձերբակալութիւնները, յատուկ ջոկատայինների մասնակցութեամբ կոշտ ուժի կիրառման, ձեռքեր ոլորելու, ասֆալթին պառկեցնելու տեսարանները:
Ընդ որում, հասարակական հնչեղութիւն ունեցող գրեթէ բոլոր դէպքերում նախապէս մանրամասնօրէն ներկայացւում են ենթակայի կատարած «յանցանքները»: Այսինքն` աղաղակող կերպով ոտնահարւում է արդարադատութեան այն երկաթեայ կանոնը, ըստ որի` իւրաքանչիւր անձ անմեղ է, քանի դեռ վերջնական վճռով դատարանը չի ապացուցել վերջինիս մեղաւորութիւնը: Եւ կարծես ոչ ոքի չի յուզում տուեալ անձի արժանապատուութեան հարցը, ապրումներն ու կրած դժուարութիւնները, անձնական կեանքում տեղի ունեցած կտրուկ փոփոխութիւնների հետեւանքները, նրա ընտանիքի հոգեկան ալեկոծումները եւ այլն: Արձանագրենք, որ մի շարք դէպքերում լուրջ մեղադրանքների հիման վրայ իրականացուած համապատասխան իրաւական գործընթացներից յետոյ տուեալ գործերը կարճուել են, այլ դէպքերում դրանց վերջը չի երեւում, թէեւ ի սկզբանէ ներկայացուել էին շատ յստակ մեղադրանքներ: Այլ պարագաներում գնալով ակնյայտ է դառնում, որ իշխանութիւնները «խաղում են ժամանակի վրայ»` որքան հնարաւոր է երկար ժամանակ մարդկանց պահելով փակի տակ եւ սահմանափակելով նրանց ակտիւ գործունէութեան հնարաւորութիւնը: Ակնյայտ է նաեւ այն իրողութիւնը, որ, ըստ էութեան, իշխանութիւնները որդեգրել են ներքաղաքական խնդիրներն իրաւական մահակով լուծելու գործելակերպը:
Կարդացեք նաև
Ընդ որում, ժողովրդական բնոյթ ստացած շարժման օրերից նոյն ուժը մշտապէս ոտնահարել է օրէնքը: Պատահական չէ, որ երկրի վարչապետի ղեկավարութեամբ իշխող ուժի ոտնձգութիւնների ու կամայականութիւնների թիրախում բազմիցս յայտնուել է դատական համակարգը, երբ չի ենթարկուել իշխանութեան հլու կամակատարը լինելու պահանջին: Նոյն տրամաբանութեամբ եւ տարբեր պատճառաբանութիւններով դատաւորներ են հեռացւում ընթացող դատավարութիւններից, նոյն տրամաբանութեամբ ցանկալիներով փոխարինուեց Բարձրագոյն դատական խորհրդի նման կարեւոր ինսթիթութի կազմը եւ այդ նոյն տրամաբանութեամբ դատական համակարգի գլխին կախուած է մնում, այսպէս կոչուած, Վեթինկի (անհատական վարքի ու գործունէութեան քննութեան) սուրը, չհաշուած այն, թէ քանի անգամ է վարչապետ Փաշինեանը ամենակոշտ որակումներով ու սպառնալիքներով արտայայտուել դատաւորների հասցէին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Դրօշակ» թերթի այս համարում