Վերջին շրջանում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ակտիվացումների եւ երեկվա դիվերսիոն փորձի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է ՀՀ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի եւ ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ:
Գաբրիել Բալայանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ նախնական տվյալներով՝ հակառակորդը շատ մեծ խմբով չի եղել: «Առնվազն 1 զոհ ունեն, որի մասին իրենք էլ են հայտարարել: Մնացածն ընթացքում կհայտարարվի»,- եզրափակեց Բալայանը:
– Պարոն փոխնախարար, սպասելի՞ էր հայկական կողմի համար ադրբեջանական զինուժի այս մարտավարությունը եւ հնարավոր դիվերսիան:
– Միշտ սպասելի է, որովհետեւ ժամանակ առ ժամանակ նման փորձեր լինում են: Բայց որեւիցե անգամ հաջողության չեն հասնում: Ես միշտ ասել եմ, որ ցանկացած պարագայում հակառակորդի կողմից որեւիցե զորավարժություն, որեւիցե գործողություն կատարելը չի ազդում մեր մարտունակության վրա: Վերջին գործողությունը դրա վառ ապացույցն է: Իրավիճակի հսկողությունը լիովին հայկական կողմի տիրապետության ներքո է:
Կարդացեք նաև
– Ո՞րն է պատճառը, որ վերջին օրերին հենց Տավուշի մարզի ուղղությամբ են այսպես ակտիվացել:
– Այնտեղ մարտական հերթապահություն իրականացնում է ոչ թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այլ սահմանապահ ծառայությունը: Ես կարծում եմ, որ այնտեղ են փորձում իրենց «դրսեւորել», քանի որ ճակատի այլ մասում սահմանապահ ծառայությունը իրենց «հերոսացնելու» հնարավորություն չունի: Իջեւանի հատվածն իրենց սահմանապահ ծառայությունն է պահում, եւ կարծում եմ, որ պետք է համապատասխան վերլուծություն արվի, թե արդյո՞ք իրենց այդ գործողությունները պաշտպանական բնագավառի իրենց լիազոր մարմնի հետ համաձայնեցված են, թե՞ ոչ:
– Նկատելի էր, որ հակառակորդն օգտագործում է գերմանական արտադրության «Վալլոն» ականորսիչ: Նախկինում երբեւէ եղե՞լ է, որ նրանք գերմանական արտադրության տեխնիկա օգտագործեն:
– Այդ հարցին չեմ կարող պատասխանել, նման տեղեկության չեմ տիրապետում:
– ՀՀ ՊՆ-ն սրանով պայմանավորված քայլեր ձեռնարկելո՞ւ է:
– Մեր գործողությունները պլանավորված չեն հակառակորդի գործողությունների հետ: Մեր գործը անընդհատ զգոն լինելն է, ինչպես նաեւ մարտական պատրաստության աստիճանի բարձրացումը: Այսինքն՝ մենք միշտ պատրաստ պետք է լինենք ու այդ ուղղությամբ էլ գնում ենք, որպեսզի կարողանանք նման ցանկացած սանձարձակ գործողության հակահարված տալ, որպեսզի համապատասխան առավելություն ձեռք բերելու ցանկություն հակառակորդի մտքով չանցնի: Դա վերաբերվում է ոչ միայն նման դիվերսիոն գործողություններին, այլեւ մնացած գործողություններին, որոնք իրականացվում են շփման գծում:
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում