Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը բալանսը գտնելն է

Մարտ 07,2020 10:00

Ոչ մի ծայրահեղություն երբեք որեւէ լավ բանի չի հասցրել: Հասարակական եւ անձնական կյանքի ոլորտներում ամենաճիշտ մոտեցումն է, իմ կարծիքով, պահպանել բալանսը, հավասարակշռությունը: Ընդհանուր առմամբ ընդունել հեղափոխությունը, բայց այդ նույն հեղափոխությունը չդարձնել ցանկացած այլախոհություն մերժող պետական կրոն, որի «մաքրությունը» ստուգվում է իշխանության կողմից նշանակված «հավատաքննիչների» կողմից: Անկախ նյութական վաստակից, ապրել համեստ, առանց ավելորդ ճոխությունների, բայց չդառնալ մոլեռանդ ճգնավոր, քանի որ ճգնավորությունն էլ, ի վերջո, նույնպես կարող է անհամեստության եւ ցուցամոլության դրսեւորում լինել:

Պարբերաբար լվանալ ձեռքերը, բայց չդառնալ մտասեւեռված մաքրամոլ, որն իր չափազանցված պահանջներով փչացնում է իր սեփական եւ իր մերձավորների կյանքը:

Մեր հասարակության համար բավականին զգայուն թեմաների՝ գենդերի, սեռական կողմնորոշման, ազգային ինքնության հարցերում նույնպես անհրաժեշտ է պահպանել բալանսը: Թեմային անդրադառնալու առիթն է վերջերս հայաստանցի լրագրող Լյուսի Քոչարյանին «Խիզախ կին» մրցանակին արժանացնելը՝ մրցանակ, որը Լյուսիին եւ այլ երկրների մի շարք այլ կանանց Վաշինգթոնում հանձնեցին ԱՄՆ պետքարտուղարը եւ առաջին տիկինը: Լրագրողը պարգեւատրվել է «Բռնության ձայնը» շարքի համար՝ նա հրապարակել էր բռնության մի քանի հարյուր պատմություն, հիմնականում՝ կանանց հանդեպ, ինչի համար արժանացել էր հասարակության, մեղմ ասած, ոչ միանշանակ վերաբերմունքին: Գյումրիում վերջերս տեղի ունեցած բռնության սահմռկեցուցիչ դեպքի ֆոնին թեման բարձր հնչեղություն ստացավ:

Այստեղ, իհարկե, պետք է մերժել առաջին հերթին պահպանողական, «քյարթուական» ծայրահեղությունը՝ «բա տղամարդ ա, բա մի հատ էլ կապտակի, երեւի, կինն էլ խելոք չի մնացել»: Հետաքրքիր է, որ նման քարանձավային մոտեցումը պահպանվել է Հայաստանի ոչ միայն հետադիմական ընտանիքներում, այլեւ երբեմն բարձրաձայնվում է նաեւ մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում: Բռնությունը երբեք եւ ոչ մի պարագայում չի կարող արդարացվել:
Բայց կա նաեւ արեւմտյան ծայրահեղացված «պոլիտկոռեկտ» մոտեցում, որը դոգմատիզմի մեկ այլ տեսակ է: Ըստ այդմ, ցանկացած ինքնություն՝ ազգային, կրոնական, սեռական՝ ինքնին խնդիր է ներկայացնում: Այստեղ նույնպես կարելի է հասնել զավեշտալի անհեթեթությունների, որոնց տակից հետո դժվար կլինի դուրս գալ:

Այդ անհեթեթությունները շեշտելու եւ բացահայտելու համար ամերիկացի երեք գիտնականներ (որոնցից մեկն, ի դեպ, Փորթլենդի համալսարարանի փիլիսոփայության պրոֆեսոր Փիթեր Բոգոսյանն է) տարիներ շարունակ, հանդես գալով ծածկանուններով, սոլիդ գիտական ամսագրերում հրապարակում էին ի սկզբանե անհեթեթ «գիտական» հոդվածներ, որոնք ծայրահեղացնում, զավեշտի էին վերածում պոլիտկոռեկտությունը: Օրինակ, աշխատություններից մեկում հեղինակն «ամենայն լրջությամբ» գալիս էր եզրակացության, որ տղամարդկանց պետք է դաստիարակել շների նման: Իսկ մյուսում՝ որ պետք է ստիպել «սպիտակամորթ» ուսանողներին դասախոսությունների ժամանակ շղթայված նստել գետնին՝ որպես պատիժ իրենց նախնիների հաստատած ստրկատիրական կարգերի համար: Գիտական ամսագրերը այդ ամենը լուրջ էին ընդունում եւ հոդվածները հրապարակում էին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031