Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես շահել կորոնավիրուսի դեմ պայքարում զբոսաշրջային ոլորտում

Մարտ 07,2020 14:00

Օրերս Հայաստանի կառավարությունը վերանայեց Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումը՝ կապված կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացով: Սահմանափակումը երկու շաբաթով երկարաձգվեց մինչեւ 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ։ Սա նշանակում է, որ Նովրուզին՝ իրանական Ամանորին (մարտի 21-ին նախորդող ու հաջորդող օրերը), իրանցի զբոսաշրջիկների այցելություններ չեն լինի: Իսկ սա նշանակում է բացասական ազդեցություն կլինի Հայաստանի տնտեսության, հատկապես առեւտրի, ծառայությունների, սպասարկման եւ հյուրանոցային, վարձակալությամբ տրվող բնակարանների բիզնեսի վրա:

Տուրիզիմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, թեեւ նշում է, որ այո, բացասական ազդեցություն կլինի, սակայն լավատեսական է տրամադրված, ասում է՝ Իրանի հետ սահմանը փակելու գործընթացից կարելի է նաեւ շահել ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարում, այլեւ զբոսաշրջային ոլորտում:

Առանց կորոնավիրուսի էլ, 2017-ից հետո Իրանից Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների անկում էր գրանցվում: Օրինակ՝ 2017-ին Իրանից Հայաստան 220 հազար զբոսաշրջիկ է այցելել, 2018-2019-ին՝ 160 հազար: Ապրեսյանը թվեր է ներկայացնում՝ 2017-ի 1-ին եռամսյակում, որի մեջ մտնում է նաեւ Նովրուզի շրջանը, Իրանից այցելությունը եղել է 45 հազար, 2018-ին՝ 48 հազար, չնայած տարեկան ցուցանիշով անկում է գրանցվել, Իրանում տնտեսական վիճակը լավ չէր: 2019-ի 1-ին եռամսյակում Իրանից 27 հազար այցելու է եղել:

«Այս ամենը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ Նովրուզի հետ կապված կարող էինք ունենալ մոտ 20 հազար այցելություն, եւ եթե այդ ժամանակաշրջանում իրավիճակը չկարգավորվի, ուրեմն մենք չենք ունենա սպասվող մոտ 20 հազար զբոսաշրջային այցելություն»,-ասում է Ապրեսյանը: Նրա կարծիքով՝ մենք առաջին հերթին պետք է դիտարկենք ՀՀ-ում հանրային առողջության անվտանգության ապահովության միջոցառումը, հետո մտածենք՝ ինչ տնտեսական վնաս ենք կրել եւ այլն. «Բացի դրանից, եթե այս միջոցառումը չանեինք, սահմանը չփակեինք, ավելի մեծ վնաս կունենայինք աշխարհի այլ երկրներից այցելությունների տեսանկյունից. նրանց մոտ վախն ու զգուշավորությունը Հայաստան գալու մեծ կլիներ: Օտարերկրացիները գիտեն, որ Իրանը, Իտալիան եւ մի քանի այլ երկրներ այդ վիրուսի տարածման վտանգավոր երկիր են, եւ եթե Հայաստանը չի փակում սահմանը, ապա նրանք կմտածեն, որ եթե Իրանում կա, իսկ Հայաստանը սահմանը չի փակել, ուրեմն Հայաստանում էլ կլինի վիրուսը: Այնպես, որ սահման փակելը ճիշտ էր նաեւ աշխարհին որպես անվտանգ երկիր ներկայանալու տեսանկյունից»:

Մեկ իրանցի զբոսաշրջիկը, ըստ Ապրեսյանի, մեկ այցելության ժամանակ միջինը 1000 դոլար է ծախսում, Նովրուզին այցելության շրջանում նվերներ են գնում, սովորականից ավել են ծախսում: Այս իմաստով, ինչպես Ապրեսյանն ասաց, ֆինանսական վնաս, իհարկե, կլինի:

Իրանից Հայաստան եկած մեր հայրենակիցները կորոնավիրուսի վարակի կասկածով Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցում են՝ կարանտինային շրջանում, նրանցից շատերի մոտ թեստը բացասական է եղել, վարակի վտանգ չկա: Բայց այդ ընթացքում, հայտարարություններ էին լինում, թե Ծաղկաձորից շատ զբոսաշրջիկներ վախից ժամանակից շուտ հեռանում էին, չեղարկում ամրագրումները: Ապրեսյանն էլ ունի նման տեղեկություններ, բայց գտնում է, որ այդ հարցում մերոնք խելամիտ են վարվել. «Նման հայտարությունները հիմնազուրկ են, որովհետեւ կարանտինը բոլոր տեղերում կարանտին է, այդ մարդիկ տարածքից դուրս չեն գալիս, սարի գլխին մի հյուրանոցում են: Եթե Երեւանի մի կլինիկայում պահեին՝ Երեւանի փողոցներ դուրս չէի՞ն գալու»:

Ապրեսյանն ասում է՝ նրանց հյուրանոցում մեկուսացնելը լավ միտք էր եւ նույնիսկ դրա ճիշտ ներկայացման դեպքում մեր երկրի համար գովազդ կարող է դառնալ՝ մարդասիրական մոտեցում է: Այս իմաստով կորոնավիրուսի համաշխարհային վախի դեպքում, կարելի է շահել, ինչպես Ապրեսյանն է ասում, եթե աշխարհին ճիշտ ներկայացվի, թե ինչպես է Հայաստանը կանխարգելում վիրուսի տարածումը եւ երկրում դրական ցուցանիշներ գրանցում:

Աշխարհի տարբեր երկրներում չվերթների, հյուրանոցների ամրագրումների չեղարկումներ են լինում, Հայաստանում՝ նույնպես: Ապրեսյանն առաջարկում է՝ որպեսզի զբոսաշրջային ինդուստրիան շատ չտուժի, պետք է պետություն-մասնավոր հատված միասին քննարկեն, թե՝ իրավիճակից դուրս գալու ինչ հնարավորություններ կան՝ հաշվի առնելով ներդրումները, վնասները. «Պետք է միասին որոշեն ինչպես դիմակայել, միջոցառումներ ձեռնարկվեն՝ ինչ-որ ձեւով մեղմել կամ հատուցել վնասը՝ բյուջեի հնարավորությունները հաշվի առնելով»:

Այդ միջոցառումներից կարող է լինել, ըստ Ապրեսյանի, հետագայում աշխարհին ավելի լավ մարկեթինգային միջոցառումներով ներկայանալը, ասենք՝ ներկայացնելով իրական վիճակը, մանավանդ որ վիրուսից ազատվում ենք. «Ցույց տալ աշխարհին, որ մեր երկիրն այդ առումով լավ վիճակում է: Գուցե պետք է քննարկել հարկային արտոնությունների մասին, կամ լրացուցիչ միջոցներ ներդրվեն երկիրն ավելի լավ ձեւով ներկայացնելու, գովազդելու առումով, որը աջակցություն կլինի ոլորտին»:

Ապրեսյանը հիշեցնում է թռչնի գրիպի տարածման ժամանակշրջանը՝ այդ ընթացքում շատ երկրներում զբոսաշրջության ոլորտում անկում եղավ, բայց հետո այցելությունները սովորականից ավելի շատ եղան. «Ես հույս ունեմ, մեր երկրում 1- 2 ամիս կտեւի այս իրարանցումը եւ կվերականգնվեն այցելությունները, ու դրանք, ինչպես փորձն է ցույց տալիս, ավելի մեծ թափով կլինեն»:

2019 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 միլիոն 894 հազար 377, այն 2018-ի համեմատ 14.7 տոկսով ավելի է եղել: Արդյոք այս տարի վիրուսի վտանգով պայմանավորված զբոսաշրջային այցելության զգալի անկում կլինի. մեր այս հարցին ի պատասխան Ապրեսյանն ասում է. «Ես նման վատատեսական կանախատեսում չէի անի, հակառակը, կարծում եմ 2 ամսից ամեն ինչ կհանդարտվի, եւ տարեկան ցուցանիշը պետք է որ նվազ չլինի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031