Լրահոս
Օրվա լրահոսը

49-ամյա Հարիսոնի «ջահել» տարիքը խանգարեց նրան, որպեսզի դատախազ նշանակեին

Մարտ 07,2020 13:30

Հարցազրույց ԽՍՀՄ քաղբանտարկյալ, գրող, հրապարակագիր Մերուժանի հետ

-Նախորդ օրը Ազգային ժողովում քննարկման էր դրվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում էր դատավորի նշանակման տարիքային շեմը 28-ից 25-ի իջեցնել եւ սահմանել 3 տարվա աշխատանքային ստաժ՝ 5-ի փոխարեն: Կային տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:

– Ամենից առաջ ցանկալի եմ համարում անդրադառնալ այն կարեւոր հարցին, որի շուրջը ծավալվող բանավեճերը օրերս ԱԺ-ում տեղի ունեցան, նորովի մեկնաբանություններ ստացան, որոնցից եւ ոչ մեկը չի հնչում արժանահավատ եւ համոզիչ: Հարցը վերաբերում է դատավորների նշանակման տարիքային ցենզին ու փորձառությանը, այսինքն, դրանք պետք է լինեն 25 տարեկան նշանակված դատավոր, եւ՝ 3 տարվա փորձառություն ունեցող իրավաբան: Զարմանալին այն է, որ այսքան արատավոր անցյալ ունեցող դատարաններից հոգնած մեր հասարակությունը երազում է ունենալ բարձր մակարդակի իրավաբանական գիտելիքներ ունեցող, բարեխիղճ, քաղաքացիական կեցվածք ու կենսամտածողություն ունեցող փորձառու դատավոր, ումից կարելի է ակնկալել պատշաճ արդարադատություն: Ինչ վերաբերում է տարիքային խմբին, ապա հիշեցնեմ մի դեպք ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում դատախազ Հարիսոնի նշանակման ժամանակ, առաջին դեպքում առաջարկը մերժվեց միայն այն պատճառով, որ դեռ չէր լրացել մեծ իրավաբանի 50 տարին: Մեկ տարի անց միայն նա արժանացավ դատախազի աթոռին:

Ինչպես գիտենք, իրավագիտությունը ենթադրությունների գիտություն է՝ հենված պատմական կամ ժամանակակից որեւէ փաստի վրա, ինչի մեկնակետում հանգուցալուծվում է այս կամ այն վճիռը, դատավճիռը, որոշումը:

Պատմական ակնարկի կարգով հիշեցնեմ եւս մի դեպք: Ժամանակին Հռոմի պրեֆեկտ Տիգելինոսը պահանջում է Գայոս Կրատոսից ձեւակերպել իրավագիտություն հասկացության ֆորմուլան եւ ստանում է հետեւյալ պատասխանը. «Դեպքերի հաճախականությունը ստեղծում է ավանդույթ: Ավանդույթը ծնում է օրենք: Օրենքը սահմանում է իրավունք»: Այս պատմական եզրահանգումը հիմք է դարձել ոչ միայն հռոմեական, այլեւ համաշխարհային իրավագիտության բովանդակության մեջ: Սա է վերջնահանգույց որոշումը իրավաբանության մեջ:

Ի լրումն արդի ամերիկյան իրավամտածողության, կա մեկ այլ ձեւակերպում. «Նախքան դատական մարմին դառնալը, իրավագետը պետք է անցնի աշխատանքային փորձաշրջան նոտարական գրասենյակներում, զագսերում եւ այլ իրավաբանական շրջանակներում»: Այս դեպքում միայն նա կարող է տիրապետել քաղաքացիաիրավական հարաբերությունների եւ քրեագիտական գիտելիքներին:

Մեր ԱԺ-ում դեռեւս հում են իրավաբանների մեծ մասը, մինչդեռ նախորդ ԱԺ-ում կային բավարար չափով իրավաբանական գիտելիքներ ունեցող մարդիկ, զորօրինակ՝ Դավիթ Հարությունյանը, Արտակ Զաքարյանը եւ այլք:

Այս պայմաններում հնարավոր չեն իրականացնել այն առաջարկները, որոնք մի անգամ եւս քննարկման եւ վերլուծության կարիք ունեն:

– Մերուժան, Դուք նախկին խորհրդային դատարաններում «շփվել» եք իրավաբանների, դատավորների, դատախազների հետ, խորհրդային գուլագներում նստել նրանցից շատերի հետ: Նրանք նույնպե՞ս «ջահել» էին, բայց՝ «փորձառու»:

– Իմ քրեական գործով պատիժ իրականացնող իրավաբանները եղել են Հայաստանի Գերագույն դատարանի անդամ Էդուարդ Սիմոնյանը, եւ՝ գործով մասնակցող փաստաբան, մեր շահերի պաշտպան, պրոֆեսոր Սուրեն Արեւշատյանը, ով ժամանակին եղել է նաեւ Ե. Չարենցի դատավարության մասնակիցը, որպես փաստաբան: Ի դեպ, Սուրեն Արեւշատյանը Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արեւշատյանի հայրն էր: Նման պատկառելի անցյալ ունեցող իրավաբաններն իրենց ներկայացուցչական արտաքինով եւ աշխատանքային անցյալով ներկայացնում էին այն օրերի դատական համակարգը: Ի պատիվ նրանց ավելացնենք նաեւ, որ վերջիններս փայլուն տիրապետում էին մայրենի լեզվին, հայոց պատմությանը եւ իրավագիտությանը, ինչը հնարավորություն էր տալիս նրանց դատական պրոցեսի ընթացքում բանավիճելու:

– Երբ նշեցիք՝ տիրապետում էին մայրենի լեզվին, մտաբերեցի, որ ԱԺ-ին առաջարկվող փոփոխությունների փաթեթում պարտադիր է դատավորի համար առնվազն երկու եւ ավելի լեզուների տիրապետելը:

– Դա քմածին է եւ ծիծաղառիթ: Դեռեւս ժամանակին Պողոս Նուբարը նախապատվելի էր համարում, որ արտաքին գերատեսչության ղեկավարն առավել տիրապետի իր մայրենի լեզվին, քան՝ որեւէ օտար լեզվի, քանզի օտարազգի որեւէ լեզվի տիրապետելով՝ նրա մոտ առաջանում է թուլություն դեպի տվյալ ազգը, եւ դրանով տուժում են պետական իրավահարաբերությունները՝ դիվանագիտության մեջ:

Հարցազրույցը՝
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
06.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փառահեղ է: Մանավանդ մայրենի լեզվի իմացության մասին վերջին հարցուպատասխանը դիպուկ է և արդիական: Օտար լեզուների տիրապետումը բացառապես միջոց է, իսկ մայրենիով մտածելը՝ կարողություն: Մանավանդ 21-րդ դարում օտար լեզուների իմացությունն առաջնային արժանիք համարելը զավեշտալի գավառամտություն է: Շնորհակալություն՝ ըստ էության հարցազրույցի համար:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031