Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ որքա՞ն պետք է լացեն ու գլխատվեն ծառերը…

Մարտ 07,2020 12:30

Հենց սկզբից ասեմ, որ սույն հոդվածի համար ինձ ամեն ինչում կարելի է մեղադրել, բացի նախանձից: Նյութը, որի մասին խոսվելու է, դրա համազգային նշանակության եւ գերկարեւորության մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է, սակայն իրականացվող անտառային եղեռնի վերաբերյալ անգամ այսօրվա իշխանությունների կողմից անտարբերության մատնված քայլերի արդյունքներից պարզ է դառնում, որ մինչ այս պահը կոնկրետ, շոշափելի ոչ մի քայլ չի ձեռնարկվում, քանզի գնալով այդ շինարարություններն ավելի ինտենսիվ ու լայնածավալ թափով են շարունակվում: Թե ովքեր են դրանց շահառուները, բացարձակ կարեւոր չէ, քանզի խոսքը գնում է երեւույթի, այլ ոչ թե անձերի մասին: Իհարկե, նմանատիպ անօրինական կառույցներ շատ կան Երեւան քաղաքում, սակայն այս մեկն իր նշանակությամբ լրիվ տարբերվում է եւ անկարելի է այն մնացածների հետ դնել միեւնույն հարթության վրա, որի պատճառով էլ հերթական անգամ անդրադարձ է կատարվում հենց այս խնդրին: Թե նորանկախ Հայաստանում, մասնավորապես Երեւան քաղաքում ճարտարապետական եւ շինարարական ինչ կարգի, եւ ինչ թվով անօրինություններ են  իրականացվել ու դեռ շարունակվում են իրականացվել, անհնար է թվարկել ու ցուցակագրել, քանզի դրանք համարյա ամեն քայլափոխի են, ընդ որում՝ բացարձակապես անվերահսկելի:

Փաստացի, առայժմ Երեւանի քաղաքապետարանի կողմից այս ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները, եթե, իհարկե, այդպիսիք կան, բացարձակ հույս չեն ներշնչում եւ դրա վառ վկայություններից է Մոնումենտի այգու էլ ավելի մեծ ծավալով անապատացումը եւ հսկայածավալ շինարարության արագ տեմպերով շարունակումը: Տպավորություն է ստեղծվում, որ հարյուրամյակներ դժվարությամբ պահպանված այս գեղատեսիլ հրաշքը, որը շատ ավելին է, քան այգին, ներկա ժամանակներում կարծես թե հենց այս  նպատակին էլ պետք է ծառայեր ու վերածվեր մի շարք արտոնյալ մարդկանց համար նորակառույց թաղամասի: Եվ եթե այս թաղամասի համար դեռեւս անուն որոշված չէ, ապա առաջարկում եմ այն անվանակոչել «Մոնումենտի այգի» բնակելի թաղամաս անունով: Միայն այս օրինակը բավական է, հասկանալու համար, որ մեր քաղաքում նմանատիպ պրոցեսները երբեւէ վերջ չեն ունենալու եւ  ուզենք, թե չուզենք, այսուհետ եւս ազգիս մեջ ի հայտ կգան նորանոր արտոնյալներ, ովքեր ախորժակ կունենան տներ եւ բազմապիսի այլ շինություններ կառուցել Երեւանի կենտրոնում դեռեւս չզավթված ամեն թիզ կանաչ տարածքում: Ավելորդ եմ համարում մանրամասն խոսել Երեւանի սիրտ հանդիսացող այդ գեղատեսիլ հրաշքի մասին, քանզի յուրաքանչյուր հայ, նույնիսկ ավելին՝ հարյուր հազարավոր օտարերկրյա տուրիստներ, որոնց բախտ է վիճակվել գոնե մեկ անգամ լինելու այդ այգում, լավ գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում Մոնումենտի այգին: Գիտեն ոչ միայն նրա թթվածնային շտեմարան լինելու՝ առողջարար, այլեւ Երեւանի համար նրա անփոխարինելի հարմոնիկ նշանակության մասին: Առանց չափազանցության ասեմ, որ Երեւանն առանց այդ այգու բնավ Երեւան չէ, այլ ընդամենը բազմահազար շենքերի համակցությամբ մեկ այլ սովորական բնակավայր: Եթե արվեստի մի քանի գլուխգործոցներ կան Երեւանում, ապա չեմ վախենա ասել, որ այդ  շարքում առաջատարներից մեկը հաստատ Մոնումենտի այգին է:

Անհնար է չհամաձայնել, որ նա ոչ միայն հարյուր հազարավոր երեխաների, այլ նաեւ մեծերի՝ ոչ մեծաթիվ, ամենասիրված, եզակի այն հանգստավայրերից մեկն է, որտեղ ցանկացած մեկի զգացածն ու ապրածը բնավ նման չէ որեւէ այլ այգում ապրածին ու զգացածին: Հավանաբար, նաեւ պատահական չէ, ավելին՝ խիստ օրինաչափ է այն հանգամանքը, որ ժամանակին այգու դիրքն այնպես է ընտրվել, որ եթե ուզում ես Երեւանն իր հմայքների մեջ ամբողջական ու լրիվ զգալ ու տեսնել, ապա դա հնարավոր է միայն այդտեղից: Մտածում, վերլուծություններ եմ անում ու ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է ձեռք բարձրացնել այդ այգու թեկուզ մեկ ծառի կամ թփի վրա, եթե անգամ Երեւանի ողջ տարածքում տուն կամ հյուրանոց կառուցելու համար մեկ քառակուսի սմ ազատ տարածք մնացած չլիներ:

Միեւնույն է, լիովին անհասկանալի է, թե ինչպես կարող էր այդ ժամանակվա բարձրագույն եւ քաղաքային իշխանությունների կողմից նման  շինարարական թույլտվություններ տրվեին նման հրաշքը՝ չեմ վախենա նրան յուրահատուկ սրբատեղի անվանել, այդպես անողոքաբար ոչնչացնելու համար, քանզի այն արարվել է դարերի ընթացքում եւ ողջ ժողովրդի մասնակցությամբ իրականացված նուրբ աշխատանքի արդյունքում: Մի՞թե այդ մարդիկ, ում վստահված  է եղել երկրի եւ քաղաքի կառավարումը, ոչ մի կաթիլ խղճի խայթ չեն ունեցել: Ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում այդ արարքի եւ այն բանի միջեւ, որ այդ մարդիկ թույլտվություն ստանային եւ Երեւանի որեւէ գեղատեսիլ վայրում գտնվող գերեզմանոցում քանդեին գերեզմանները եւ դրանց տեղը հյուրանոցներ ու տներ կառուցեին: Կարծում եմ, ասվածը շատ ավելին է, քան վանդալիզմի ցանկացած դրսեւորում:

Հենց այստեղ տեղին է նշել, որ մեր ժողովուրդն արդեն տարիներ շարունակ բարձրաձայնում եւ ամենավերջին լուտանքներն է թափում Նախիջեւանում եւ այլ նախկին հայկական բնակավայրերում թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից հայկական գերեզմանների եւ արվեստի այլ կառույցների ոչնչացման ու դրանց պղծման առնչությամբ, մեսիջներ ուղարկում ամբողջ աշխարհին, որ այ, տեսեք, թե ադրբեջանցիներն ինչպես են ոչնչացնում մեր պատմական արժեքները, մոռանալով, որ հենց այս օրերին ոչ պակաս սրբապղծություն ու եղեռն է տեղի ունենում մեր քթի տակ՝ Մոնումենտի այգում: Որն է տարբերությունը…:

Երկու դեպքում էլ՝ գերեզմանաքարեր, արվեստի կառույցներ, թե ծառեր ու թփեր, երկուսն էլ անլեզու ու անպաշտպան են ու ընդամենը կարող են լուռ լացել: Ստացվում է, որ եթե նույնատիպ մի բան անում են թուրքերը, ապա կարելի է աշխարհով մեկ հիստերիա բարձրացնել, իսկ եթե անում են հայերը, ապա կարելի է անգամ չնկատելու տա՞լ: Ինչ է, սա՞ ենք  մենք…:

Համոզված եմ, որ որեւէ բանական մարդու ուղեղում չի կարող տեղավորվել այն իրողությունը, որ կարելի է նման գնով օջախ կառուցել եւ փորձել այնտեղ ապրել: Հասկանում եմ նաեւ, որ մեր կյանքում բազմաթիվ ու բազմապիսի աբսուրդներ կան, սակայն այս մեկը աբսուրդների աբսուրդն է: Այնպես չէ, որ մեր քաղաքը շատ մեծ է եւ մարդիկ չգիտեն կամ երբեւէ չեն իմանալու, թե ովքեր են այդ կառույցների տերերը: Այն, ինչ արդեն արվել է եւ դեռ այսօր էլ շարունակվում է, ոչ ագահություն է, ոչ չտեսություն, ոչ էլ մնացածներից տարբերվելու կամ բարձր երեւալու մոլուցք, այդ երեւույթն ուղղակի անուն չունի եւ պետք է լրջորեն մտածել արվածին ճիշտ անուն տալու մասին:

Այս պարագայում ծառերը հար նման են անպաշտպան եւ անօգնական երեխաների եւ զարմանալին այն է, որ մի բան է, երբ կոտորած անողներն անխղճորեն բնաջնջում են անմեղ երեխաներին ու ցավ չեն ապրում, մեկ այլ բան է, երբ այդ ամենն օրը ցերեկով կատարվում է Երեւանի ողջ բնակչության աչքի առջեւ, իսկ նրանց կողմից քար լռությունն է թեւածում եւ ոչ մի միջամտություն, կարծես ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, այլ ընդամենը հերթական սրբատեղիի շինարարությունն է ընթանում: Ստացվում է, որ այս ժողովուրդն ու իշխանությունն այնքան են բթացել, որ թմրամոլի կեցվածքով անտարբեր անցնում են իրենց երեխաներին մորթողների կողքով ու ցավի նշույլ անգամ չեն ապրում: Մի պահ մտովի տեղափոխվում եմ Մեծ եղեռնի օրերն ու մտածում, որ այն ժամանակ եւս հենց այսպես էլ եղել է. թուրքերը ամեն հերթական հային մորթելիս վախի զգացումով սպասել են, որ ուր որ է, ամբոխը կհարձակվի իրենց վրա, կզինաթափի եւ կսկսի իրենց կոտորել: Բայց ապարդյուն, նրանց «հույսերն» այդպես էլ չարդարացան, քանզի հոտն ընդամենը լուռ, ծպտված սպասում էր մորթվելու իր հերթին եւ որեւէ մեկի  դեմքին անգամ դժգոհության կամ վրեժի արտահայտության նշույլ չկար: Զարմանալ կարելի է, որ մեկ դարը բավական չեղավ հասկանալու համար, որ հոժարակամ մորթվելն ամոթալի բան է, որ անհամեմատ ավելի լավ է կռվել ու մեռնել, քան անիմաստ մորթվել…

Պետք է միշտ հիշենք, որ ինչպես մեր երեխաները, ծառերը նույնպես Տիրոջ արարչագործությունն են, երկուսն էլ անպաշտպան ու անօգնական են եւ մեծերի կողմից մշտապես խիստ հոգածության կարիք ունեն: Նվազագույնը անբնական ու անհասկանալի է, որ մի՞թե մարդկային խիղճը լիովին մեռել է անգամ սեփական  երեխաների նկատմամբ եւ բթամտությունն այնքան է խժռել բոլորին, որ չեն տեսնում, որ մորթվելու հերթն արդեն իրենցն է…

Անկեղծ ասած, այս երեւույթն այնքան զարհուրելի է (ուղղակի որեւէ պատասխան չկա հաջորդ սերունդների տալու համար), որ նրա մասին կարելի է անվերջ խոսել եւ լոկ ափսոսանք ու ցավ ապրել…

Մնում է սպասել, թե հեղափոխական իշխանություններն այս հարցին ինչպիսի լուծում կտան…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
06.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031