Լրահոս
Օրվա լրահոսը

Անձրեւոտ… բաժանում

Մարտ 07,2020 12:00

…Հեռավոր հուշերի մի փողոց, անմոռաց վայրկյաններ, որ ակնթարթի պես սահեցին, անցան ու գնացին: Որքան լավ էր ամեն ինչ, որքան պայծառ ու ժպտերես էր արեւը, որքան խորհրդալից էին փայլում աստղերը: Երկնքում էի` նոր սեր գտածի անափ երջանկությամբ լիուլի լցված: Եվ հանկարծ…

Բաժանումը բնավ մեր կամքով չէր: Ոչ էլ, առավել եւս, մեր ցանկությամբ կամ մեր սրտով: Պարտադրվա՞ծ էր… Միգուցե: Համենայնդեպս, մենք ստիպված էինք մնաս բարով ասելու միմյանց: Բաժանում, որ գոնե ինձ համար հավասարազոր էր հեքիաթիս աշխարհը փուլ գալու, կառուցածս սիրո շքեղաշուք դղյակը կործանելու հետ: Ապրե՞լ… Ինչպե՞ս, ինչի՞ համար, ի՞նչ իմաստ…

Նրան տուն էի ճանապարհում` վախենալով այն մտքից, որ վերջին, վերջի՜ն անգամ եմ դա անում: Անձրեւ էր, հոգեմաշ, սառնաշունչ ու երկարատեւ անձրեւ: Տխրությունը խեղդում էր ինձ: Մտքովս, չգիտես` որտեղից որտեղ, արեւմտահայ «հիվանդ, հանճարեղ պատանու» հետեւյալ տողն անցավ` «Անձրեւ կիջնա հոգվույս մեջ»… Չէի ուզում, բայց վերջին պահին գլուխս դուրս հանեցի ավտոմեքենայի պատուհանից, որպեսզի նրան թվար, որ այտերիս անձրեւի կաթիլներ են, այլ ոչ թե արցունքի շիթեր…

Մնացի մենակ ու լքված ամայի, անձրեւոտ փողոցում: Այդ օրն իմ մաշկի վրա զգացի, թե ինչպես է բարձրաձայն ողբում ջահել սերը կորցրած ինձ պես հասուն տղամարդը… Ներսս թաց էր, ներսս ցուրտ էր, եւ դրանից առավել որբացած էր զգում հոգիս: Որբացած հոգիս, որ ողբում էր անդարձ կորած սիրո մասին…

Ապրեցի, ապրում եմ ու պիտի ապրեմ…

Ինչ էլ որ լինի` չեմ կարողանում մոռանալ իմ հասուն տարիքի ջահել սերը, որ ինձ երկինք տարավ իր թեւերով, բայց եւ կես ճանապարհին ստիպեց ուղիղ նայելու ճշմարտության աչքերին: Առերեսվելու դառն ու դաժան իրականության հետ, ինչն ինձ թեւաթափ արեց` կոտրելով հոգուս թռիչքը…

Հեռավոր, անդարձ կորած իմ սեր, իմ արեւ, իմ լուսին…

Գրիգոր ԾԱՏՈՒՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031