ԵՄ արտգործնախարարները, որոնք Զագրեբում քննարկել են Սիրիայում, մասնավորապես Իդլիբում ստեղծված իրավիճակը, ռազմական գործողությունների անհապաղ ապաէսկալացման կոչ են արել:
Արտաքին գործերի հարցերով ԵՄ խորհրդի հայտարարության համաձայն՝ Իդլիբում սիրիական ռեժիմի և վերջինիս կողմնակիցների՝ այդ թվում Ռուսաստանի շարունակվող հարձակումը հանգեցրել է մարդասիրական ամենավատ ճգնաժամին՝ սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր:
Խորհուրդը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և կայուն հրադադարի ռեժիմ պահպանել: Հայտարարության մեջ նաև նշված է, որ թեպետ Եվրամիությունը ընդունել է այս տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների ներկայության փաստը, որոնք ներառված են նաև ՄԱԿ-ի ցուցակում, բայց սիրիական ռեժիմի և վերջինիս կողմնակիցների կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների ավիրումը չի կարող արդարացվել ոչ մի հանգամանքով: «Մենք աջակցում ենք ԵՄ դիրքորոշումը, որի համաձայն մարդկության դեմ հանցագործություն կատարածները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ արտգործնախարարները սիրիական ռեժիմին բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ են արել և վերահաստատել են իրենց աջակցությունը սիրիական պետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը:
Կարդացեք նաև
Բացի այդ Եվրամիությունն անհանգստություն է հայտնել Թուրքիայի և Հունաստանի սահմանին ստեղծված ճգնաժամային իրավիճակի կապակցությամբ՝ կապված փախստականների խնդրի հետ և կոչ է արել Անկարային փախստականների հարցը չօգտագործել քաղաքական նպատակներով: «Եվրամիությունը և վերջինիս անդամ երկրները լի են իրենց արտաքին սահմանները պաշտպանելու վճռականությամբ: Սահմանի անօրինական հատումները չեն հանդուրժվելու: Այս կապակցությամբ ԵՄ-ն և անդամ պետությունները ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցները»,-ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ