Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու 102-րդ ռազմաբազայի դեմ հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին․ ռուս զինծառայողին դատարան չեն բերում

Մարտ 06,2020 21:21

Գյումրու Սլաբոդկա թաղամասում աշխատանքի գնալու պահին Ջուլիետա Ղուկասյանին դաժանաբար ծեծելով սպանելու մեջ ամբաստանվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի դատավարությունն այսօր ևս հետաձգվեց․ 102-րդ ռազմաբազայում պահվող ամբաստանյալին այդպես էլ դատարան չեն բերում։ Այս անգամ նիստին չէր ներկայացել նաև մեղադրող կողմը։

 Հիշեցնենք, որ ռուսական կողմը ՀՀ կառավարությունից անվտանգության երաշխիք է պահանջում Անդրեյ Ռազգիլդեևին և նրան ուղեկցող անձանց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ տեղափոխելու համար։ Նախորդ դատական նիստին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի իրավաբանական բաժնի ղեկավար, փոխգնդապետ Ալեքսանդր Գլադիշչևը դատարանին ներկայացրեց ռազմաբազայի փաստաթուղթն առ այն, որ ռուսական կողմը ռազմաբազայում պահվող Անդրեյ Ռազգիլդեևին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ կտեղափոխի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հրամանից հետո՝ ՀՀ կառավարության կողմից ամբաստանյալի անվտանգության մասին գրավոր երաշխիք ստանալուն պես։

Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Հայկ Հակոբյանն այսօր դատարանին միջնորդություն ներկայացրեց միջոցներ ձեռնարկել վերացնելու ռազմաբազայի կողմից արդարադատության խոչընդոտումը։ Նա նշեց, որ Անդրեյ Ռազգիլդեևիի և նրան դատարան ուղեկցող անձանց համար անվտանգության երաշխիք պահանջելով՝ ռուսական ռազմաբազան գործում է Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության ու Սահմանադրության պահանջներից դուրս, խախտում է հայ-ռուսական համաձայնագրի նորմերի պահանջները, նման վարքագծով խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության տարածքում արդարադատության իրականացմանը։

«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գտնվող այս քրեական գործով ամբաստանյալ Ռազգիլդեևին դատարան չներկայացնելով և նրա ու ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովելու գրավոր երաշխիքներ ներկայացնելու պահանջով հանդես գալով՝ ռուսական ռազմաբազան խոչընդոտում է դատարանի գործունեությանը և դիտավորությամբ չի կատարում դատարանի օրինական պահանջը Ռազգիլդեևին դատարան ներկայացնելու վերաբերյալ»,-ասաց Հայկ Հակոբյանը։

Նիստը նախագահող դատավոր Ադրինե Ղուկասյանն ասաց, որ մեղադրողը չի ներկայացել, նրա կարծիքը լսելը ևս պարտադիր է։ Ըստ դատավորի, միգուցե մեղադրողը միանա միջնորդությանը և առաջարկի, թե որ մարմիններին դիմեն։ Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը։

Հայկ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ռազմաբազայի պահանջը մեկ անգամ ևս որակեց ոչ իրավաչափ։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ ծանր հանցագործություն թույլ տված անձին իր պաշտպանության և վերահսկողության տակ վերցնելով՝ ռազմաբազան չի ցանկանում ամբաստանյալին հասցնել դատարան, և նման վարքագծով թե՛ ռազմաբազան, թե՛ ռազմաբազայի հրամանատարությունը գործում է Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության և Սահմանադրության պահանջներից դուրս։ Նման վարքագծով փաստացի խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության դատական ատյանում իրականացվող արդարադատությանը, փաստացի ռազմաբազայի հրամանատարությունը չի կատարում դատարանի օրինական պահանջը»։

Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնողն ասաց, որ ռազմաբազայի գործողությունները բացառապես ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ են պարունակում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, իրենք փետրվարին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Գլխավոր դատախազությունից դեռ պատասխան չեն ստացել՝ չգիտեն քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, կամ ի՞նչ որոշում է կայացվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031