Եվրոպայի Խորհրդի 47 անդամ երկրների ներկայացուցիչները մարտի 3-ից 5-ն ուսումնասիրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքն ու վիճակը: ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Բոսնիային և Հերցեգովինային, Բուլղարիային, Վրաստանին, Թուրքիային, Ուկրաինային և մի շարք այլ երկրների:
Եվրոպայի Խորհուրդը, ուսումնասիրելով Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակը, անդրադարձել է մասնավորապես երկու գործի՝ «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Վիրաբյան խումբն ընդդեմ Հայաստանի»:
ԵԽ հաղորդագրության համաձայն՝ «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը եվրախորհրդարանականները կքննեն առաջիկա նիստերից մեկի ժամանակ:
Անդրադառնալով «Վիրաբյան խումբն ընդդեմ Հայաստանի» գործին (Գանգատ թիվ 40094/05)՝ խորհրդարանականները hիշեցրել են, որ գործը վերաբերում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների սուբստանտիվ և ընթացակարգային խախտումներին՝ ոստիկանությունում գտնվելու ժամանակ դիմումատուների մահվան կամ խոշտանգումների և միջադեպերի արդյունավետ քննության բացակայության կապակցությամբ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է անհատական միջոցառումներին, ապա նշվում է, որ խմբի բոլոր գործերի քննության արագ վերաբացումը չափազանց կարևոր է, որպեսզի հանցագործության վաղեմության ժամկետը չանցնի և ապացույցների հասանելիություն լինի: Բացի այդ խորհրդարանականները դրական են գնահատել Սմբատ Այվազյանի գործով ձեռնարկած քննչական միջոցառումները: Նշենք, որ 2019թ. սեպտեմբերին ՀՀ Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009-ի դատավճիռների դեմ. 2008 թվականի նոյեմբերի 19-ի դատավճռով Այվազյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:
ԵԽ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները՝ Լևոն Գուլյանի մահվան հանգամանքները պարզելու և մեղավորներին պատժելու համար:
Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին, ապա ԵԽ-ն ողջունում է ոստիկանական տեղամասերում աուդիո և վիդեո հսկողություն սահմանելու ՀՀ իշխանությունների մտադրությունը՝ կոչ անելով գործընթացը ավարտին հասցնել նախատեսված ժամկետում:
Խորհրդարանականները հայաստանյան իշխանություններին հորդորում են հրաժարվել խոշտանգումների գործով վաղեմության ժամկետը կիրառելու փորձից: Բացի այդ, ԵԽ-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացնել՝ բռնության ենթարկված անձանց անանուն ուղղորդման վերաբերյալ և ընդունել Քրեական դատավարության նոր օրենսգիրքը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ