Լրահոս
Օրվա լրահոսը

Հանքարդյունաբերության պատճառով գյուղերը դատարկվում են, Լիդիանի ու Սպայկայի հետ տեղի ունեցածն էլ՝ ներդրողներին վանում

Մարտ 06,2020 20:30

«Միջազգային մեծ համբավ ունեցող «Լիդիան» ընկերությունը, երկու տարուց ավելի, չունի որեւէ կանխատեսելիության հեռանկար՝ ի՞նչ է իրեն սպասվում այս երկրում: Բիզնեսի կանխատեսելիության առումով ինչպիսի ազդակ ենք մենք ուղարկում այն բիզնեսմեններին, որոնք մտադրություն ունեն բիզնես իրականացնել Հայաստանում»,-այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի  նախաձեռնած սոցիալ-տնտեսական թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նոր իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներին անդրադառնալով ասաց. «Ի՞նչ տեղի ունեցավ «Սպայկա» ընկերության հետ. ղեկավարին կալանավորեցին, նրա գործունեության մեջ մի մեղադրանքի վրա, որով որեւէ զարգացած երկրում, որեւէ տնտեսվարողի չէին կալանավորի: Ըստ որոշ լուրերի, կալանավորման հիմքը ոչ թե նրա տնտեսական գործունեությունն է, այլ՝ որոշակի քաղաքական գործչի նկատմամբ  ցուցմունք կորզելու միտումը»:

Քննարկմանը ներկա Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը կարծիք հայտնեց, որ իշխանափոխությունից հետո տնտեսական կացութաձեւի փոփոխություն չի եղել, մինչդեռ առանց համակարգային փոփոխության հնարավոր չէ երկիրը հանել ճգնաժամային իրավիճակից, որի մեջ եղել է վերջին մի քանի տասնամյակում: Ըստ նրա նախ՝ պետք է կյանքի որակի ազգային չափորոշիչներ մշակել, երկրորդ՝ գույքագրում անել՝ հասկանալու համար երկրում ինչ է մնացել: Երրորդ, ըստ Արամ Գ. Սարգսյանի, պետք է ստեղծել նոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերություններ, որոնք կլինեն կառավարության աջակցության ներքո, ներդրողներին էլ ազատել շահութահարկից:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը նշեց, որ հանքարդյունաբերության հետեւանքով համայնքները լուրջ վնասներ են կրում: Ըստ նրա, հանքավայրերի շահագործման պայմանագրերը կնքվում են իշխանությունների ու ընկերությունների միջեւ առանց ազդակիր համայնքների բավարար մասնակցության, որի հետեւանքներն ընկնում են բնակչության առավել խոցելի խավի վրա:

Դավիթ Հակոբյանի խոսքով, հանքարդյունաբերությունը կարող է գյուղատնտեսության եւ բնակչության տեղահանման պատճառ դառնալ. «Սյունիքի մարզի Դաստակերտ բնակավայրը, որը 10 հազար բնակիչ ուներ, այսօր  մի քանի հարյուր բնակիչ են այնտեղ մնացել»:

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգ Թադեւոս Ավետիսյանը խոսեց կառավարության ծրագրով ներկայացրած խոստումների մասին, որոնք սակայն, ըստ պարոն Թադեւոսյանի, ցածր արդյունավետություն են արձանագրել: Ըստ նրա, խոստացել են կենսաթոշակների, աշխատավարձերի իրական աճ, կենսամակարդակի էական բարելավում, բեւեռացման մեղմում եւ ժողովրդագրական խոստումներ՝ այդ թվում բազմազավակ ընտանիքների համար. «2018-ին զբաղվածության պետական ծրագրերը թերակատարվել են 75 տոկոս, հաշմանդամություն ունեցող անձանց թիվը ծրագրերում ներգրավելու 4 անգամ է կրճատվել, աշխատանքային ռեսուրսները կրճատվել են 51 հազար 500-ով, գործազուրկների թիվը՝ 46 հազար 400, ամսական ընդամենը 1000 մարդ է աշխատանքի տեղավորվել, որից 140-ը պետական ծրագրերով: Չմոռանանք, որ այս պահին 230 հազար եւ մի փոքր ավել գործազուրկ ունենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031