Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Հիմա էլ չեմ գտնում, որ ես իրեն վիրավորել եմ. Ստեփան Սաֆարյանը՝ լրագրող Թագուհի Ասլանյանի հասցեին արված իր արտահայտության մասին

Մարտ 06,2020 20:20

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում մարտի 6-ին տեղի ունեցավ LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գործով դատական նիստը:

Լրագրողի պահանջն է վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրել և փոխհատուցում տրամադրել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտն արգելել էր մի շարք լրատվամիջոցների մասնակցությունն իր կազմակերպած միջոցառմանը՝ «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» թեմայով։ Նախօրեին ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում ազդագիր էր տեղադրել լրատվամիջոցների համար, որում մասնավորապես նշել էր, որ «News.am», «Hayeli.am», «168.am», «Yerevan Today», «7or.am», «Livenews.am» կայքերի, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների համար մուտքը փակ է լինելու:

Ստեփան Սաֆարյանը դատարանի դահլիճում հարցրեց՝ արդյոք Թագուհի Ասլանյանի պաշտպանը տեղյա՞կ է, որ իր վստահորդին զգուշացվել է լքել մասնավոր տարածքը:

Ի պատասխան լրագրողի պաշտպանն ասաց, որ տեղյակ է եղել: Հաջորդ հարցն էր՝ ինչո՞ւ է թաքցվել այդ փաստը հայցադիմումում: Պաշտպանը պատասխանեց, որ չի թաքցվել:

Ստեփան Սաֆարյանի ներկայացուցիչը դատարանի դահլիճում հայտարարեց, որ լրագրողը ներխուժել է Ստեփան Սաֆարյանին պատկանող մասնավոր տարածք, ուստի ինքն իրավունք ունեցել է պահանջել նրան լքել տարածքը:

Ստեփան Սաֆարյանի պաշտպանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ քննարկումն ավարտված է եղել, ինչը վկայում է, որ լրագրողը լուսաբանելու նպատակով չի եկել գրասենյակ: Նա ասաց, որ Ստեփան Սաֆարյանը պահանջել է, որ նա դուրս գա գրասենյակից, սակայն Թագուհի Ասլանյանը դուրս չի եկել: Այնուհետև պաշտպանը բառացի ներկայացրեց նրանց խոսակցությունը.

-Ստեփան Սաֆարյան-Ես կարո՞ղ եմ գալ նույնքան լկտի, ինչպես Դուք և ներխուժել Ձեր բնակարան:

Լրագրող-Պարոն Սաֆարյան, Դուք չե՞ք վիրավորում այս պահին լրագրողին:

Ստեփան Սաֆարյան- Ոչ, ես որակում եմ տալիս գործողությանը: Ես ասում եմ՝ լքեք տարածքը:

Լրագրող-Կներեք, լկտի ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

Ստյոպա Սաֆարյան- Մուտք գործելը:

Լրագրող- Համեցեք մեզ մոտ մեր մասնավոր տարածք:

Ստեփան Սաֆարյան- Ես չեմ կամենում, ինձ հրավերներ մի ուղարկեք ոչ սաունաների, ոչ ձեր տարածքների, տների: Դուք իմ կինը չեք, որ ինձ որևէ տեղ հրավիրեք: Իմ կինը կարող է ինձ որևէ տեղ հրավիրել:

Թագուհի Ասլանյանի ներկայացուցիչը հարցրեց՝ ի՞նչն է դրդել Ստեփան Սաֆարյանին այն գնահատողական դատողությանը, որ Թագուհի Ասլանյանը ունեցել է սադրողական մոտեցում: Ստեփան Սաֆարյանը պատասխանեց, թե լրագրողը ներխուժել է իր տարածք, որտեղ իր հրավիրած փորձագետների հետ վարել է միջոցառում և հայտարարեց. «Երբ ես ինքս ես ընտրում մասնակիցներին, երբ լրագրողը չի ենթարկվում բոլոր տեսակի զգուշացումներին, այո, ինձ իրավունք եմ վերապահում դա որակել սադրանք»:

Նրա ներկայացուցիչն էլ հավելեց. «Մինչ այդ արտահայտությունն անելը Ստյոպա Սաֆարյանը հորդորել է, որ լրագրողները լքեն տարածքը: Այնպես չէ, որ նրանք միանգամից մուտքի մոտից առաջացան, և Ստյոպա Սաֆարյանն արեց այդ արտահայտությունը»: Ստեփան Սաֆարյանն էլ իր հերթին ասաց. «Իմ պատասխանը բխել է այդ պահին անձի չիմացությունից, այն փաստերից, որ ես հանձնարարել եմ երկու աշխատակիցներիս, որ օտար անձինք ներս չմտնեն, բայց ինչ-որ մեկը շրջանցել և ներս է մտել: Հետևաբար` այդ պահվածքից է բխել իմ արտահայտությունը: Դա բացարձակ չի ունեցել դիտավորություն: Ես հիմա էլ չեմ գտնում, որ ես իրեն վիրավորել եմ: Եթե դուք օգտագործեք իմ նկատմամբ այդ արտահայտությունը, ես չեմ վիրավորվի»:

Դատավորը գտավ, որ գործի քննության արդյունավետությունից է բխում, որ միասին դիտեն հայցվորի կողմից ներկայացված տեսաերիզը, որտեղ կադրեր են ներկայացված այդ միջադեպից: Երկու կողմերը համաձայնություն տվեցին:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 31-ին՝ ժամը 14.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031