ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նաիրա Մարգարյանն ընդունել են Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը։
Հանդիպման ընթացքում շվեդական պատվիրակությունը ներկայացրել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը և առաջնահերթությունները, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել ամրապնդելու Հայաստանի հետ կապերը։ Մասնավորապես քննարկվել են SIDA-ի հետ համագործակցության հնարավոր շրջանակներն ու ուղղությունները, իրականացվելիք ծրագրերն ու հայ-շվեդական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները։
Զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտային հարցերի, մասնավորապես՝ փոքր ու միջին բիզնեսի համար ֆինանսական աջակցության գործիքներին, կապիտալի շուկայի ոլորտում իրականացվող նոր ծրագրերին և այլն: Քննարկվել են նաև ընթացիկ տարվա աշնանը նախատեսված Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի անցկացման, ինչպես նաև համաժողովին SIDA-ի մասնակցության հետ կապված հարցերը։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու հայ-շվեդական առևտրատնտեսական փոխգործակցությունը։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն