Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանի՝ ազատության մեջ հայտնվելու լուրը ծեծված փոխգնդապետի հարազատներին Երեւան է բերել: Այսօր նրանք հավաքվել էին Մուրացան հոսպիտալի մոտ՝ իրենց բողոքի ձայնն արտահայտելու:
Հիշեցնենք, որ Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանն ազատության մեջ է. Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է պաշտպանի բողոքը եւ գրավով ազատ արձակելու որոշում կայացրել։
Փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, լրագրողներին ասաց, որ այսքան ժամանակ լռել է վարչապետի ու ՊՆ նախարարի խոստումներին հավատալով. «Իմ ձենը թող հիմա լսեն, պարոն Փաշինյան, ձեզ եմ դիմում, պարոն Տոնոյան, ձեզ գրածս դիմումի պատասխանը չեմ ստացել, տղաս վեց ամիս կոմայի մեջ է պառկած, առ այսօր ոչ մի բան մինչեւ հիմա չի ձեռնարկվել, քանի որ ունենք քննչական ուժեղ մարմիններ, որոնք մարզպետին արանքից հանելու համար, տեղյակ են պահում, որ ինքը այնտեղ չի եղել:
Այսօրվա դրությամբ երկու հոգի կալանավորված էին,մնացած հինգը՝ մարզպետի գլխավորությամբ ազատության մեջ են, փոխանակ բոլորին բերեն, պատասխանատվության ենթարկեն, մի հոգուն էլ ազատում են գրավի դիմաց: Մեր դատական համակարգը կարող է առուծախի մեջ մտնել ցանկացած հանցագործի հետ, բյուջեն լցնելու համար իրենց համար մեկ է՝ ով ինչ է տալիս:Մինչեւ հիմա լռել եմ՝ մտածելով, որ պարոն Փաշինյանը ախպոր պես խոսք էր տվել, որ արդար քննություն կանեն, պարոն Տոնոյանն էլ տղամարդու խոսք էր տվել, որ այս գործը չի կոծկվի»:
Սամվել Մխիթարյանի խոսքով, գործը քննող քննիչը իրեն կանչել ու ասել է՝ մարզպետին դնենք մի կողմ, տեսախցիկները մարզպետին դեպքի վայրում չեն արձանագրել, բայց պարոն Մխիթարյանը վստահեցնում է՝ դեպքի վայրում տեսախցիկները տեղադրվել են դեպքից տասը օր հետո հենց մարզպետին արանքից հանելու նպատակով. «Աբսուրդ է, տեսախցիկը դնելու համար մարզպետարանի աշխատակիցն է զանգահարել ու ապացուցել, որ դեպքից հետո է տեսախցիկը դրվել, իսկ այդ մարզպետը տեսախցիկ դնողի աղջկան հետին թվով ընդունել է աշխատանքի»:
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։
Սամվել Մխիթարյանը իշխանություններին մինչեւ վաղը ժամանակ տվեց. «Խոսք եմ տալիս, վաղը ժամը 12-ին շարժվում եմ Վայքի, Չինարու տղերքը, ապրիլյան պատերազմի տղերքը կանգնեն կողքս ու ձեր սեռական պատիվը պաշտպանեք, որդուս անգիտակից մարմինը կառնեմ ու կառավարության շենքի մոտից կսկսեմ արշավը… ոչ մի բան չի փոխվել, ծեծողին ազատ են արձակում, ջարդվողն էլ թող գնա, ջարդվի, ծնողների հետ տանջվի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ