Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մայրը հետևողական կին էր». դպրոցի տնօրենը՝ Գյումրիում դաժանաբար ծեծված երեխայի մասին

Մարտ 06,2020 18:13

Գյումրու Տեքստիլագործների թաղամասում  երեկ մոր ընկերոջ կողմից դաժան ծեծի ենթարկված 12-ամյա աղջիկը՝  Ն․Խ-ն, սովորում է Գյումրու Օյունջյան վարժարանում։

Հիշեցնենք, որ նրան Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից երեկ գիշեր տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն ու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Վարժարանի տնօրեն Հասմիկ Անդրեասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աղջիկը պարտաճանաչորեն հաճախում  էր դպրոց, ցույց տվեց նաև դասամատյանը, նույնիսկ, երբ մի քանի օր բացակայել է դասերից, բժշկի տեղեկանք էր բերել, մատյանում կար կցված։

«Բոլոր ուսուցիչները հավաստում են, որ նա ամեն օր դասերին պատրաստված է եկել։ Դասղեկը, որը բնակվում է իրենց հարևանությամբ, երբեմն նրան հանդիպել  է դասի գալուց, նա դասի է  եկել մոր հետ, կանգառում մորը ճանապարհել, հետո դասղեկի հետ զրուցելով՝ հասել է դպրոց։ Որևէ բան չի պատմել, աշխույժ, ակտիվ  երեխա է։  Որևէ արտառոց վարքագիծ չի նկատվել այդ երեխայի կողմից, որ մենք հետաքրքրվեինք, առանձնահատուկ ուշադրություն դարձնեինք։

Գիտենք, որ հայրը երեք տարի առաջ մահացել է, մայրն աշխատում է սրճարանում, եղբայրն էլ մեր դպրոցն է ավարտել, հաճախել է մինչև 9-րդ դասարան, դրանից հետո ուսումը շարունակել է այլ դպրոցում։ Հետո իմացանք, որ հորաքույրը տարել է նրան Ռուսաստան, հորաքրոջ հետ է ապրում։

Սովորական, նորմալ սովորել են, դպրոցում որևէ արտառոց բան մենք չենք նկատել։ Մայրն էլ միշտ հետևողական է եղել, ծնողական ժողովներին միշտ ներկա է եղել, երեխան նորմալ հաճախել, է դասերը միշտ պատրաստ է եղել, գրավորները գրել  է, չի փայլել առաջադիմությամբ, բավարար գնահատականներով սովորող երեխա է։

Նորմալ հագնված էր, երբևիցե չէիր տեսնի, որ հագուստը կեղտոտ կամ պատառոտված լիներ, դպրոցում էլ  ինքն ակտիվ, աշխույժ է, չի մեկուսացել, ո՛չ տխուր էր, ո՛չ թախծոտ»,- ասաց տնօրենը։

Տիկին Անդրեասյանը հավաստիացնում է, որ  երեխայի դեմքի կամ մարմնի այլ մասերում իրենք կապտուկներ չեն նկատել։

«Վարքով լավ երեխա է, դաստիարակված, աշխույժ, որևէ  կերպ այդ պայմանները չեն ազդել իր վարքի վրա, իր պահվածքի վրա։ Հակում չուներ տղաների հետ շփման, ընկերություն էր անում դասարանի լավ սովորողների հետ, միշտ ձգտում էր նրանց կողքին նստել, երկու աղջիկներ կան, իր  մոտ ընկերուհիներն են»։

Հասմիկ Անդրեասյանն ասում է, որ այսօր ընթերցել է նրա ստեղծագործական շարադրությունը, որտեղ աղջիկը նկարագրել է իր ծննդյան օրը, թե ինչպես ընտանիքով՝ մոր, եղբոր հետ գնացել են Սուրբ Հովհաննես, մոմ է վառել։ Աղջիկը գրել է, որ այդ օրը երբեք չի ջնջվի իր հիշողությունից։

Տնօրենն ասաց, որ իրենց տեղեկություններով՝ հորաքույրները ցանկություն են հայտնել տանել  աղջկան ևս տանել  իրենց մոտ բնակության, սակայն վերջինս չի գնացել, թե՝ մամայիս հետ կմնամ։

Ի դեպ, տեսանք, որ նա ամենաբարձր գնահատականները ստացել  էր ռուսերենից։

Հիշեցնենք, որ 28-ամյա տղամարդը դաժանաբար ծեծելով սպանել էր աղջկա 42-ամյա մորը։ Տղամարդն արդեն խոստովանական ցուցմունք է տվել, նա նախկինում եղել  է դատապարտված։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031