ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրելյանի հեղինակած՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը: Ինչպես հայտարարեց Սիսակ Գաբրիելյանը, այս օրինագիծը մամուլում ստացել է «հայրենադարձությունը խթանող օրինագիծ» անվանումը: Նա նշեց. «Գործող կարգավորմամբ՝ հինգ տարի ՀՀ-ում չբնակվածները կարող են օգտվել մաքսային/հարկային արտոնություններից, եթե ԵՏՄ տարածքից են գալիս: Արտոնությունը տրվում է միայն նրանց, ովքեր հինգ տարում 183 օր չեն գտնվել ՀՀ-ում եւ հաշվառված չեն եղել ՀՀ-ում: Գործող օրենքը հարկային/մաքսային արտոնություններ է տալիս միայն այն հայրենադարձներին, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն եւ հաշվառված չեն ՀՀ-ում: Այսինքն, եթե քաղաքացին տասը տարի ապրում է արտերկրում, բայց հաշվառված է ՀՀ-ում, արտոնությունները նրա համար չեն գործում»:
Իսկ օրինագծի փոփոխությամբ, Սիսակ Գաբրիելյանի բնորոշմամբ, սահմանվում է հետեւյալը. «Եթե հինգ տարում՝ 1825 օրից 915-ի ընթացքում անձը գտնվել է ՀՀ տարածքից դուրս եւ դիմում է ՀՀ-ին՝ որպես մշտական մնացող, նա կստանա տեղեկանք, որ ՀՀ-ում չունի մշտական բնակության վայր, ինչից հետո 18 ամսում կկարողանա ներկրել իր անձնական օգտագործման գույքը եւ մեկ տրանսպորտային միջոց՝ իր անվամբ: Այն առնվազն վեց ամիս պետք է գրանցված լինի իր անվամբ՝ որպես սեփականություն»:
Հայրենադարձվելու արտոնությունը, Սիսակ Գաբրիելյանի խոսքով, ամեն անձի միայն մեկ անգամ է տրվելու: Հավելենք, որ օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Երկու պատգամավոր «ձեռնպահ» էին քվեարկել, մնացածը՝ «կողմ»: «Մարդ ա վատացել»,-կատակեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ