Լրահոս
Օրվա լրահոսը

Տղան հեռացել էր տանից․ հարազատներն ու հարևանները՝ Գյումրիում սպանված կնոջ մասին

Մարտ 06,2020 17:13

Լուսանկարներում Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող այն տունն է, որտեղ երեկ 28-ամյա տղամարդը ծեծելով դաժանաբար սպանել էր 43-ամյա իր ընկերուհուն ու մարմնական ծանր վնասվածքներ պատճառել նրա 12-ամյա դստերը, որին երեկ գիշեր տեղափոխել են Երևան։

Տան դռները բաց էին, դրսի լույսը դեռ վառվում էր, միջանցքում լվացքն էր տեղադրված, իհարկե, մենք ներս չմտանք՝ գիտակցելով, որ դեռ օպերատիվ-քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն կա։

Պատկից հարևանների դռները կողպած էին, հարևանուհիներից մեկը պատմեց, որ մարդիկ վախից են փակել դռները, քանի որ քննիչները նրանց ներգրավվում են որպես վկա, իսկ իրենք երեք տարի է՝ գրեթե շփում չունեին Մարինեի հետ։

Նա նաև նշեց, որ իրենց ձայներ չեն լսել, իրենց տունն ավելի հեռու է։

Հարևանուհին պատմեց, որ Մարինեի ամուսինը մահացել է երեք տարի առաջ, դրանից հետո երբեմնի շփվող, հարևաններին ջերմ բարևող այդ կինը հեռու է մնացել իրենցից։ Նրա անձնական կյանքի մեջ չեն թափանցել, սակայն գիտեն, որ 17-ամյա որդին հեռացել է տնից։

Հարևանուհու ասելով, Մարինեն աշխատում էր քաղաքի կենտրոնական սրճարաններից մեկում՝ որպես աման լվացող։ Ամուսինը արտագնա աշխատանքի էր գնում: Ամուսնու ողջ եղած ժամանակ նրանց ընտանիքը համարվում էր պարկեշտ, օրինակելի։ Դուստրը՝ Նազելին սովորում է 7-րդ դասարանում՝ աշխույժ, քաղցրարյուն աղջիկ է։

Մենք հանդիպեցինք նաև հարազատներից մեկին, որը, սակայն չհամաձայնեց նկարահանվել ու հրապարակել իր անուն-ազգանունը։ Նա պատմեց, որ Մարինեի սպանության մեջ կասկածվող 28-ամյա տղամարդը նրա կյանք թափանցել էր դեռ ամուսու մահից առաջ, այդ պատճառով էլ ամուսինն ինֆարկտ է ստացել ու մահացել։ Դրանից հետո Մարինեի որդին, որը սեպտեմբերին պատրաստվում է բանակ գնալ, հեռացել է տնից, գնացել է բնակության հաստատելու հորաքույրների հետ։ Հորաքույրները ցանկություն են հայտնել 12-ամյա աղջկան ևս տանել իրենց մոտ՝ նկատի ունենալով այն, որ տուն հանցագործ է մտնում-ելնում, սակայն աղջիկը չի համաձայնել, մնացել է մոր հետ բնակության։

Հարազատի պատմելով, բոլոր բարեկամները երես էին թեքել Մարինեից՝ հանցագործի հետ կապ ունենալու պատճառով, նույնիսկ Մարինեի ազգականները չէին շփվում նրա հետ, թեև ծնողները մահացել են։

«Մարինեի ամուսինը 15 տարի մեծ էր իրենից, մահացել է 55 տարեկան հասակում, այնքան սիրով էին ապրում, հաշտ-համերաշխ, Քրիստոսն էր փսփսում իրենց ընտանիքում, ու ոչ մեկը չէր պատկերացնում, որ կինը կարող է ամուսնուց բացի այլ զուգընկեր ունենալ։ Զուգընկերը բնակվում էր Ձորի մայլի տնակներում, անընդհատ դատապարտվում էր գողության, խուլիգանության համար։ Իրենց էլ սաղ օրը ծեծում ու ջարդում էր։

Մարինեն լավ ազգականներ ունի, հորեղբայրներից մեկը ճանաչված ճարտարապետ է, լավ ընտանիքից էր, ինքն էլ, երբ նորահարս էր, կարգին, խելքը գլխին մարդ էր, ոչ մեկը չէր հավատում, որ նման պատմության մեջ կընկնի ու դաժան ճակատագիր կունենա»։

Սպանության մեջ կասկածվող 28-ամյա երիտասարդը, որն արդեն իսկ տվել է ինքնախոստովանական ցուցմունք, նրանց ծեծի ենթարկելով, զանգահարել է իր ծնողներին ու կանչել դեպքի վայր։

Շտապօգնություն զանգահարել է նրա մայրը, 12-ամյա աղջկան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, որտեղից էլ ահազանգել են ոստիկանություն։ Ոստիկանները բացահայտել են, որ Տեքստիլագործների թաղամասում գտնվող Պռոշյան փողոցի տներից մեկում ծեծելով սպանել են աղջկա մորը։

Մենք այցելեցինք նաև դպրոց, որտեղ սովորում է 12-ամյա աղջիկը։

Տնօրենի պարզաբանումը ՝ քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031