Գյումրիում դաժանաբար ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Աղջկան երեկ Գյումրիից ռեանիմոբիլով անգիտակից վիճակում տեղափոխել են Երեւան՝ սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Այսօր ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ու նույն ԲԿ-ի վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանը լրագրողներին որոշ մանրամասներ ներկայացրեցին երեխայի առողջական վիճակի մասին:
«Սուրբ Աստվածամայր բուժկենտրոնում կատարվել է կրկնակի պոլիօրգան տոմոգրաֆիա, որը հաստատել է՝ երեխան ունի ծանր զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, քթի ոսկորների բազմակի կոտրվածք, ծնոտի, ամրակի կոտրվածք, կողի կոտրվածք, որովայնի սալջարդ, կրծքավանդակում արյան կուտակում»,-ասաց Դալլաքյանը: Նրա ներկայացմամբ՝ երեխան արհեստական շնչառության տակ է:
Երեխային տրվում է համալիր հզոր բուժում: Բժիշկն ասաց, որ այս պահին երեխայի մոտ վտանգավորը գանգուղեղային ծանր տրավման է. «Այս պահին կրկնակի միջամտությունների կարիք չկա»:
Հիվանդանոց աղջկա հարազատներից որեւէ մեկը չի այցելել, բժիշկներին որեւէ մեկը չի դիմել:
Կարդացեք նաև
Երեխային հասցված վնասվածքներն արդյոք սուր գործիքներո՞վ են եղել, ի պատասխան այս հարցի՝ Դալլաքյանն ասաց, որ դա կպարզի դատաբժշկական փորձաքննությունը, ավելի շատ բութ վնասվածքներ են:
Մանրամասն՝ տեսանյութում
Աննա Չոբանյանն էլ ասաց, որ երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. «Երեխայի մոտ կա որովայնի ծալջարդ, այտուց ու փքվածություն, ինչը հարվածների հետ է կապված, գլխուղեղի սալջարդը կյանքին վտանգ է սպառնում:
Հիշեցնենք, որ երեկ գիշերը Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող Պռոշյան փողոցի տներից մեկում 28-ամյա տղամարդը ծեծելով մահվան էր հասցրել իր 43-ամյա ընկերուհուն։ Դաժանաբար ծեծել էր նաեւ նրա 13-ամյա դստերը:
Մեր տեղեկություններով, 13 ամյա աղջիկը մորը ծեծի ենթարկելու ժամանակ փորձել է միջամտել եւ պաշտպանել տղամարդու հարվածներից, ինչի արդյունքում տղամարդը դաժանաբար ծեծի է ենթարկել նաեւ նրան:
Արդյոք անչափահասի նկատմամբ սեռական բռնության կասկածներ կա՞ն. այս մասին մեր աղբյուրները հայտնեցին՝ վերջնական պատասխանը դատաբժշկական փորձաքննությունը կտա, սակայն նախնական վարկածով սեռական բռնություն չի եղել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ