Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստրեչի Ապերի աջակցության կարիքը չեմ ունեցել, չի եղել նման բան…ես այդ 3 օրը մենակ կերել եմ ու քնել եմ». Հայկ Գեւորգյանը հերքում է Արամ Վարդանյանին ու Գոհար Վեզիրյանին

Մարտ 06,2020 16:26

Արամ Վարդանյանը, որը հայտնի է «Վստրեչի Ապեր» անունով, «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ ինքը ժամանակին օգնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանին: Դա Մարտի 1-ի ժամանակաշրջանում է եղել, երբ վերջիններս քրեակատարողականում են եղել. «Իրենք հասցրեցին նրան, որ իմ հինգ տարեկան թոռնիկն էսօր խոսելու խնդիր ունի, ու ես չեմ ուզում հիմա խղճահարություն առաջացնել, Աստված կա վերեւը։ Եվ ես իմ տրամաչափից գտել եմ ցածր՝ սենց բաներ խոսելը, բայց որ իրենք իմ հինգ տարեկան թոռնիկին հասցրին էդ վիճակին, ես հիմա պետք է խոսեմ։ Խոսեմ նրանից, որ երբ նույն մեր շատ սիրելի վարչապետը նեղ դրության մեջ էր, ինքն էլ կունենար էդ ժամանակ երեւի հինգ տարեկան երեխա։ Ու ինչ-որ անհանգիստ դրության մեջ էր իր ընտանիքը, եւ ինքը միջնորդավորված՝ լրագրողներ Գոհար Վեզիրյանի, Շողեր Մաթեւոսյանի, նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանի, Ավետիս Ավագյանի միջոցով դիմում են ինձ, որ օգնեմ։ Ու գիշերը ժամը 2-ին Գոհար Վեզիրյանը զանգում է ինձ, հանում քնից, թեպետ ժամը կապ չունի, երբ ուզեր, կարող էր զանգել, բայց ես կարողացա ստեղծել իրավիճակ, դա կլիներ թե՛ իմ խորհուրդներով, թե՛ այլ տարբերակով, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդորրն էդ գիշեր ապահովվի, իրենք հանգիստ քնեն։ Համենայնդեպս, նեղության մեջ գտնվող մարդու ընտանիքին, ես մտածեցի, որ կարողացա մի փոքր բանով թեկուզ օգտակար լինեմ»: Նաեւ հավելել էր. «Կարող են հարցնել նաեւ Հայկ Գեւորգյանին՝ իրենց ներկայիս պատգամավոր, որ նախկինում Փաշինյանի թերթի լրագրողն էր։ Էլի նույն անձանց միջոցով՝ Շողեր Մաթեւոսյան, Գագիկ Ջհանգիրյան եւ այլն, միջնորդել են, որ օգնեմ։ Էլի ինչ-որ խնդիրների մեջ էր ընկել Հայկը, ու ես էլի իմ խորհուրդներով, ուրիշ ինչ-որ դրսեւորումներով օգտակար եղա, ու հիմա էս մարդիկ էս ձեւով երեւի ուզում են իրենց «պարտքը» տան ինձ»։

Մենք Հայկ Գեւորգյանից ճշտեցինք, թե ի՞նչ աջակցության մասին է խոսքը: Նա պատասխանեց. «Ես աջակցության, մանավանդ այդպիսի աջակցության կարիք ընդհանրապես չեմ ունեցել, չունեմ, չեմ ունենալու: Ես 72 ժամ եմ եղել անազատության մեջ»: Մեր դիտարկմանը, որ ընտանիքը, հարազատները ձեր չեն իմացել դուք որտեղ եք, խուճապի մեջ են եղել՝ Հայկ Գեւորգյանը հերքեց՝ ասելով. «Իրենք շատ արագ իմացել են՝ ես որտեղ եմ: Որեւէ խնդիր իմ հետ կապված չի եղել: Նա ասել է, որ ինձ հեռախոս է փոխանցել: Չի եղել նման բան: Ես այդ ընթացքում ընդհանրապես հեռախոս չեմ տեսել, դրա կարիքը չեմ ունեցել: Փաստաբանն ամեն ինչի մասին տեղյակ է եղել, Վահե Գրիգորյանն է եղել»:

Մենք Հայկ Գեւորգյանի համար ընթերցեցինք Գոհար Վեզիրյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա հաստատում է «Վստրեչի Ապերի» խոսքերը. «Կարևոր պահերին «պադվադիտ» չարած «մեր ընկերոջ» օգնությանն ենք դիմել, երբ Հայկ Գևորգյանին կալանավորել էին ու նրանից որեւէ մեկը ոչ մի լուր չուներ: Ուղիղ կապն ապահովվեց; Հեռախոսակամուրջին մասնակցեցին բոլորը եւ ուրախացան «լավ ընկերոջ» օպերատիվ գոյությամբ»:

Հայկ Գեւորգյանն արձագանքեց. «Չի եղել նման բան: Ես հեռախոսով ոչ մեկի հետ չեմ խոսել: Ես իրոք չգիտեմ իմաստը, նպատակը նման հայտարարության»:

Ճշտեցինք, երբ քրեակատարողականում եք եղել, այնտեղ ձեզ նեղություն չե՞ն տվել՝ պատասխանեց. «Բացարձակ: Այդ երեք օրը ես մենակ կերել եմ ու քնել եմ…Ես շնորհակալություն եմ հայտնել Վովա Գասպարյանին ու 3 օր ինձ արձակուրդ տվեց: Իմ հարազատները երբեք ոչ մեկին չն դիմել, բոլոր հարցերով ինձ աջակցել է փաստաբանը, իմ ընկերներն են զուտ հոգեբանական աջակցել»:

Այդ դեպքում թե ինչու են այս պատմության մեջ շոշափում իր անունը՝ Հայկ Գեւորգյանն ասաց, որ չգիտի, դիտարկմանը, որ մենակ Արամ Վարդանյանը չի ասում, Գոհար Վեզիրյանն էլ հաստատում է՝ Հայկ Գեւորգյանը զարմացավ. «Գոհար Վեզիրյանն ինքն անձամբ ինձ լսե՞լ է հեռախոսով: Ես չեմ խոսել, չգիտեմ ինչ կոնստրուկցիաներ են կառուցում, չի եղել նման բան: Ինձ տարել են, 72 ժամ հետո բաց են թողել՝ խայտառակ լինելով իրենց սարքած գործով: Նման աջակցության կարիք պիտի ունենային նրանք, ովքեր այդ գործը սարքել էին: Ես Վստրեչի Ապերին դեմքով սկի չեմ ճանաչում»:

Վերջում այնուամենայնիվ ճշտեցինք՝ հնարավո՞ր է շատ տարի է անցել, մոռացել է՝ Հայկ Գեւորգյանը վստահեցրեց, որ ոչ, հիշում է անգամ, թե ինչպես է բանտապահի հետ սրճել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Գոհար Վեզիրյանն արձագանքել է նաեւ Հայկ Գևորգյանի այս պարզաբանումներին. «Հայկն ասում է՝ չգիտեմ ինձ հետ կապված ինչ կոնստրուկցիաներ են մտածել: Հիմա ասեմ՝ սթրեսային իրավիճակում մարդու հիշողությունը, հնարավոր է, չֆիքսի ինչ-որ բաներ: 72 ժամվա մեջ Հայկը լավ կերակրվել (ինքն է ասում) ու դրսի հետ հեռախոսակապ է հաստատել իր մոտ տարված հեռախոսով: Իրեն հեռախոս են փոխանցել՝ քարտով, եւ համարը տրվել է ինձ ու մենք կապ ենք հաստատել նրա հետ այդ հեռախոսով: Շողերենց տանն ենք եղել՝ Շողեր, Լեւոն Զուրաբյան, Ավետիս Ավագյան ու էլի ուրիշ ՀԱԿ վարչության անդամներ: Հիշեցնեմ, որ Հայկին ոչ «պերեդաչի» կարող էինք տանել, ոչ էլ հնարավորություն էին տալիս ինֆորմացիա ստանալ գործի մասին: Էնպես որ սխալ մարդուց է Հայկը շնորհակալ եղել: Գասպարյան Վովան չի եղել երեկոյի հովանավորը: ՈՒՊՍՍՍՍՍՍ…..էս ինչքան իջանք կամ խորացանք: Յախք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031