Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանը երդվեց՝ կրկնելով իր կարգախոսը. «Հաղթանակը չի վաճառվում»

Մարտ 06,2020 15:39

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նախընտրական հանդիպումներն Ասկերանի շրջանի գյուղերում շարունակվեցին նաեւ մարտի 5-ին։ Նա Պատարա, Խանցք, Դահրավ, Աստղաշեն, Հովսեփավան համայնքներում էր։ Ինչպես նախորդ հանդիպումներում, այստեղ էլ բարձրացվող հիմնական հարցը Արցախի անվտանգությունն էր։

«Արցախի հարցը երբեւէ ռազմական ճանապարհով չի լուծվել եւ չի լուծվելու։ Մեր ժողովուրդն այս հողի վրա շատ խորն արմատներ ունի, եւ աշխարհի այն տերությունները, որոնք հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում, հաջողություն չեն ունենալու։ Ցավով եմ ասում, բայց վերջին շրջանում, մանավանդ 1,5 տարում, այն քաղաքական գիծը, որը վարում է ՀՀ-ի քաղաքական իշխանությունը, պիտի արձանագրենք՝ հակահայ քաղաքականություն է։ Մեր՝ Արցախի Հանրապետության իշխանության եւ իմ բացթողումն էլ կա այստեղ»,- հայտարարեց Բալասանյանը։

Ապա նա ընտրողներին եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ շարունակելու է լինել իր տոհմի եւ ազգի նվիրյալ զինվորը. ծառայել եւ ծառայելու է Արցախին եւ Հայաստանին։ «Շարունակելու ենք պայքարել եւ թույլ չենք տալու քաղաքական առումով հարցը լուծել ոչ հայանպաստ ձեւով։ Այդ 12.000 քմ կիլոմետրը մերն է թե՛ պատմական, թե՛ իրավական առումով։ Թե՛ Ադրբեջանի իշխանություններին, թե՛ մյուս երկրներին ունենք ներկայացնելու փաստեր՝ պատմական ապացույցները, որ մեր պատմական հայրենիքն ավելին է, քան այդ 7 շրջանները։ Իրավական առումով եւս այս տարածքները պատկանում են մեզ եւ մերն են լինելու։ Թույլ չենք տալու հողերը շահարկման առարկա դարձնել։ Համոզված եմ՝ ողջ հայությունն ինձ հետ համակարծիք է»,- ընդգծեց Բալասանյանը՝ հիշեցնելով իր եւ իր թիմի կարգախոսը՝ «Հաղթանակը չի վաճառվում»։

Մարտի 5-ը գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ծննդյան օրն է, եւ այդ առիթն օգտագործելով, նա եւս մեկ անգամ երդվեց հայրենակիցների առջեւ՝ լինել նվիրյալ զինվոր, պայքարել հանուն Արցախի եւ Հայաստանի անվտանգության եւ ապահովության։ «Ուզում եմ անկեղծ լինել. երբեւէ խրամատը չեմ լքել եւ չեմ լքելու, ծառայել եւ ծառայելու եմ իմ ժողովրդին։ Լինելու եմ խրամատում այն ժամանակ, երբ վտանգ կսպառնա Արցախին եւ Հայաստանին։ Այսօր եւս մեկ անգամ, իմ ծննդյան օրվա կապակցությամբ, երդվում եմ իմ 5 թոռների եւ մեր բոլոր փոքրիկների անունով՝ ազնիվ ծառայել մեր երկրին»,- ասաց Բալասանյանը։

Գյուղացիների հետ հարցուպատասխանի ընթացքում Բալասանյանն անդրադարձավ նաեւ ադրբեջանական համայնքի վերաբնակեցման հայտարարություններին, նշելով, որ որեւէ քայլ, որ կսպառնա արցախցիների անվտանգությանը, կասեցվելու է։ «Եկեք եւս մեկ անգամ համախմբվենք, թույլ չտանք մեզ տարանջատեն, թույլ չտա՛նք։ Կարճ ժամանակում մեր ուժերը համախմբենք, ներդնենք եւ այս վիճակից շուտ դուրս գանք։ 1988-ի փետրվարյան օրերից հետո մեր շրջանը եզակի է եղել, որ շատ արագ համախմբվեց եւ միաբանվեց, զորք ստեղծեց եւ ուղարկեց ճակատ։ Ու նվազագույն կորուստներով մենք հասանք մեծ հաջողությունների։ Եկե՛ք կրկնեք մեր հաղթանակը»,- կոչ արեց Բալասանյանը։ Հանդիպման ավարտին նա բազմաթիվ շնորհավորանքներ ստացավ ծննդյան օրվա կապակցությամբ:

Մարտի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Ասկերանի փամփուշտը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է 1988-ի փետրվարի 22-ի Արցախյան պայքարի մեկնարկին։ Այդ օրերին էր, որ հետո արդեն Արցախի հերոսի կոչում ստացած Վիտալի Բալասանյանը՝ եղբոր եւ մի քանի համաքաղաքացիների հետ կասեցրեց ադրբեջանական խաժամուժի հարձակումը։

Ֆիլմի շնորհանդեսից զատ, ներկայացվեց նաեւ Արցախի նախագահական ընտրություններում «Արդարություն» կուսակցության եւ Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի քարոզարշավի երգը։

Ներկա էին 1988-ի փետրվարյան այդ դեպքերի ականատեսներ եւ բազմաթիվ այլ հյուրեր, Վ. Բալասանյանի աջակիցներ, ընտրողներ։ Ողջույնի խոսքով հանդես եկան եւ այդ օրերի մասին պատմեցին գեներալ Արմեն Ղահրամանյանը, գնդապետ Գրիգորի Գասպարյանը, Ասկերանի շրջանի «Բերդ» թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը։ Ականատեսները վերհիշեցին, թե ինչպես սկսվեցին եւ զարգացան այդ վճռորոշ իրադարձությունները, որոնք դարձան հաղթական պայքարի մեկնակետը։

Ֆիլմի դիտումից հետո ողջույնի եւ շնորհակալական խոսքով հանդես եկավ Վիտալի Բալասանյանը, որն այսօր նշում էր իր տարեդարձը։ Այդ առիթով եւս միջոցառմանը հնչեցին բազմաթիվ շնորհավորական եւ ջերմ խոսքեր։

Արցախի Հանրապետության Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի գրասենյակի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031