«Քարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանում դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին: «Եթե կարծում էիք, որ դատական նշանակումները պայթյունավտանգ խնդիր էին Միացյալ Նահանգների համար, պարզապես նայեք Հայաստանին, որտեղ վերջին մեկ տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատերազմ է հայտարարել Հայաստանի ավագ դատավորներին: Նա համաժողովրդական հանրաքվե է հայտարարել ապրիլի 5-ին՝ Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 7-ին ազատելու համար, որոնց նա մեղադրում է իր բարեփոխումների օրակարգը խափանելու մեջ»,-գրում է դե Վաալը՝ հիշեցնելով, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Վենետիկի հանձնաժողովը՝ կողմերին զսպվածության կոչ անելով:
Թոմաս դե Վաալը նշում է, որ ՀՀ կառավարության համար սա կոռումպացված դատական համակարգը մաքրելուն ուղղված միջոցառում է, որը Փաշինյանը ժառանգել է երկրի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանից, մինչդեռ դատավորների համար դա հարձակում է օրենքի ուժի գերակայության վրա ՝քաղաքական գործիչների կողմից:
Հոդվածագրի խոսքով՝ թեպետ գործադիր և դատական ճյուղերի միջև բախումն առավել տեսանելի է Հայաստանում, բայց համանման կոնֆլիկտներ ծավալվում են նաև հետխորհրդային այլ երկրներում:
«Իշխանության գալու և վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանի թիրախը դառնում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը իշխանության ղեկին էր 1998-2008թթ.: 2008թ. մարտի 1-ին Քոչարյանը հրահանգեց ճնշել Երևանում սկսած բողոքի ակցիաները, որից հետո նա իշխանությունը արդյունավետ փոխանցեց իր մտերիմ համախոհ Սարգսյանին: Անկարգությունների հետևանքով զոհվեց ընդդիմադիր 8 ցուցարար և երկու ոստիկան»:
Կարդացեք նաև
Թոմաս դե Վաալը նաև նշում է, որ Փաշինյանը եղել է 2008թ. մարտի 1-ին ցույցերի առաջնորդը, որի արդյունքում հետագայում ազատազրկվել է 16 ամսով: 2018-ին՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո Քոչարյանը կալանավորվել է` սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:
«Այս գործը դատական համակարգին դրել է երկրի նախկին և ներկա առաջնորդների բախման կենտրոնում: Մայիսին առաջին ատյանի դատարանը որոշել էր, որ Քոչարյանը պետք է ազատ արձակվի կալանքից, քանի որ որպես նախկին նախագահ՝ նա անձեռնմխելիություն ունի: Փաշինյանը հրապարակավ դատապարտեց այդ որոշումը և իր աջակիցներին և կոչ արեց արգելափակել դատարանների դռները՝ ի նշան բողոքի: Երբ Սահմանադրական դատարանը Քոչարյանի օգտին որոշում կայացրեց սեպտեմբերին, վարչապետը վճիռն «անօրինական» հայտարարեց՝ կոչ անելով հեռացնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին: Իհարկե Սահմանադրական դատարանի դատավորների չեզոքության հետ կապված հարցեր կան: Թովմասյանը և նրա գործընկերները նշանակվել են Քոչարյանի և Սարգսյանի օրոք, մինչդեռ մյուս երկուսը նշանակվել են դեռ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, որը Փաշինյանի քաղաքական առաջին հովանավորն էր: Դատավորները մեղադրվել են սահմանադրական փոփոխություններին աջակցելու համար, որոնց միջոցով Սարգսյանը փորձել է պահել իշխանություն»,- գրում է հեղինակը:
Դատավորներին փոխելու Փաշինյանի ձգտումն անհանգստացրել է շատերին, այդ թվում նրանց, որոնք հին ռեժիմի անդամ չեն եղել, նրանց թվում են՝ Հայաստանի օմբուդսմենը, Վենետիկի հանձնաժողովը և խորհրդարանում առաջատար ընդդիմադիր կուսակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը»: Նրանք մտավախություն ունեն, որ ապրիլյան հանրաքվեի միջոցով Փաշինյանը միայն ձգտում է դատարանի հին անդամներին փոխարինել իր գործընկերներով: Փաշինյանի կողմից նշանակված դատավոր Վահե Գրիգորյանը եղել է մարտի 1-ի գործով տուժածների հայտնի փաստաբան, Արդարադատության նոր նախարարը՝ 28-ամյա Ռուստամ Բադասյանը, նախկինում աշխատել է ՀՀ գործող վարչապետի հետ, գրում է Թոմաս դե Վաալը:
Հայաստանը և հետխորհրդային երկրները, այդ թվում՝ ԵՄ անդամները, բացահայտում են, որ արդար դատական համակարգի զարգացումը ցավոտ գործընթաց է՝ փաստում է հեղինակը և որպես օրինակ բերում Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ