«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տանն իրավապահների գործողությունների մասին՝ ասաց. «Չեմ հետեւել ընթացքին, միայն կարող եմ ասել, որ ուժային կառույցները գործել են օրենքի սահմաններում եւ ամեն ինչ անում են միայն օրենքի սահմաններում: ՀՀ-ում որեւէ մեկը չի կարող հետապնդվել՝ առանց օրենքի տառը պահելու եւ այս իմաստով կարող եմ ենթադրել, որ ոստիկանության գործողությունները բոլորը եղել են օրենքի սահմաններում»:
Մեր հարցին՝ նորմա՞լ եք համարում, որ իրավապահները մտնում են, դուռը ջարդում են, տանը անչափահաս երեխաներ են, ահաբեկում են, հնարավոր չէ՞ր շնորհքով ներխուժել՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ ներխուժելու ձեւը որոշում է տվյալ կառույցը. «Դա գործի առանձնահատկություններից է կախված, իրենք են ընտրում մեթոդը»:
Դիտարկմանը, որ մարդիկ ասում են՝ ասֆալտին պառկեցնելու եւ նման միջոցառումները շոու են՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ այդպես ասում են նախկին իշխանությունների կողմից հովանավորվող նախկին քաղաքական գործիչներ, մի քանի ԶԼՄ-ներ:
Վարչապետը խոսել էր պետական ապարատում դավաճանների մասին: Հայկ Սարգսյանն ասաց, որ դավաճաններ դեռ կան: Թե ինչու չեն հեռացնում այդ դավաճաններին, հին ժամանակներում դավաճաններին նույնիսկ վառում էին՝ Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Ժամանակի հարց է, բոլոր դավաճանները կհեռացվեն, մի անհանգստացեք, մենք մեր դավաճաններին չենք վառում: Դավաճանների հարցերը ժամանակի ընթացքում լուծվում են սիրո եւ համերաշխության տրամաբանության մեջ»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ շուտով տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ