Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողերի լվացման վտա՞նգ կա». ինչո՞ւ է ՊԵԿ-ը բոլոր հ/կ-ներին օրենքով պարտադրում հաշվետվություն հրապարակել

Մարտ 06,2020 14:50

ԱԺ-ն այսօր քննարկում էր կառավարության հեղինակած՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց՝ մեկ տարի մշակել եւ հանրային քննարկումների են դրել օրինագիծը, լսել հ/կ-ների ներկայացուցիչների կարծիքները. «Բոլորի պահանջներն ու իրավունքները հաշվի ենք առել: Գործող օրենքով ունենք իրավիճակ, երբ հ/կ-ների համար ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանված է միայն այն դեպքերում, երբ հ/կ-ն ստանում է հանրային միջոցներ: Այսինքն, մի կողմից կան հ/կ-ներ, որոնք հանրային միջոցներ չեն ստանում եւ թափանցիկ-հաշվետու չեն, եւ կան հ/կ-ներ, որոնք հանրային միջոցներ են ստանում եւ պարտավոր են թափանցիկ լինել: Օրինագծով բոլոր հ/կ-ների համար սահմանվում է հաշվետվություն ներկայացնելու պահանջ»:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ այս համահարթեցումը թույլ կտա, որպեսզի հ/կ-ների դեպքում լիարժեք թափանցիկություն լինի. «Ստեղծված է էլեկտրոնային հարթակ, որում հ/կ-ները հրապարակում են իրենց հաշվետվությունները: Այսպես հեշտացրել ենք հաշվետվության մեխանիզմը: Օրինագիծը սահմանում է նաեւ, որ հ/կ-ն հաշվետու տարվա վերջում, եւ ոչ թե սկզբում, պետք է հրապարակի կամավորների թիվը: Ներկայացվում է տեղեկություն այն կամավորերի մասին, որոնց հետ աշխատանքային պայմանագիր կա կնքված»:

«Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը հետաքրքրվեց՝ փողերի լվացման, ահաբեկչության դեմ պայքարի կամ այլ պատճառներ կա՞ն, որոնք հաշվի առնելով՝ պետությունն ակնկալում է, որ բոլոր հ/կ-ները հաշվետու լինեն: Դավիթ Անանյանը պատասխանեց. «Սա հարկահավաքագրման գործընթացի համար չէ: Հանրային պահանջ կա, որ բոլոր հ/կ-ները լինեն թափանցիկ, եւ չլինի խտրական վերաբերմունք հանրային միջոցներ ստացող հ/կ-ների հանդեպ»:

«Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանն էլ նկատեց. «Վտանգ չեք տեսնո՞ւմ, որ հետագայում այլ իշխանությունն այս օրենքը կարող է հ/կ-ների դեմ օգտագործել»:

Դավիթ Անանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե որեւէ իշխանություն հենց այս օրենքի վրա կկենտրոնանա: Նայած, թե ինչ նպատակներ կունենա, որոնցից ելնելով՝ կուզենա, օրինակ, Սահմանադրություն փոխել»:

Զոլյանը հարցրեց՝ փողերի լվացում արած հ/կ-ներ, ի վերջո, կա՞ն: ՊԵԿ նախագահը պատասխանեց՝ իրենք որոշակի մասով են միայն առնչվում փողերի լվացման խնդրին. «Մենք ապահովում ենք հարթակ, որում հ/կ-ն հանրության եւ պետության առաջ թափանցիկ կլինի: Այդ տեղեկությունն օգտագործելով՝ համապատասխան մարմիններն իրենց գործառույթներն են իրականացնում, ԶԼՄ-ներն էլ ուսումնասիրում են այդ հաշվետվությունները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031