«Առավոտի» զրուցակիցն է՝ «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը:
– Պարոն Օհանջանյան, Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ, ընդհանուր առմամբ, մթնոլորտն ինչպե՞ս եք գնահատում: Նախագահի մեկ տասնյակից ավելի թեկնածու է առաջադրվել: Ինչո՞վ է պայմանավորված թեկնածուների նման ակտիվությունը:
– Ընդհանուր առմամբ նախընտրական քարոզարշավը գնահատում եմ դրական, չնայած կան որոշ նախագահի թեկնածուներ եւ նրանց սատարող ուժեր, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը, սերմանել վախ եւ անվստահություն հասարակությունում եւ այդ ճանապարհով փոխել քարոզարշավի տրամաբանությունը: Բայց մեր ժողովուրդը բավականին լավ է ճանաչում նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրին եւ չի ենթարկվում այլ օրակարգ հետեւող ուժերի ճնշմանը: Ինչ վերաբերում է թեկնածուների մեծ թվին, կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ քաղաքական դաշտը Արցախում, ինչպես նաեւ Հայաստանում, հասարակության պահանջների օրակարգի համատեքստում պատշաճ ձեւով դեռ չի ձեւավորվել, որի արդյունքում էլ ունենք այսքան մեծ թվով ամբիցիոզ մարդիկ, ովքեր փորձում են վայելել ընտրողների համակրանքն իրենց անձերով եւ ծրագրերով: Մյուս կողմից, Հայաստանում տեղի ունեցող գործընթացները եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ իշխանությունը չի խառնվելու Արցախի ընտրությունների ընթացքին՝ բացառությամբ մոնիթորինգի, շատերին հնարավորություն է տալիս փորձել իրենց ուժերը ստեղծված նոր հավասար քաղաքական իրավիճակում:
– Դատելով ֆեյսբուքյան ձեր էջից՝ ակտիվորեն լծվել եք Արայիկ Հարությունյանի քարոզչության իրականացմանը: Ինչո՞ւ եք նրան «ընտրել», ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը ձեզ համար ամենաարժանավոր թեկնածուն:
Կարդացեք նաև
– Էմմա, դու շատ լավ հիշում ես, որ ես եղել եմ նախկին վարչապետի ամենաբուռն ընդդիմախոսը եւ բազմիցս քննադատել եմ նրա՝ որպես կառավարության ղեկավարի գործունեությունը: Դա հիմնականում կապված էր վերցրած վարկերի հետ, որոնք այն ժամանակ ահռելի էին թվում: Բայց ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ զինված ուժերում նույնիսկ պատշաճ տեխնիկան էր բացակայում, կառավարությունը տրամադրեց ամեն տեսակ տեխնիկա՝ ձեռքբերված լիզինգով եւ վարկավորմամբ, հասկացա, որ մի քիչ չափազանցել եմ քննադատությամբ: Այնուհետեւ սկսեցի ավելի մանրակրկիտ ուսումնասիրել Արայիկ Հարությունյանի ղեկավարած կառավարության ձեռքբերումները եւ հասկացա, որ վարկերը անհրաժեշտ էին: Հիմա ես նրա հետ լիովին համաձայն եմ, որ անհրաժեշտ է շատ փող ներդնել տնտեսության մեջ, որոնց ճիշտ օգտագործման դեպքում անհամեմատ շատ կստանանք:
Արայիկ Հարությունյանի օրոք երկրի տնտեսությունը աճել է 3 անգամ: Արտասահմանյան փորձագետները դա ղարաբաղյան հրաշք են անվանում: Տեսնելով այդ ամենը՝ ես կանգնեցի նրա կողքին, քանի որ հավատում եմ նրան, քանի որ պրակտիկայում համոզվել եմ նրա տնտեսական գաղափարախոսության մեջ: Մենք միասին աշխատում ենք տարբեր գաղափարների մշակման վրա: Արայիկ Հարությունյանը շատ ճկուն մարդ է, զրույցի մեջ կռահում է կարեւորը եւ նա գիտի երբ եւ որտեղ իրագործի դա: Այդ պատճառով էլ ես նրա կողքին եմ, որովհետեւ հավատում եմ, որ նա կարող է մեր երկիրը դուրս հանել զարգացման իրական մակարդակի: Բոլոր թեկնածուների մեջ նրա ծրագիրը ամենագրավիչն է եւ մարդկայինը:
– Թեեւ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին, թե ինքը վայելում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, այսպես ասած՝ ՀՀ իշխանության թեկնածուն է, հերքել է դա, այնուամենայնիվ, այդ խոսակցությունները, կարծես, առավելապես Արայիկ Հարությունյանին են ձեռնտու՝ ավելի շահեկան դիրքերից հանդես գալու առումով: Արցախում նույնպես կա՞ նման համոզմունք, որ նա է հաղթող թեկնածուն:
– Այն, որ Արայիկ Հարությունյանը գտնում է, որ ղարաբաղյան իշխանությունները պետք է սերտ համագործակցեն հայկական նոր կառավարության հետ, նա չի թաքցնում եւ ամեն հարմար պահ խոսում է դրա մասին: Կարծում եմ, շատ նորմալ է, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները համագործակցում են եւ շատ հարցերում ունեն փոխադարձ հասկացողություն: Իսկ այն, որ Արցախի ապագա նախագահը (իսկ այն, որ Արայիկ Հարությունյանը դառնալու է Արցախի ապագա նախագահ, ես չեմ կասկածում) հայկական իշխանությունների հետ ունենալու է լավ եւ ընկերական հարաբերություններ, միանշանակ ոգեւորում է ինձ եւ մեր երկրի ժողովրդին: Պետք է ուրախանալ նման ձգտմանը, այլ ոչ թե փնտրել քննադատելու համար առիթներ: Վերջիվերջո ամբողջ հայությունը եւ, հատկապես, մեր երկու հայկական պետություններն ունեն մեկ օրակարգ: Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Արայիկ Հարությունյանին սատարելը նրա համար բարենպաստ պայմաններ է ստեղծում, համաձայն չեմ: Որոշ թեկնածուներ նույնպես լուրեր են տարածում, որ Նիկոլ Փաշինյանը նրանց թեկնածությունը սատարում է: Դա նախընտրական քարոզարշավի սովորական երեւույթ է: Ընտրողը ընտրում է նրան, ում ծրագրին համակրում է եւ որը կարող է փոխել իր կյանքը դեպի լավը: Իսկ Արայիկ Հարությունյանի ծրագիրը միակն է՝ ուղղված ղարաբաղցիների կենսամակարդակի բարձրացմանը:
– Հայաստանում կան գործիչներ, որոնք մեղադրում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի ներքաղաքական, նախընտրական կյանքի վրա ազդելու մեջ, դուք ի՞նչ եք կարծում, Արցախում կայանալիք ընտրությունների վերաբերյալ դիրքորոշում արտահայտելը որքանո՞վ է ազդում Արցախում ներքաղաքական գործընթացների վրա, հասարակական տրամադրությունների վրա:
– Չեմ կարծում, որ Հայաստանի վարչապետն իր ելույթներով եւ հայտարարություններով փորձում է ներգործել նախընտրական քարոզարշավի ընթացքին: Նա միջամտում է նախընտրական քարոզարշավին այնքանով, որքանով ցանկացած հայ, ով հետաքրքրված է արդար ընտրությունների անցկացման մեջ: Գոյություն ունի միջամտության թույլատրելի սահման եւ Հայաստանի ղեկավարությունից ոչ մեկը չի փորձել այն անցնել: Իսկ ղարաբաղցիների համար շատ կարեւոր է անցկացնել արդար ընտրություններ, որն էլ հետագայում թույլ կտա ուժեղացնել մեր դիրքորոշումը Արցախի անկախության ճանաչման հարցում: Համաձայն միջազգային իրավունքի, ինքնահռչակումից բացի, միջազգային հանրության կողմից անկախության ճանաչման համար շատ կարեւոր են ընտրությունների արդար անցկացումը եւ ժողովրդավարական ճանապարհով ղեկավար մարմինների ընտրությունը: Ղարաբաղցիները դեռ 1991 թվականից գիտեն, թե ինչ են ժողովրդավարական ընտրությունները եւ ինչ դեր կարող են խաղալ իրենց ճակատագրում: Իսկ Հայաստանի դերն այս հարցում կարող է լինել միայն նախընտրական քարոզարշավի մոնիթորինգը եւ արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար մեթոդաբանական աջակցության ցուցաբերումը: Միայն դա:
– Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեբատը: Նախ՝ ի՞նչ տպավորություն ստացաք այդ քննարկումից, Արցախում դրա շուրջ ինչպիսի՞ կարծիքներ են իշխում: Եվ մասնավորապես, այդ դեբատից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրեց 6 սկզբունք: Ի՞նչ կասեք «Մյունխենյան սկզբունքների» մասին, ինչպե՞ս են դրանք ընդունվում Արցախի հասարակության մոտ:
– Ես նորմալ եմ համարում Հայաստանի վարչապետի մասնակցությունը դեբատներում: Կարեւորը ոչ թե այն է, թե ինչպես է նա խոսել, այլ այն, ինչպես է պաշտպանել հայության շահերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցում: Եվ նրա երկխոսությունը մեկ անգամ եւս ինձ համոզում է, որ նա չի դավաճանի իր ազգի շահերը:
Ինչ վերաբերում է վարչապետի հնչեցրած սկզբունքներին, կան մարդիկ, որոնք նրան համարում են ոչ ուժեղ, իսկ կան նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր ընդունելի են համարում: Ինձ համար երբեք բանակցությունների պայմանները եւ սկզբունքները չեն խաղացել եւ չեն խաղում կարեւոր դեր: Էմմա, դու լավ գիտես, որ ես առաջիններից էի, ով սկսեց բանակցային գործընթացը՝ ինչպես ոչ կառավարական կազմակերպությունների, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ կապված հակամարտության խաղաղ կարգավորման հետ: Եվ ես եկել եմ այն եզրակացության, որ բանակցությունների ժամանակ պետք է խոսել ամեն ինչի մասին: Դու չես կարող բանակցության գնալ հակառակորդի հետ եւ ստիպել, որ խոսակցություն ունենալու եք միայն Արցախի ճանաչման շուրջ, այդ ժամանակ բանակցությունները կորցնում են իմաստը: Հակառակորդին հետաքրքիր չէ բանակցությունները վարել միայն ճանաչման շուրջ, նրան հետաքրքրում են այլ հարցեր եւս, որոնք մեզ հետաքրքիր չեն: Բանակցությունների վարման մշակույթը կայանում է նրանում, որպեսզի այս կամ այն հարցի քննարկման ժամանակ հակառակորդին չզիջես քո շահերը, ազգային հետաքրքրությունները: Սրանք են իմ սկզբունքները:
– Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ փետրվարի 22-ին Ստեփանակերտում կայացած երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում կրկին կարեւորեց «Մյունխենյան սկզբունքները». նա ասում է, որ ձեւավորվել է ԼՂ խնդրի բանակցային նոր բովանդակություն եւ այդ բովանդակությունը կառուցողական է` հարցի կարգավորման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Արցախում փոփոխություն զգո՞ւմ են կարգավորման գործընթացում Արցախի դերակատարության բարձրացման, բանակցային գործընթացում՝ որպես բանակցող կողմի մասնակցության հարցում: Այսինքն, Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականությունը տրամադրությունների փոփոխություն առաջացրե՞լ է Արցախում՝ իշխանական, քաղաքական վերնախավում:
– Կարծում եմ՝ իշխանությունները զգում են առաջընթաց: Միայն այն, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհրդի համատեղ նիստերում քննարկվում են բանակցային գործընթացի հետ կապված հարցեր, վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունը փորձում է ուժեղացնել Արցախի դերը բանակցային գործընթացում եւ նրան վերադարձնել բանակցողի կարգավիճակը: Այսպես, թե այնպես, մենք պետք է առաջին հերթին ուժեղացնենք մեր բանակը, մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, կառուցենք համակրելի ժողովրդավարություն մեր երկրներում, որոնք էլ բանակցություններում կդառնան հայկական կողմերի հաջողության երաշխիքը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.03.2020