Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահագն Աբգարյանին խցից հանել են, ասել են`պետն է, կանչում, տարել են մի սենյակ, որտեղ եկել են ծեծողները». Արթուր Սաքունց

Մարտ 06,2020 13:56

«Սա այն եզակի դեպքերից է, որը բացահայտում է ոչ միայն զուտ իրավիճակն, այլ այն, թե ինչպես են իրավապահ մարմինները համագործակցում քրեական աշխարհի հետ եւ ի՞նչ արդյունք է ունենում այդ համագործակցությունը, երբ որոշվում է, որ պետք է վերացնել կոնկրետ մեկ անձի»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Խոսքը փետրվարի 25-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծեծի է ենթարկված, այնուհետեւ դանակահարված Ալավերդիում քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի հետ կատարվածի մասին է: Դեպքից հետո վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց:

Մարտի 2-ին դեպքի վերաբերյալ հայտարարություն տարածեց ՔԿՀ-ն: Նախ ասվում էր, որ կալանավորը սայթաքել է եւ ընկել ու ստացել է վնասվածքներ: Հետո հստակեցրեցին. «Վ.Ա-ի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնում ևս անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, որոնց ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ կալանավորված անձը մարմնական վնասվածքներն իրականում ստացել է մեկ այլ խցում քրեական աստիճանակարգության մեջ դարձյալ որոշակի դիրք զբաղեցնող ուրիշ դատապարտյալների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Ընդ որում, հիշյալ ծեծն ուղղորդված և կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից»։

Իրավապաշտպանը հրապարակված նյութերի եւ պաշտոնական փաստաթղթերի հիման վրա դեպքի մանրամասներ ներկայացրեց, որոնք, իր պնդմամբ, հաստատում են, որ թե նախարարությունը, թե դատախազությունը, թե ՔԿՀ-ն տեղյակ են եղել կալանավորի խնդիրներից եւ ոչինչ չեն արել`դրանք կանխելու համար: Նախ, նա փաստում է, որ դեպքը տեղի է ունենում փետրվարի 25-ին, ՔԿ-ն վեց օր հետո տարածում է հաղորդագրություն, որը հետեւում է լրատվամիջոցների ահազանգերի, երբեմն ոչ ճիշտ հրապարակումներին: Մինչ այժմ այս դեպքով քրեական գործ չի հարուցվել կամ եթե հարուցված է, տեղյակ չեն ոչ Վահագն Աբգարյանը, ոչ նրա ներկայացուցիչները, ոչ էլ ԶԼՄ-ներն են տարածել նման հաղորդագրություններ:

Արթուր Սաքունցը քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ շատ կարեւոր հանգամանք է ընդգծում`ծեծը ուղղորդված եւ կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգությամբ բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից: Ասում է, այսինքն, մեկ շաբաթվա ընթացքում ՔԿՀ-ն կարողացավ հայտնաբերել, որ դեպքը կազմակերպել է արտերկրում բնակվող «օրենքով գողը», բայց ոչ ոք հարց չի տալիս, թե այդ ինչպե՞ս է արտերկրից սպանության փորձ ուղղորդում, կազմակերպում անձի նկատմամբ, որը գտնվում է ՔԿՀ-ում, պետության պաշտպանության ներքո. «Այսինքն, այդ ՔԿՀ-ում ոչ ծառայող կա, ոչ պետ կա, ոչ հսկողություն կա, ոչ ռեժիմ կա եւ արտերկրում գտնվող մարդը կարողացել է կազմակերպել: Սա «ունիկալ» է»: Ըստ Սաքունցի, տվյալ «օրենքով գողը» ուղղակի ցուցում չէր կարող տալ, նա պետք է ցուցում տված լինի ՔԿՀ-ում գտնվող դատապարտված կամ կալանավորված անձանց, ուստի ցուցումը պետք է տված լինի ՔԿՀ-ի պետին, որպեսզի գործողությունը կարողանա իրականացնել: «Նուբարաշեն ՔԿՀ-ն փակ հիմնարկ է, բաց տարածք չկա, որտեղ մարդիկ իրար ուղղակի տեսան եւ այդ գործողությունը կատարեցին, առանց հիմնարկի աշխատակազմի թողտվության, աջակցության, այդ գործողությունը չէր կատարվի»,- ասաց նա:

Հետո «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին տեղափոխում են «Գորիս» ՔԿՀ: «Սա փորձ է հանցագործության մեջ ենթադրյալ կամ հիմնավոր կասկածյալ անձին հեռացնել քննչական մարմիններից, այն դեպքում, երբ նրա լիազորությունները պետք է անհապաղ դադարեցվեին: Եվ սա արվում է ՔԿՀ-ների վարչության պետի եւ արդարադատության նախարարի անմիջական իրազեկմամբ, քանի որ առաջինը ներկայացնում է, նախարարը` նշանակում»,- ասաց իրավապաշտպանը:

Նա տեղեկացրեց, որ 2018-ի հունվարի 20-ին քննիչին միջնորդություն է ներկայացրել Վահագն Աբգարյանի պաշտպանը`վերջինիս կալանքի վայրը «Նուբարաշենից» «Կենտրոն» կամ «Արմավիր» ՔԿՀ փոխելու, քանի որ «անձնակազմի հետ կապված խնդիրներ ունի, որոնք կարող են սպառնալ իր կյանքին»: Միջնորդության հետ կապված հունվարի 31-ին Վահագն Աբգարյանից բացատրություն են վերցնում, վերջինս իր ձեռքով չի գրում, բայց ստորագրում է իր թելադրածով գրվածի տակ, որ այո, ՔԿՀ-ի անձնակազմի հետ ունի լուրջ խնդիրներ, որոնք խնդրում է քրգործի շրջանակներում չմեկնաբանել եւ հաստատում է, որ այդ խնդիրներն այնքան լուրջ են, որ կարող են կյանքի հարց լինել: Միջնորդությունը, սակայն, մերժվում է`անգամ ունենալով դատախազությունից դեռ 2017-ին առկա գրությունը, Վահագն Աբգարյան գործով այդ «օրենքով գողի» ակտիվ մասնակցության մասին: Սաքունցը պնդում է, որ Աբգարյանը խցում է եղել, առանձին չի պահվել: Ավելին, խցում նրա հետ է եղել նաեւ իր հետ նույն քրեական գործով անցնող անձանցից մեկի եղբայրը`ունենալով հակադիր շահեր:

Վահագն Աբգարյանն, ի դեպ, հիմա գտնվում է «Աստղիկ» ԲԿ-ում եւ ինքն է վճարում իր բուժման ծախսերը`օրական 57 հազար դրամի կարգի գումար: Դեպքից հետո նաեւ շաքար հիվանդություն է ձեռք բերել: «Ստացվում է`պետության ակնհայտ մասնակցությամբ կատարված հանցագործության հետեւանքով տուժած անձին, որը… բռնության հետեւանքով առաջացած խնդիրները…մեծ քանակությամբ արյուն է կորցրել, ՔԿՀ-ն չգիտի՞ արյան տեղը որտեղ է, որ ասում թե… ասում է`ընկել է… է, մարդը շատ բան կարող է ասել ու գիտե՞ք ինչի`եթե դուք էլ լինեք անպաշտպան`ամբողջ մի պետական ապարատի հանդեպ, առաջարկներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, բնականաբար, ո՞ւմ պետք է վստահե՞ր, ճշմարտությունն ասեր`ունենալով դրսում ընտանիքի անդամներ: Եվ հիմա ոչ միայն Վահագն Աբգարյանի կյանքն է վտանգված, այլ նաեւ նրա ընտանիքի անդամների: Ես սա համարում եմ կանխամտածված, գիտակցված աջակցություն»,- հայտարարեց իրավապաշտպանը:

Նա Վահագն Աբգարյանի քրեական գործի մանրամասներից տեղյակ չէ, էական էլ չի համարում, եթե նրան էլ են համարում քրեական հեղինակություն, բայց չի հասկանում, թե ինչո՞ւ են Վահագն Հարությունյան քրեական հեղինակությանն աջակցում, մյուսին`Վահագն Աբգարյանին, ճնշում: «Պետությունն`իր ապարատով, դարձել է քրեական մի խմբավորման գործի՞քը, մասնակի՞ցը, թե՞ աջակիցը եւ ինչո՞ւ համար շահագրգիռ չէն, որ Վահագն Աբգարյանը ողջ մնա»,- հարցնում է Արթուր Սաքունցը:

Ի դեպ, Վահագն Հարությունյանը, որը հիմա փախուստի մեջ է, ինչը բանախոսը շատ էական հանգամանք է համարում՝ Վահագն Աբգարյանի քրեական գործով նրա նկատմամբ կիրառված բռնությունների հիմքով, որպես մեղադրյալ է ներգրավված, Վահագն Աբգարյանը`տուժող է: Այս ամբողջ պատմությունը սկսվում է Ալավերդի քաղաքում, քաղաքապետի ընտրության ժամանակ ունեցած հակասություններից: Ըստ Արթուր Սաքունցի, քննության օբյեկտիվության հարցերը բարձրանում են այս դեպքի հետ կապված`պետական մարմինների ակնհայտ տրամադրված, գիտակցված գործողություններով եւ ստացվում է, որ մարդուն ամեն կերպ հետապնդում են, նույնիսկ պետության հսկողության տակ գտնվելու ժամանակ`պետական մարմինների կողմից: Սա Սաքունցը համարում է ոչ եզակի, բայց ուշագրավ փաստ, թե ինչպիսին է քրեական աշխարհի եւ իրավապահ մարմինների սերտաճածվածության փաստը եւ թավշյա հեղափոխությունից հետո դրանք ադապտացվել են նոր պայմաններին, ինչը ինքը լուրջ մարտահրավեր է համարում: Իր համար ծիծաղելի է, երբ ՔԿՀ-ն հայտարարում է քրեական ենթամշակույթի մասին. «Քրեական ենթամշակույթը ձեր աշխատակազմի մեջ է գտնվում: Ձեր պագոնավոր քրեական մտածելակերպերի մեջ է մտնում: Չի կարող «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անձին իր տեղից հանեն`ասեն պետը ձեզ կանչում է ու տեղափոխեն ուրիշ տեղ, իսկ պետի փոխարեն գալիս են ծեծողները: Ձե՞ռ եք առնում: Եվ փոխանակ անհապաղ քրեական գործ հարուցվեր, բոլորին մեկուսացվեր, մի հատ էլ տեղից տեղ են տեղափոխում, որ մարդիկ դրսում գտնվելով պայմանավորվածություններ ձեռք բերեն: Այդքանից հետո ուզում եք, որ Վահագն Աբգարյանը ձեզ վստահի եւ ասի ճշմարտությունը: Լավ ձեռ է առել`ասել է»:

Ըստ բանախոսի, առնվազն տարրական գիտելիքներից զուրկ պետք է լինել, որպեսզի ասել, մարդը ընկել է, հսկայական քանակությամբ արյուն է կորցրել ու վախեցել՝ շաքար է ձեռք բերել: Նա սա անվանեց հանցագործություն ՀՀ քաղաքացու դեմ`մասնակցությամբ քրեական աշխարհի ու պետական մարմինների:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031