Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահացած կնոջ հասցեին վիրավորանքների տեղատարափը զարհուրելի էր». ԱԺ-ում անդրադարձան Գյումրիի միջադեպին

Մարտ 06,2020 13:50

«Երեկ ՀՀ-ում գրանցվել է հերթական զոհն ընտանեկան բռնության: Գյումրիում, ըստ դատախազության տվյալների, ծեծի ենթարկվելուց եւ ութ ժամ այդ վիճակում մնալուց հետո հայտնաբերվել է կնոջ դին, իսկ նրա 13-ամյա աղջիկը՝ ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,-ԱԺ այսօրվա նիստում անդրադառնալով Գյումրիում գրանցված միջադեպին՝ ասաց «Իմ քայլի« պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

«Սա 2020թ.-ի արդեն 3-րդ զոհն է: Ճիշտ այնպես, ինչպես ունենում ենք թույլատրելի մեծ թվով միջադեպեր բանակում, նույն տրամաբանությամբ բռնությունն ընտանիքում անթույլատրելի է եւ խարխլում է այդ կարեւոր ինստիտուտի հանդեպ վստահությունը: Երկու օր անց մեզանից շատերը Մարտի 8 կնշեն, փուչիկներ ու ծաղիկներ կառնեն կանանց, կենացներ կասեն, մինչդեռ ավելի կարեւոր է, որ հասկանանք՝ քաղաքացիների, ոստիկանության, դատախազության դերը պետք է վերաիմաստավորվի, որպեսզի նման դեպքեր այլեւս տեղի չունենան, եւ բռնությունն իրապես արմատախիլ արվի մեր հասարակությունից»,-նշեց Դանիելյանը:

Դեպքին անդրադարձավ նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ շեշտելով, որ Գյումրիում գրեթե բոլորն իրար ճանաչում են, իսկ դեպքը տեղի է ունեցել ցերեկը՝ խիտ բնակեցված թաղամասում. «Սա շեշտում եմ, որովհետեւ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հարեւանները փաստել են, որ այդ ընտանիքի անդամները պարբերաբար կապտուկներ են ունեցել: Սա հանրության անտարբերության մասին է խոսում: Երբ ասում ենք, որ մեր հանրությունում բռնություն կա, ոմանք ասում են՝ ոչ, դա հարիր չէ մեր արժեքներին…բռնություն, ցավոք, կա եւ այնքան է սերտաճել, որ շատերը դեպքին սառնասրտությամբ էին վերաբերվում, իսկ մահացած կնոջ հասցեին սոցցանցում վիրավորանքների տեղատարափն ուղղակի զարհուրելի էր: Եթե շարունակենք անտարբեր ձեւանալ, նման դեպքեր էլի կլինեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031