ԱԺ նիստում այսօր քվեարկության դրվեց «Լուսավոր Հայաստանի» առաջարկած՝ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» եւ կից օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիշեցնենք՝ ԼՀԿ-ի այս օրինագծով հստակեցվում է, որ պատգամավորն իրավունք ունի անարգել տեսակցելու կալանավորված/ձերբակալված անձանց, դատապարտյալներին: Մինչեւ քվեարկությունը «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց՝ առաջարկում է «դեմ» քվեարկել, որովհետեւ գործող օրենսդրությամբ չկա պատգամավորի՝ կալանավորին տեսակցելու արգելք. «Խնդիր է առաջանում միայն այն դեպքում, երբ քննիչը որոշում է սահմանափակել տեսակցությունները: Այս օրինագիծն այս հարցը չի կարգավորում: ԼՀԿ-ն հրաժարվեց հետ կանչել օրենքը եւ քննարկել հարցը: Նման խնդիր ՀՀ-ում չկա, ուստի առաջարկում եմ «դեմ» քվեարկել»:
Հակադարձեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ այս օրինագիծը պատմություն ունի. «Պատգամավորներն անարգել տեսակցել են ձերբակալվածներին մինչեւ այն պահը, երբ ՀՀ-ում ավելացել է քաղբանտարկյալների թիվը: Արդարադատության մի նախարար սկսեց հայտարարել, որ պատգամավորը տեսակցության իրավունք չունի, որովհետեւ քննիչի արգելք կա: Այդ ժամանակ խնդիր առաջացավ հստակեցնելու, ինչի նպատակով «Ելք» դաշինքի ժամանակ այս օրինագիծը բերվեց, զեկուցեց Փաշինյանը, ով հեղինակն էր սրա: Այո, պատգամավորն ունի մուտքի իրավունք, բայց օրենքը նախարարությունը նշյալ կերպ է մեկնաբանում, մինչդեռ քննիչի արգելքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր կարող են ձերբակալվածի հետ տեղեկություն փոխանակել եւ այն դուրս տանել: Ովքեր կասկածում են, որ պատգամավորը կարող է նման բան անել, նրանք հանցագործության կանխավարկածով են առաջնորդվում, օրինակ՝ հենց հիմա դուք: Եթե այս օրենքը հիմա չընդունվի, ստացվում է, որ նախորդ իշխանության մեկնաբանությունից մինչեւ օրս բան չի փոխվել: Կամ ընդունում ենք ու ասում, որ բան է փոխվել, կամ չենք ընդունում ու ասում, որ քաղբանտարկյալներ են լինելու, եւ դուք չեք կարողանալու հանդիպել կալանավորներին: Սա՞ է ձեր ուզածը, պարոն Բաղդասարյան»:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր օրինակով փաստեց, որ քանիցս ցանկացել է կալանավորված անձանց տեսակցել, բայց քննիչը չի թույլատրել. «Գործընկերներս ազնիվ չեն, երբ ասում են, որ պատգամավորի մուտքը չի կարող արգելվել: Ինձ բազմիցս արգելել են»:
Կարդացեք նաև
Ապա արձագանքեց «Իմ քայլից» Վահագն Հովակիմյանը. «Պարոն Մարուքյանը հիշեցրեց՝ այդ արգելքները եղել են այն ժամանակ, երբ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կային: Հիմա ՀՀ-ում նրանք չկան եւ այլեւս չեն լինելու: Օրենքները գործելու են այնպես, ինչպես գրված են: Նախկին գումարման պատգամավորներին հիշեցնեմ, որ խնդիրն օրենքի կիրառման հետ է եղել, երբ պատգամավորներին չէին թողնում ՔԿՀ մտնել եւ տեսնել, թե կալանավորն ինչ վիճակում է: Սա տեսակցության ինստիտուտ է, ոչ թե անարգել այցելելու: «Դեմ» քվեարկեք, որովհետեւ օրենքով այս խնդիրը կարգավորված է, եւ հիմա չեք կարող ասել մի դեպք, երբ պատգամավորի այցը ՔԿՀ արգելվել է»:
Նույն կարծիքին էր «Իմ քայլից» Սերգեյ Ատոմյանը:
ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը չհամաձայնեց. «Մուտք գործում ես, բայց տեսակցել չես կարող: Կարո՞ղ է՝ մթնոլորտային ճնշում չափելու համար ենք մուտք գործում: Պարզ է, չէ՞, որ կալանավորին տեսնելու համար ենք մուտք գործում: Ուստի նպաստեք, որ տեսակցելու իրավունքն իրացվի»:
ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ համաձայնեց, որ խնդիրը ոչ թե մուտք գործելն է, ինչը քանիցս ստացվել է, այլ տեսակցելը, որովհետեւ կալանավորների խուց մտնել եւ նրանց հետ շփվելն արգելվել է. «Ավելին՝ ԶԼՄ-ներն էլ պետք է նման իրավունքից օգտվեն»:
Անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ իր հերթին ասաց. «Շաբաթներ առաջ «Իմ քայլի» երկու պատգամավորներ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել են մի ձերբակալվածի, ինչից հետո ինձ արգելել են տեսակցել նույն մարդուն: Ստիպված դիմել եմ ձեր նախարարին, ով չի կարողացել հարցը կարգավորել: Դիմել եմ դատավորին, ինչից հետո միայն թույլատրվել է հանդիպել: Սա մեր ժամանակների մասին է, ուստի այս օրենքը շատ կարեւոր է»:
ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը եւս ներկայի օրինակ բերեց. «Ամիսներ առաջ ուզում էինք այցելել Արսեն Բաբայանին, պարզել իրավիճակն իր գործի վերաբերյալ: Մեզ թողեցին ներս մտնել, սուրճ հյուրասիրեցին, բայց չթողեցին տեսակցել: Գուցե «Իմ քայլի» պատգամավորներին թույլ են տալիս, բայց մեզ թույլ չեն տալիս, ուստի մի պնդեք, թե նման դեպքեր չեն լինում»:
Ի վերջո, օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը «կողմ» քվեարկեց 70, դեմ`21, ձեռնպահ՝ 22 պատգամավոր: Որոշումն ընդունվեց: Որոշ պատգամավորներ ծափահարեցին:
Քվեարկությունից հետ անկուսակցական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց՝ երբ ժամանակին այս օրինագիծը զեկուցում էր ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա դա անում էր ոչ թե պահի իշխանության, այլ իրավիճակի համար. «Այդ պատճառով զարմանալի էին «դեմ» կարծիքներն այն պատգամավորների, որոնց ղեկավարը ժամանակին այս օրենքն առաջ էր տանում»:
Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է անցնի երկրորդ ընթերցում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ