«Պատերին ծեփել, ասֆալտին փռելուն դեմ եմ, նամանավանդ, որ վարչապետն է ասում այդ խոսքերը»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ խոսելով «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի տանը իրավապահների գործողությունների մասին: Նա հավելեց, որ եթե թալանում են, հանցագործություն են անում, թող պատասխան տան. «Դրան սպասում ենք բոլորս, բայց ով անում է՝ ապացուցեն, նոր դատեն, բայց որ անմեղ տեղը մարդուն բերում են՝ միանշանակ ոչինչ ասել չեմ կարող»:
Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցին՝ վարչապետը Վրաստանում անդրադառնալով իր կադրային քաղաքականությանը, ասել էր, որ անգամ Հիսուսն է սխալվում, ինչպե՞ս կմեկնաբանեք այս համեմատությունը՝ Վարդան Ղուկասյան ասաց. «Մեր եկեղեցին, հոգեւորականները պետք է խորհուրդ տան, բացատրական աշխատանքներ տան, չեմ ընդունում, որ Տիրոջ հետ համեմատականներ են տանում: Հոգեւորից բոլորին էլ կարելի է խորհուրդ տալ, որովհետեւ դա խորհուրդ խորին է: Պատարագը որ սկսում է, ասում են՝ խորհուրդ խորին, անհաս, անսկիզբ, որ զարդարեցեր վերին պետությունը: Խորհուրդը այնքան խորն է, որ բոլորս էլ տեղ ունենք սովորելու»:
Վարչապետը նաեւ խոսել էր պետական համակարգում դավաճանների մասին, Վարդան Ղուկասյանը հիշեցնում է, որ ժամանակին նման մարդկանց գնդակահարում էին, ցմահ ազատազրկման էին դատապարտում. «Հիմա եթե այդպիսի մարդիկ կան, պետք է պատժեն»:
Վարդան Ղուկասյանը, խոսելով պարգեւավճարների մասին՝ ասաց, որ կողմնակից է աշխատավարձերը բարձրացնելուն:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է կոռուպցիային, նա ասաց. «Ես չեմ ընդունում, որ դպրոցի տնօրենին, մանկապարտեզի վարիչին, երաժշտական դպրոցի տնօրենին այդպես հարյուրավոր մարդկանց պատժում են: Իսկական կոռուպցիոներներին, որոնք այս երկիրն ամբողջությամբ օֆշորներում գրանցել ու թալանում են… Հիմա որ դուրս գաք փողոց, հոգեկան հիվանդանոց մտնեք, հարցնեք՝ ո՞վ է այս երկիրը թալանել, ձեզ մի քանի անուն կասեն, թողել եք գել ու գազանին, ընկել եք բանի հետեւից: Այդ մարդկանց դուք բոլորդ լավ գիտեք, Ղուկասյան Վարդանից եք հարցնում»: Որպես հուշում՝ նա ասաց, որ տեսնենք ստրատեգիական, ամենամեծ շահույթ ունեցող ընկերություններն ում են պատկանում՝ պարզ կլինի, թե ում մասին է խոսքը. «Այդ ամենը վերցնեն դարձնեն պետական սեփականություն, երկրի բյուջեն 3-4 անգամ ավելացնեն, մարդկանց վարդի պես պահեն, ուրիշ բան չկա այս երկրում անելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ