Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է, որ ԳԱԱ նախագահությունը, ակադեմիկոսներով, թղթակից անդամներով միավորված հասարակական կազմակերպություն է դառնում». «Հայկական ժամանակ»

Մարտ 06,2020 13:21

Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցները դժգոհ են. «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նոր նախագծի շատ դրույթներ իրենց համար անհասկանալի են, իսկ ԳԱԱ-ի լուծարումը՝ անընդունելի: Նախագծով, որը բազմիցս է քննադատվել, թեեւ չի խոսվում կառույցը լուծարելու մասին, սակայն ոչինչ չկա նաեւ գիտահետազոտական ինստիտուտների վերաբերյալ: Ստացվում է, որ դրանք այլեւս ակադեմիայի կազմում չեն լինելու: Ավելի ուշ խոսվեց դրանք բուհերին միացնելու մասին:

ԳԱԱ գիտաշխատողները հստակ ոչինչ չգիտեն՝ ինչպե՞ս է լինելու միավորումը, ի՞նչ է լինելու իրենց ճակատագիրը, մեզ հետ զրույցում նրանք թերահավատ էին, թե միացման դեպքում աշխատավարձը պետք է շատ բարձրանա:  ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մեզ հետ խոսքում նշեց, որ համաձայն է՝ ակադեմիական համակարգում լրջագույն խնդիրեր կան, սակայն եթե ծառի մի ճյուղը սկսել է չորանալ, արմատախիլ անելու փոխարեն բուժել է պետք:

Նրա խոսքով՝ նախագծում նշված է, որ ԳԱԱ-ն բարձրագույն գիտական կոչումներ ունեցող եւ Հայաստանի կամ օտարերկրյա ճանաչված գիտնականների ինքնակառավարվող միավորում է, սակայն՝ ոչ ավելին: Ստացվում է, որ ակադեմիայի նախագահությունը, ակադեմիկոսներով, թղթակից անդամներով, պատվավոր դոկտորներով միավորված հասարակական կազմակերպություն է դառնում:

Մելքոնյանն ընդգծեց, որ տասնամյակներ շարունակ չնչին աշխատավարձով պահպանել, նույնիսկ զարգացրել են գիտական ժառանգությունը. «Գիտության առյուծի բաժինը վերաբերում է ակադեմիային»:

Նույն ինստիտուտի Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը նշեց, որ նման փորձ՝ ինստիտուտները բուհերին միացնելու, ունեն Վրաստանը, Ղազախստանը,  որոնց դեպքում այն տապալվել է, գիտությունը տուժել: Գիտնականը հավելեց, որ պետք է շատ զգույշ լինել, որպեսզի բարեփոխումները նպատակային լինեն ու ճիշտ ուղղությամբ, ոչ թե ի չարս գիտաշխատողների:

Նրան շարունակեց նույն ինստիտուտի Հայ գաղթօջախների եւ սփյուռքի պատմության բաժնի վարիչ Գեւորգ Ստեփանյանը՝ առաջարկելով միացնելու փոխարեն ավելի արդյունավետ դարձնել բուհերի հետ համագործակցությունը: Չնայած նրա խոսքով՝ այսօր իրենց բոլոր գիտնականները բուհերում դասավանդում են:

Անցած ուրբաթ Ակադեմիայում իրականացվել է քվեարկություն, որպեսզի պարզեն, թե գիտաշխատողները պատկերացնո՞ւմ են իրենց աշխատանքն այլ հաստատությունում, թե՝ ոչ: Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ ճնշող մեծամասնությունը պատասխանել է, թե չի ցանկանում հեռանալ:

Անի ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031