Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե գույքի նոր սեփականատերերը այլ երկրի քաղաքացիներ են, անկախ իրենց հայկական պատկանելիությունից, դա դառնալու է լուրջ իրավական պրոբլեմ գործող կառավարության համար. «Փաստ»

Մարտ 06,2020 12:53

Հայաստանի իշխանությունները շարունակում են իրավական «ռեֆորմների» քաղաքականությունը: Մասնավորաբար, արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել է օրինագիծ, որի համաձայն, որոշակի դրամական շեմը գերազանցող անշարժ գույքը հնարավոր կլինի սեփականատիրոջից առգրավել առանց դատարանի վճռի՝ պետական լիազոր մարմնի որոշմամբ:

Եթե, իհարկե, գույքի սեփականատերը չկարողանա հիմնավորել իր պաշտոնական եկամուտներին չհամապատասխանող գույքի ծագումը: Այս նախաձեռնությունը իշխանական շրջանակների կողմից մեկնաբանվում է որպես երկրից թալանվածը վերադարձնելու արդյունավետ միջոց: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ օրենքը խտրական «վերաբերմունք» ունենալ չի կարող և տարածվելու է ոչ միայն նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց և նրանց ընտանիքների, այլ առհասարակ բոլոր քաղաքացիների վրա:

Ընդդիմադիր ուժերն ու անհատ գործիչները սա համարում են սեփականության վերաբաշխման նպատակ հետապնդող նախաձեռնություն, որը օրենք դառնալու դեպքում կարող է ճնշման միջոց հանդիսանալ իշխանությանը անհաճո ցանկացած անհատի նկատմամբ: Եվ այստեղ կա տրամաբանություն:

Ընդ որում, Հայաստանի «քայլող» իշխանությունը նոր բան չի հորինել և այս իմաստով կրկին կրկնօրինակում է սահակաշվիլիական Վրաստանի փորձը: Եվ ոչ միայն այս դեպքում, եկամտահարկի 23%անոց շեմ սահմանելու նախաձեռնությունն էլ մեկին մեկ կրկնօրինակված էր 2000-ականների կեսին Սահակաշվիլու իրականացրած «ռեֆորմից», որը Վրաստանում ավելի շատ բացասական, քան դրական արդյունքների է հանգեցրել՝ հասարակության մեջ իրականում մեծացնելով սոցիալական բևեռացումը:

Նույնը տեղի է ունեցել նաև ունեզրկում նախատեսող հիշյալ օրենքի պարագայում, որի արդյունքում Վրաստանում շուրջ 250 000 մարդ զրկվել է սեփականությունից, քանի որ չի կարողացել իշխանության նախատեսած տարբերակով հիմնավորել դրա օրինական ծագումը: Արդյունքը եղավ այն, որ հանրային դժգոհությունն աստիճանաբար կուտակվելով՝ 2012թ.-ին խորհրդարանական ընտրությունների միջոցով հանգեցրեց իշխանափոխու թյան: Հենց այս ունեզրկված զանգվածը՝ ընտանիքներով հանդերձ, դարձավ Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» կուսակցության սոցիալական հենարանը: Կարճ ժամանակ անց Սահակաշվիլիին հայտնվեց Վրաստանից փախած աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակում, իսկ նրա կողմնակիցներից շատերը տարբեր, ընդ որում, ոչ փոքր ժամկետներով, դատապարտվեցին կատարած օրինախախտումների համար:

Մյուս կողմից էլ հայկական «համակարգը», եթե այն որպես այդպիսին գոյություն ունի, խիստ տարբերվում է նույն Վրաստանից, և որոշակի իմաստով ընդհանրապես բացառիկ է: Դրա պատճառը լայնածավալ սփյուռքի առկայությունն է տարբեր երկրներում: Ունեզրկման մասին օրենքի ընդունմանը զուգահեռ, այդ օրենքի կիրառման հետ կապված մտահոգություն ունեցող անձինք (ոչ միայն նախկին պաշտոնյաները կամ նրանց ընտանիքի անդամները), սկսելու են իրենց սեփականություն հանդիսացող անշարժ գույքը գրանցել արտերկրում ապրող հարազատների, ազգականների, ծանոթ-ընկերների անուններով: Ընդ որում, դա կարող են անել ֆորմալ վաճառքի ձևով:

Իսկ եթե ֆորմալ իմաստով գույքի նոր սեփականատերերը այլ երկրի քաղաքացիներ են, անկախ իրենց հայկական պատկանելիությունից, դա դառնալու է լուրջ իրավական պրոբլեմ գործող կառավարության համար:

Որովհետև երբ պետությունը սկսում է ունեզրկել այլ պետության քաղաքացի հանդիսացող իր հայրենակիցներին, դա ինքնաբերաբար վերածվում է միջպետական հարաբերությունների խնդրի:

Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031