Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի մեծ թվով ծրագրերի պարագայում կատարողականը շատ ցածր է՝ մոտ 60-70 տոկոս. «Ժողովուրդ»

Մարտ 06,2020 12:08

Առաջիկայում Երեւանի ավագանու նիստում պետք է քննարկվի Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարողականը։ Մինչ այս բյուջեի կատարողականի նախագիծը դրված է եղել e-draft հարթակում, ապա հանրային քննարկման անցել Երեւանի քաղաքապետարանում։ Սակայն ուշագրավ է, որ օնլայն հարթակում առաջարկներ չեն եղել, իսկ քաղաքապետարանում կազմակերպված քննարկմանն էլ միայն մեկ անձ է ակտիվ եղել։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է բյուջեի կատարման հաշվետվությունը, եւ կարող ենք ուշագրավ պատկերի ականատես լինել. մեծ թվով ծրագրերի պարագայում կատարողականը շատ ցածր է՝ մոտ 60-70 տոկոս։ Այսինքն՝ սխալված չենք լինի, եթե ասենք, որ 2019 թվականի ընթացքում Երեւանի քաղաքապետարանը թերացել է իր աշխատանքում։ Այդ կարծիքին են նաեւ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։ Օրինակ՝ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն արդեն ամբողջովին ուսումնասիրել է կատարողականի նախագիծը եւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այն մեկ բառով բնորոշեց խայտառակություն։

«Անհամեմատելի է նույնիսկ 2018 թվականի շրջանի հետ, երբ մենք չունեինք քաղաքապետ։ Ներկայացվել է մի կատարողական, որի կատարված աշխատանքների ծավալը՝ իր թերություններով եւ դրանց ծավալներով, գերազանցել է այն շրջանին, երբ մենք չունեինք քաղաքապետ, երբ 2018 թվականն էր, կար անցումային շրջան։ Եվ երբ այդ ժամանակվա կատարողականն էր վատ, մենք դա հասկանում էինք, որովհետեւ կար անցումային շրջան։ Հիմա ցուցանիշն ավելի վատն է, քան 2018 թվականինը։ Այսինքն՝ մարդիկ, որ պետք է եզրաքար փոխեին, աշխատանքներ կատարեին, հիմա այդ աշխատանքները կա՛մ թերի են կատարվել, կա՛մ ընդհանրապես չեն արվել»,- նշեց նա։

Խաժակյանի խոսքով՝ այս ամենը խոսում է կառավարչական հմտությունների բացակայության մասին։ «Ինչքան ժամանակ անցել է, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք իրենց լուծումը չեն ստանում։ Ժամկետները չեն կատարվում իրենց խոստումների։ Օրինակ՝ նախատեսել են գումարներ ծախսել զբոսաշրջության վրա Երեւանում, որ զբոսաշրջիկներն ավելի շատ գան, սակայն տեսնում ենք, որ այդ գումարների հետ կապված ծախսեր չեն կատարվել, մրցույթներ չեն հայտարարվել»,- նկատեց Խաժակյանը։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031