Հասարակությունը պետք է ստանա հոդաբախշ բացատրություններ, թե ինչու մինչև հիմա լուծված չէ դատական իշխանության ճգնաժամը: Հասարակությունը պետք է հասկանա, ինչ չափորոշիչներով է որոշվում, որ այնինչ կոռումպացված նախկին պաշտոնյան պետք է շարունակի մնալ կալանավորված, բայց մյուսը, որն ունի ավելի կոռումպացվածի համբավ, կարող է ազատ արձակվել, իսկ նրա վերաբերյալ քրեական գործը կարճվել: Կա՞ ինչ-որ սանդղակ կամ մեկ այլ չափման միավոր, թե՞ յուրաքանչյուրի դեպքում ցուցաբերվում է անհատական վերաբերմունք:
Հաջորդ կարևոր մարտահրավերը լինելու է պետական ապարատի պարգևավճարների հարցը: Իշխանությունը պետք է հասկանա, որ ինքն է մեղավոր պարգևավճարների հանդեպ ժողովրդի վատ ընկալման համար: Երբ հայտարարում ես, որ եկել ես առաքելություն կատարելու, բայց հետո հազարավոր դոլարներով ինքնապարգևատրվում ես, հասարակությունը կարող է կասկածել քո ազնվությանը: Հասարակության մյուս հատվածը նույնպես հարցեր ունի պարգևավճարների վերաբերյալ: Ինչո՞ւ մինչ այժմ վերացված չէ այդ ինստիտուտը, ինչո՞ւ պարգևավճարների փոխարեն չբարձրացնել աշխատավարձերը և դրանով փակել շահարկումների թեման: Ինչո՞ւ քաղաքական կամքի բացակայությունը, պետք է լուրջ խնդիրներ ստեղծի հանրային ընկալման մեջ:
Հաջորդ կարևոր խնդիրը կադրային ձախողումներն են: Հասարակությունը վարչապետից ավելի վճռական քայլերի է սպասում՝ ձախողված և իրենց ծառայողական պարտականությունները տապալած նախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հեռացման գործում: Նրանցից ոմանց հեղափոխության ակունքներում կանգնած կամ ավելի ճիշտ՝ քայլած լինելը այլևս ինդուլգենցիա չէ ժողովրդի համար:
Ամփոփելով՝ նշենք, Քաղաքացիական պայմանագրի և իշխանության թիվ մեկ անփոխարինելի քարոզիչը՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է շատ լրջորեն պատրաստվի ժողովրդի հետ առաջիկա առերեսմանը: Ժողովուրդը կուտակել է բավական քանակության հարցեր: Տրված հարցերի պատասխաններից էլ կախված է հանրաքվեի ելքը:
Կարդացեք նաև
Արիս Վաղարշակյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում