Երեկ YouTube-ում հանդիպեցի 1 ժամ 24 րոպե տեւողությամբ մի նյութի, որը կոչվում էր՝ «Մարտի 1-ի գործը, «Այաքս» օպերացիան», որն, ըստ ամենայնի, ստեղծվել էր Ռուսաստանում՝ լրագրող Ռոման Բաբայանի սցենարով:
Թե ինչ է «մարտի 1-ը»՝ մենք բոլորս գիտենք, իսկ ահա «Այաքս» օպերացիան, պարզվում է, ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության օպերացիա է, որը, հեղինակների կարծիքով, տասնամյակներ շարունակ իրականացվել է աշխարհի բազմաթիվ երկրներում՝ սկզբից 1953 թվականին Իրանում, իսկ այնուհետեւ բազմաթիվ երկրներում, ներառյալ՝ Հարավսլավիան, Ուկրաինան ու Վրաստանը: Օպերացիան ուղղված է «5-րդ շարասյան», այսինքն՝ «ամերիկյան ազդեցության գործակալների» միջոցով պետական հեղաշրջման կազմակերպմանը: Ըստ նյութի հեղինակների՝ «Այաքս» օպերացիան իրականացվել է նաեւ Հայաստանում. առաջին անգամ՝ 2008 թվականին, անհաջող, երկրորդ անգամ՝ տասը տարի անց պսակվել է հաջողությամբ:
Սկզբի համար ասեմ, որ որեւէ երկրի հատուկ ծառայության գաղտնի օպերացիան չի կարող տեւել 65 տարի: Ասելով «օպերացիա», մենք սովորաբար նկատի ունենք մեկ գործողություն, որն ուղղված է գլխավորապես մեկ նպատակի: Ինչն, ի դեպ, չես կարող ասել, խնդրո առարկա քարոզչական նյութի հեղինակների մասին, որոնք հետապնդել են մի շարք նպատակներ, եւ, առանձնապես չհետեւելով տրամաբանության օրենքներին, իրար են խառնել տարբեր թեմաներ՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի գովերգումն ու պաշտպանությունը, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի վարկաբեկումը եւ ներկա իշխանությանը որպես հակառուսական ներկայացնելը:
Կարդացեք նաև
Համոզել որեւէ բանական մարդու, որ 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը ոչ մի կապ չունի այդ օրը Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետ, անլուծելի խնդիր է: Ներկայիս վարչապետի եւ նրա «հեղափոխական-բոլշեւիկյան» կառավարության մասին, իհարկե, կարելի է եւ պետք է ասել բազմաթիվ քննադատական խոսքեր, բայց մեղադրել նրան Ռուսաստանին հակադրվելու մեջ, մեղմ ասած, անարդար է: (Երբեմն ավելի արդար կլիներ պնդել հակառակը): Պատմել Հայաստանում ապրող մարդուն, որ 2018 թվականի հեղափոխությունը կազմակերպել էին Պետդեպը, ԿՀՎ-ն կամ Սորոսը, նշանակում է ոչ մի հարգանք չունենալ այդ մարդու հանդեպ:
Այնպես որ դժվար կլինի հանդիպել շատ հայերի, որոնց վրա այդ քարոզչությունը որեւէ ազդեցություն կունենա: (Չնայած ենթադրում եմ, որ, օրինակ, Անդրանիկ Միհրանյանին այդ նյութը դուր կգա): Բայց գուցե հասցեատերը ռուսակա՞ն լսարանն է: Այդ դեպքում կարող եմ պնդել, որ զարգացած, կրթված ռուսաստանցիները նույնպես լուրջ չեն ընդունի իրենց մատուցված քարոզչական նյութը: Իսկ չզարգացածներին այդ բոլոր թեմաները, նրանց լեզվով ասած, «до лампочки»: Միակ ենթադրությունը, թե ինչի համար են նախագծի հովանավորները փող ծախսել, ռուսաստանյան վերնախավին Հայաստանի վրա «գործ տալն է»:
…Եթե դա լրագրողական հետաքննություն է, ապա որտե՞ղ է հակառակ կողմի կարծիքը: Եթե դա «ֆիլմ» է, ապա, հավանաբար, գիտաֆանտաստիկայի ժանրից:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«…մեղադրել նրան Ռուսաստանին հակադրվելու մեջ, մեղմ ասած, անարդար է:»
Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի ԳՔ առումով /խոսքը Յու. Խաչատուրովի պատմության մասին է/ այնքան էլ անարդար չէ, և դրանից ավելի հակառուսական քայլ դժվար է պատկերացնելը՝ լիներ այն գիտակցված թե ոչ:
Մինռդեռ Դուք էիք որ մի օր այս սիւնակում մի անգամ մէջբերել էիք Օսկար Ուայլդի խօսքերը՝ «I am not young enough to know everything»:
Քանի որ ես հակում չունիմ ամէն կողմ օտար ուժերի գործակալներ տեսնելու, կարող եմ միայն հաստատել թէ Հայաստանում ամենաուսեալ, ամենազարգացած, բարձր խելացութեան եւ մշակութային լայն գիտելիքները տէր, նաեւ աշխարհն ալ պտտած անձերը անգամ, իսկապէս չեն հասկանում Արեւմտուքը: Ոնց որ մտային պատ մը կայ այդ ուղղութեամբ (զորս թէ փլած Պերլինի պատին հետ) :
Ուրեմն, վերեւի խորագրին պատասխանելու համար, այդ ֆիլմին հասցէատէրը երեւի աւելի շուտ՝ Դասական Սփիւռքին հայերն են – եւ ոչ միայն անոնք որոնք կ’ապրին արեւմտեան երկիրներում – :
Այս ֆիլմին ծանօթ չէի, լեզուական պատճառներով չկարողացայ լրիւ հետեւիլ, սակայն ձայնը անջատելով եւ գրուածները չկարդալով իսկ կարելի է անդրադառնալ թէ ունի որոշակի կողմնակալութիւն: Սակայն այդքան ստոյգ ու վճռական կերպով զայն ծաղրելը որպէս զուտ երեւակայութիւն, շատ զարմանալի է:
Դեռ համեմատաբար աւելի հեռաւոր ժամանակներ չյիշեցնելու համար, գոնէ եթէ նկատի ունենանք աւելի մօտակայ անցեալին արաբական երկիրներում տեղի ունեցած յեղափոխութիւնները, որոնց հետեւանքը եղաւ այդ երկիրներու անէացումը, այդ ամէնը, ըստ Ձեզի՝ բացարձակապէս ինքնաբուխ, արտաքին որեւէ ազդեցութենէ անկախ, լրիւ ներքին շարժումնե՞ր էին:
Այո՞:
Okay, ուրեմն: