Դպրոցականը համագործակցում է բանկերի, հրատարակչությունների, շոու-բիզնեսի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ
Վերջին շրջանում ՏՏ ոլորտի հայաստանցի մասնագետները պահանջված են աշխարհում, միջազգային տարբեր հարթակներում նրանք արձանագրում են հաջողություններ, ինչից անմասն չեն մնում նաեւ մեր դպրոցականները:
«Առավոտի» զրուցակիցը Թալինի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արման Բարսեղյանն է, որը 2018թ. Բելառուսում առաջին անգամ անցկացված Emerge կոնֆերանսում շուրջ երկու հարյուր մասնակիցներից ընդգրկվել է լավագույն տասնյակում:
Մեզ հետ զրույցում երիտասարդը նշեց, որ անցյալ տարի մասնակցել է Հայաստանում անցկացված միջազգային համաժողովին, մինչ Բելառուս մեկնելն էլ հաղթող է ճանաչվել sevan startup summit-ում: Իսկ թե երբվանից է զբաղվում տեղեկատվական տեխնոլոգիաներով, Արմանն ասաց. «Ես շատ եմ սիրում կենսաբանություն, մշակույթ, բայց գիտական ոլորտը ուրիշ է ինձ համար: Սկսել եմ հետաքրքրվել 3 տարեկանից: Թալինում 2006թ. 1-2 հոգի ունեին համակարգիչ: Բախտս բերել էր՝ նրանցից մեկը մեր հարեւանն էր. գնում էի իրենց տուն ու խաղում: Հետո սկսեցի ավելի խոր ուսումնասիրել, ինչը եւ պատճառ դարձավ ծրագրավորման լեզուներ սովորելուն»: Հետաքրքրվեցինք՝ կոնկրետ Բելառուսում կայացած կոնֆերանսում ի՞նչը զարմացրեց մասնագետներին:
«Ներկայացրել էի համալրված իրականության տեխնոլոգիաները, որոնք մասամբ են կիրառվում եւ կապ չունեն տեխնոլոգիական ոլորտի հետ: Ստեղծել էի Zoomar հավելվածը, ինչը հնարավորություն է տալիս տարբեր առարկաների վրա՝ դասագրքեր, թերթեր, բուկլետներ եւ այլն, սմարթֆոնի միջոցով տեսնել 3D մոդելներ կամ անիմացիաներ: Տեսեք՝ մարդը վերցնում է անծանոթ գիրք եւ սմարթֆոնի օգնությամբ տեսնում է պատկերներ, որոնցով կարելի է պատկերացնել գրքի բովանդակությունը»,- հայտնեց Արմանը:
Կարդացեք նաև
Երիտասարդին փոխանցեցինք մեզ հասած տեղեկությունը, որ նա այսօր արդեն պայմանագրեր է կնքում հրատարակչությունների, բանկերի, շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: Հաստատելով ասվածը, «մեր Գիտունիկը» ընդամենն ասաց, որ այս պահին համագործակցում է «Անտարեսի» հետ եւ սիրով առանձնացրեց իր աշխատանքը շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչներից Սիրուշոյի հետ. «Սիրուշոյի հետ համագործակցության արդյունքում ստեղծվեց ինստագրամյան ֆիլտրը, որը նախատեսված է ճանաչված արտիստի մեկնաբանմամբ հանրահայտ «Զոմա, զոմա» երգի տեսահոլովակի համար»: Խնդրեցինք մանրամասնել: «Աշխատանքս երեւում է ոչ թե տեսահոլովակում, այլ երգի գովազդային հոլովակում, որտեղ երեւում է կատարողը՝ վայրկյան առ վայրկյան փոփոխվող ատրիբուտներով՝ ակնոց, զարդեր եւ այլն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե իրեն՝ երիտասարդին, օրինակ, հրատարակիչները ձեռքից ձեռք չե՞ն խլում, նա հիշեցրեց, որ այսօր «Անտարեսի» հետ է համագործակցում եւ կարելի է վերցնել այդ հրատարակչության տպագրած «Փոքրիկ իշխանը» ու սմարթֆոնի միջոցով, ինչպես վերեւում նշեց, ծանոթանալ ոչ միայն բովանդակությանը, այլեւ էլ ավելի հետաքրքրական՝ ձայնային, գունային էֆեկտների, պատկերների, շարժումների միջոցով «ընթերցել» գիրքը:
Զրույցի ընթացքում Արմանն անկեղծացավ, թե մտադիր է ուսանել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանում, հետո էլ «սթափվելով»՝ նշեց նաեւ Երեւանի պետական համալսարանը:
Կատակեցինք, թե իրեն տաղանդավոր համարո՞ւմ է: «Գիտունիկը»՝ Արման Բարսեղյանը, պատասխանեց. «Թույլ տվեք նկատել, որ ինձ հաճախ որակում են տաղանդավոր, նույնիսկ հանճա՜ր որակմանն եմ արժանացել, բայց մի բան գիտեմ. ես ընդամենը տարբերվում եմ իմ հասակակիցներից, կներեք՝ դա փաստ է»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2020