Լրահոս
Օրվա լրահոսը

«Գենետիկական նույնականացումը հնարավոր չէ կեղծել». Դիանա Հարությունյան

Մարտ 06,2020 12:00

«Մենք՝ փորձագետներս, սովոր չենք հատուկ ուշադրության»,- առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի փորձագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Դիանա Հարությունյանն այս նույն արտահայտությունը մեր զրույցում արեց երկու տարբեր առիթներով՝ երկու դեպքում էլ փոխանցելով հաճելի զարմանքը։ Առաջինը, որ լրագրողին հետաքրքրել են փորձագետն ու իր գործը, մյուսը մի քիչ ավելի վաղ ժամանակների զգացողություն էր, երբ երկու գործընկերի հետ ՀՀ նախագահի մրցանակին արժանացավ։ Կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ-ի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Մհեր Բիշարյանը, մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը եւ նա Բժշկագիտություն անվանակարգում այս մրցանակին արժանացան 2018-ին՝ «ՀՀ տարածքում անձի նույնականացման եւ փորձաքննության նպատակով կատարած պոպուլյացիոն դիմածնոտային եւ գենոմային հետազոտություններ» աշխատության համար։

– Մեր գիտական ուղղությունների նախաձեռնողը Մհեր Բիշարյանն էր՝ թե՛ փորձագիտական կուտակած տվյալների, թե՛ գաղափարի առումով։ Չէինք մտածել, որ մեր աշխատանքը մի օր կարող էր այդպիսի արձագանքի արժանանալ։ Չնայած մեր ղեկավարը բավական վստահ էր, քանի որ ուսումնասիրության արժանիքներն ամենալավն ինքն էր պատկերացնում։ Ի դեպ, ավելի քան 100 այլ հեղինակավոր գիտական հոդվածներում հղումներ կան այս աշխատանքին։ Իսկ բնակչության դիմածնոտային առանձնահատկությունների շուրջ Բիշարյանի ստացած տվյալներն անձի նույնականացման համար լայնորեն օգտագործվում են առօրյա փորձագիտական աշխատանքներում թե՛ մեզ մոտ եւ թե՛ արտասահմանում… Անսպասելի էր նաեւ այն առումով, որ սա այնպիսի ոլորտ է, երբ մեր կատարած աշխատանքից լինում են ե՛ւ գոհ մարդիկ, ե՛ւ այնպիսիք, որոնք որոշակի առումով համաձայն չեն լինում մեր եզրակացությունների հետ։

– Չէ՛, լրագրողներիս «պրոդուկտին» անհամաձայններն ավելի շատ են լինում։

– Չե՛մ կարծում։ Բայց ասեմ, որ գենետիկական փորձաքննությունը խիստ արժանահավատ է։ Փորձաքննությունների հիմքում ընկած է յուրաքանչյուրիս ԴՆԹ բնութագրի եզակիությունը, բացառությամբ միաձվանի երկվորյակների, քանի որ նրանք կրում են նույն ժառանգական ինֆորմացիան, այլ կերպ ասած՝ ունեն նույն ԴՆԹ բնութագրեր։ Գիտությունը դեռեւս չի սովորել դա էլ տարբերակել։

Մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժինն ուղիղ 20 տարի առաջ է ստեղծվել, 2019թ. հագեցել է արդիական շատ կարեւոր, միջազգային բարձր մակարդակի սարքավորումներով (այս մասին պատմելիս գիտնականի աչքերը հպարտ փայլում էին)։ Բաժինը նախաքննություն եւ հետաքննություն իրականացնող մարմինների որոշումների հիման վրա դեպքի վայրում հայտնաբերված կենսաբանական հետքերով կատարում է գենետիկական փորձաքննություններ, ապա՝ անձի նույնականացում. «Մեր ստացած տվյալները բարձր վստահություն ունեն նաեւ Հանրապետության սահմաններից դուրս»,-ասաց զրուցակիցս։

ՀՀ նախագահի մրցանակը Դիանա Հարությունյանի առաջին եւ առայժմ միակ մասնագիտական մրցանակն է:

– Եթե անկեղծ ասեմ, սկզբում չգիտեի էլ, որ գումար էլ է լինելու։ Դա էլ էր հաճելի անակնկալ։ Մհեր Բիշարյանը մրցանակի գումարի իր ամբողջ բաժինը ներդրեց մեր լաբորատորիաների վերազինման, սարքավորումների արդիականացման համար։ Առաջարկեցինք մերն էլ ներդնել, լսել անգամ չուզեց… Ես էլ, դե որ առաջին դեպքն էր, երբ իմ մասնագիտությունն ինձ զգալի գումար էր բերել, որոշեցի ներդնել իմ ընտանիքի ավելի մեծ քայլերով առաջընթացին, ու այդպես էլ արեցի, հատկապես որ տղաներս մամային ավելի շատ տեսել էին անվերջ սովորելիս, ուշ տուն գալիս, գիշերները կարդալիս… Մեծ տղաս՝ Վահեն, 21 տարեկան է, դրսում գինեգործի կրթություն ստացավ, վերադարձավ, այստեղ է աշխատում։ Դավիթը շուտով 16 տարեկան կդառնա, ֆիզմաթ դպրոցում է սովորում, երաժիշտ է, դեռ չի ընտրել ապագա մասնագիտությունը։

Մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժինը գործնական աշխատանքին զուգահեռ՝ գիտական ծրագրեր է իրականացնում։ Շարունակվում են աշխատանքները նույնականացման ճշգրիտ տվյալներ ստանալու համար, քանի որ անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն անձի էթնիկ ծագումը, այլեւ անձի ծննդավայրի աշխարհագրական դիրքը Հայաստանի Հանրապետության տարածքում:

– Հայկական գենի յուրահատկությունն է, որ մենք, որպես կանոն, միգրացիայի ենթարկվել ենք, բայց միգրացիոն հոսքեր չենք ընդունել, այդ իսկ պատճառով գենետիկորեն շատ միատարր ենք։ Սակայն այդ հանգամանքը խոչընդոտ չէ գենետիկական նույնականացման գործում։

– Միջազգային գիտական հանրությունն ընդունո՞ւմ է տեսակետը, որ արդեն 8 հազար տարի է՝ այդ նույն գենետիկ միատարր հավաքակազմով մենք այստեղ ենք։

– Իրենք չեն նշում՝ մենք 8 հազար տարի այստե՞ղ ենք եղել, թե՞ ոչ, քանի որ յուրաքանչյուր անձի գենետիկական բնութագիրը յուրահատուկ է եւ տարբերվում է մեկ այլ անձի գենետիկական բնութագրից՝ անկախ նրա ազգային պատկանելությունից: Հատկապես խոշոր գիտնականները չեն տեղայնացնում տվյալները։ Սակայն մեր աշխատանքների հիմքում ընկած են առանձին գեների հանդիպման հաճախականության ուսումնասիրությունները հայկական պոպուլյացիայում եւ ստացված տվյալների համեմատումը այլ պոպուլյացիաների հետ՝ որոշելու համար մեր ազգային գենետիկական յուրահատկությունները: 

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ նախագահի մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Մրցանակներն ավանդաբար մայիս ամսին ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը եւ Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։

«Առավոտ» օրաթերթ
05.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031