ՀՀ վարչական դատարանում է գտնվում Արամ Առաքելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գործը: Ա. Առաքելանի ներկայացուցիչն է իրավապաշտպան Ռոբերտ Ռեւազյանը:
Վերջինս վիճարկում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ Արամ Առաքելյանին 31.03.1994 թվականի, 10.04.1994 թվականի, 21.04.1994 թվականի, 13.07.2005 թվականի, 29.12.2009 թվականի, 26.01.2010 թվականի եւ 22.03.2011 թվականի տույժի ենթարկելու որոշումները, պահանջում անվավեր ճանաչել դրանք, ինչպես նաեւ վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը եւ ընդունել հայցադիմումը: ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռ. Խանդանյանի անցյալ տարվա ապրիլի 1-ի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը եւ հայցադիմումի ընդունումը մերժվել է: Արամ Առաքելյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռեւազյանը ներկայացրել էր վերաքննիչ բողոք, որը 2019թ. մայիսի 10-ի որոշմամբ ընդունվել էր վարույթ: Ուշադրության արժանի է այն, որ վերաքննիչ բողոքին պատասխան չի ներկայացվել: Արամ Առաքելյանը 1995 թվականի հունվարի 25-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվել է մահապատժի: 2003 թվականի օգոստոսի 1-ի ՀՀ նախագահի հրամանագրով նրան ներում է շնորհվել եւ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
2019թ. մարտի 5-ին ցմահ դատապարտվածի ներկայացուցիչը դիմել է ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, խնդրելով տրամադրել Արամ Առաքելյանին տույժի ենթարկելու վերաբերյալ որոշումների եւ վարույթում առկա փաստաթղթերի պատճենները:
Տասն օր հետո՝ մարտի 15-ին, ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացվել է Ա. Առաքելյանին կարգապահական տույժերի ենթարկելու վերաբերյալ 27 էջից բաղկացած նյութերի պատճենները: Մարտի 21-ին Առաքելյանի անունից Ռ. Ռեւազյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՔԿՀ-ի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նաեւ միջնորդություն էր ներկայացվել, որ «եթե վարչական դատարանը գտնի, որ իրենց կողմից թույլ են տրվել բողոքարկման ժամկետի խախտումներ, ապա այդ ժամկետի բացթողումը համարել հարգելի»:
Կարդացեք նաև
ՀՀ վարչական դատարանն անցյալ տարվա ապրիլի 1-ին բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը եւ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումներ է կայացրել:
Հիմնավորումը հետեւյալն է. «Դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 22.01.2019 թվականի թիվ 1439 որոշմամբ արձանագրվել է, որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկման հետ կապված գործերը ենթակա են քննության ՀՀ վարչական դատարանի կողմից, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, քանի դեռ պատժի կատարման հետ կապված կոնկրետ գործի, նյութի կամ հարցի քննության իրավասությունն օրենքով հստակ վերապահված չէ քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանին: Այսինքն՝ Սահմանադրական դատարանն, ըստ էության, լուծել է քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկման հետ կապված գործերի ենթակայության հարցը, մինչդեռ այն չի ենթադրում որոշակի ժամկետի սահմանում դատական պաշտպանություն հայցելու: Այսինքն՝ Հայցվորը պարտավոր էր ձեռնամուխ լինել իր իրավունքների դատական պաշտպանության իրացմանը անկախ գործի ենթակայությունից, այլ կերպ ասած՝ անձը չի կարող քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկման ժամկետի սկիզբ հաշվարկել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման կայացման օրը եւ վիճարկել այնպիսի վարչական կամ ռեալ ակտ, որի վերաբերյալ անձի իրազեկվելուց որոշակի ողջամիտ ժամկետ է բաց թողնվել եւ դրանց դատական վերանայման պարագայում դատարանը գործի օբյեկտիվ քննության անհնարինություն կարող է ունենալ»: Ի դեպ, կողմն այդ որոշումը ստացել է ապրիլի 18-ին:
Ըստ իրավապաշտպան Ռ. Ռեւազյանի բողոքի. «Արդար դատաքննության իրավունքի իրացման յուրաքանչյուր սահմանափակում պետք է նախատեսված լինի օրենքով, ունենա օբյեկտիվ հիմնավորում եւ անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում, եթե չկա օրենքով նախատեսված սահմանափակում, ապա անձը ազատորեն կարող է օգտվել այդ իրավունքից»:
Ինչ վերաբերում է այն փաստարկին, թե նախկինում նման գործերը քննվում էին ընդհանուր իրավասության դատարաններում, ընդ որում՝ ժամկետային առումով սահմանափակումներ չկային, անձը կարող էր ցանկացած պահի դիմել դատարան իր իրավունքների պաշտպանության համար, բողոքաբերը հիմնավորել էր, Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 30.03.2016թ. քննված թիվ ԵԷԴ/0003/15/16 գործը վկայակոչելով: Այդ գործով ցմահ ազատազրկման դատապարտված անձը վիճարկել է տարիներ առաջ քրեակատարողական հիմնարկի կողմից իր նկատմամբ կիրառված տույժերի օրինականության հարցը, եւ ընդհանուր իրավասության դատարանից հետո գործը հասել է վերադաս դատարաններ, բողոքարկման ժամկետի խախտման մասին ակնարկ անգամ չի եղել:
«Ստացվել է մի իրավիճակ, որ մինչեւ 2019թ. հունվարի 21-ը անձն ուներ իրավունք բողոքարկելու քրեակատարողական հիմնարկի տույժի ենթարկելու որոշումները, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի 22.01.2019 թվականի թիվ 1439 որոշումից հետո հանկարծակի կորցրել է այդ իրավունքը, առանց որեւէ հնարավորության: Նման մոտեցումը հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն սկզբունքին, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Դատական իրավունքի սահմանափակումը չի կարող լինել անսպասելի եւ անկանխատեսելի, առանց հստակ խաղի կանոններ սահմանելու եւ առանց անձին հնարավորություն տալու առաջնորդվելու նոր սկզբունքով»,-պնդում է բողոքաբեր կողմը: Տեղեկացնեմ, որ ՍԴ-ի որոշման հետ կապված էլ Վարչական դատարանի դիրքորոշումը հետեւյալն է. «Միեւնույն ժամանակ դատարանի գնահատմամբ, եթե անգամ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ սահմանվել է որոշակի գործերի քննության ենթակայություն ՀՀ վարչական դատարանին եւ անձինք նշված գործերով իրավունքի պաշտպանություն հայցելիս որպես հայց հարուցելու իրավունքի ծագման պահ պետք է հիմք ընդունեն ՀՀ Սահմանադրական դատարանի 22.01.2019 թվականի թիվ 1439 որոշման ընդունման պահը (ասվածը վերաբերում է մինչեւ Սահմանադրական դատարանի որոշման կայացումը քրեակատարոդական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողություններին (անգործությանն), ապա դատարանն արձանագրում է, որ հայցվորը հայց է հարուցել 25.03.2019 թվականին, այսինքն՝ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահից երկամսյա ժամկետի բացթողմամբ, իսկ վիճարկվող որոշումների պատճենները 15.03.2019 թվականին ստացած լինելու վերաբերյալ որեւէ ապացույց չի ներկայացվել, բացի այդ, վիճարկվող որոշումների պատճենները 15.03.2019 թվականին ստացած լինելը դեռեւս չի վկայում այն մասին, որ անձն իրազեկվել է 15.03.2019 թվականին»:
Բողոքաբեր կողմի տեղեկացմամբ, ՀՀ Սահմանադրական դատարանը հիշատակված որոշումը կայացրել էր 22.01.2019թ., այսինքն՝ հայցը հարուցվել է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման կայացման պահից սկսված մինչեւ երկամսյա ժամկետը. «Այս հանգամանքը փաստում է, որ դատարանը ակնհայտ սխալ եզրահանգման է եկել, նշելով, որ հայցը հարուցվել է 25.03.2019թ.»:
Բողոքաբեր կողմի գնահատմամբ, վարչական դատարանն իր որոշմամբ ընդհանրապես չի անդրադարձել պետական մարմնի օրենքով սահմանված կարգով որոշումը հասցեատիրոջը հանձնելու եւ բողոքարկման կարգի պարզաբանելու պարտավորության չկատարմանը՝ ամբողջ մեղավորությունը բարդելով հայցվորի վրա: Հղում կատարելով ՄԻԵԴ որոշումներին, Ռ. Ռեւազյանը նշել էր. «Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ եւ կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, եւ այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59)»: Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին՝ Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարեւոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2020