Լրահոս
Օրվա լրահոսը

«2003-ի «ուրվականների» հանրաքվեն չդարձավ Ռոբերտ Քոչարյանի վստահության հանրաքվե»

Մարտ 06,2020 14:00

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը

-ՍԴ դատավորները հրաժարվեցին արտոնյալ պայմաններով վաղաժամ թոշակ ստանալու առաջարկից, կարծիք կա, որ այդպիսով նրանք իրենց անունները ոսկե տառերով գրեցին հայոց պատմության էջերում: Համամի՞ տ եք այդ գնահատականների հետ:

-Հրաժարական չտալու դիմաց նրանք, կարծում եմ, պատմության «վաստակաշատ» կեղծարարներից այնպիսի փոխհատուցում կստանան, որ ոչ թե ոսկե տառեր, այլեւ տառերի մեջտեղում էլ ադամանդե քարեր կարող են շարել։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանի օրոք պատմության դասագրքերում Մարտի 1-ի մասին օրվա իշխանություններին ինչ հարմար էր, գրել էին ու հանձնել պատմությանը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը մի ինքնակենսագրական գիրք է գրել ու ինքնագովեստի մի այնպիսի դոզա տվել, որ չեմ կողմնորոշվում՝ նրան խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնե՞լն է ճիշտ, թե՞ հարկ է դիմել Մայր Աթոռ՝ սրբադասելու նրան։

Սերժ Սարգսյանն իր «հագով» Սահմանադրություն էր պատվիրել, որն իրեն հնարավորություն էր տալու պաշտոնավարել ցմահ։ Մասնագիտական հանձնախումբը կատարել էր այդ պատվերը, բայց Սարգսյանը նրանց ծառայությունը դրանով բավարար չէր համարել, այլ նրանց ստորացրել ու քցել էր քուչեքը, թե գնացեք ժողովրդին համոզեք ձեր գրածը։ Մարդկանց բացատրում էին, թե այժմ արդեն որակապես նոր ՍԴ ենք ունենալու, ոչ միայն 12 տարի ժամկետով ընտրված դատավորներ, այլեւ ՍԴ նախագահն էլ ընդամենը վեց տարով է պաշտոնավարելու ու ընտրվելու է ՍԴ դատավորների կողմից։ Բացի այդ, ՍԴ դատավորի անձեռնմխելիության ծավալն էր նվազեցվել նոր Սահմանադրությամբ։ Ու այսքանից հետո Հրայր Թովմասյանը հապշտապ, հին սահմանադրության կարգավորումներով ընտրվեց ՍԴ նախագահ մինչեւ 2035 թվականը պաշտոնավարելու իրավունքով, ընտրվելով ԱԺ-ի կողմից։ Հիմա այս ամենը հանդուրժած ՍԴ վեց դատավորները պարզվում է սկզբունքային են, երբ իրենց իրավունքից զրկել են ու իրենց գլխին Սերժ Սարգսյանին հաճո կադրին կարգել մինչեւ թոշակի տարիքը, հիմա իրենք ուզում են, որ հասարակության կողմից մերժված Սարգսյանի կամքը մի տասնհինգ տարի դեռ կատարվի՞։ ՍԴ դատավոր կարկառուն իրավաբանները չեն հասկացե՞լ, որ իրականում իրենք պաշտպանում են ոչ թե օրենքը, այլ Սերժ Սարգսյանի դիրքերը, որ նա՝ նախագահ լինի, վարչապետ, թե թոշակառու՝ իրենք հավատարիմ են Սարգսյանին, մինչեւ մահը կբաժանի նրանց։ Ուղղակի դիզվառելիքի դատավարությունը երրորդ նախագահի համար առաջին փորձաքարն է, բավական է համոզվեն, որ Սարգսյանին չհաջողվեց խուսափել պատժից, այլ համարձակներ էլ կգտնվեն ու նոր գործեր կբացվեն նրա դեմ։ Այ դրա համար է, որ ամեն գնով Սարգսյանն ուզում է ցույց տալ, որ չի կորցրել իր դիրքերը։ Իսկ դատարանի առաջ երրորդ նախագահի Արցախի հարցով «կրակոտ» ելույթն առնվազն մեղմ հեգնախառն ժպիտ է առաջացնում դիզվառելիքի գողության մեջ մեղադրվողի հանդեպ։

-Սակայն, Նիկոլ Փաշինյանը կարծես չի շտապում փոխել Սերժ Սարգսյանի «հագով կարված» Սահմանադրությունը:

-Դա ժամանակի հարց է, քանի Փաշինյանի իշխանությունը չի դարձել ինստիտուցիոնալ իր ողջ ծավալով, ու մեկ անձի հանրային աջակցությունով է պայմանավորված շատ հարցերի լուծումն ու ձախողումը, պետք չէ շտապել թուլացնել այդ մեկ անձի դիրքերը: Դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը կառաջանա հանրաքվեի հաջող արդյունքից հետո, երբ նախկինների վերջին բաստիոնը կփլուզվի: Իսկ հիմա, ինչպես ասում են՝ «Պատերազմում՝ ինչպես պատերազմում»:

– Տեսակետ կա, որ «նախկինների  վերջին բաստիոնի» փլուզում ասելով, իշխանությունն, իրականում իրեն հպատակ ՍԴ է ցանկանում ձեւավորել:

-ՍԴ դատավորի թեկնածուն պետք է անցած ճանապարհ ունենա, կնշանակի դժվար է պատկերացնել, որ պարտականությունը ստանձնելով կարող է դառնալ Փաշինյանի հպատակ, առավելեւս, որ վարչապետն ինքն է խոստովանում, որ զերծ չէ կադրային սխալներից:

– Ձեր կարծիքով, ի՞նչ կապ ուներ Արցախի հարցը Սերժ Սարգսյանի դատավարության հետ: Արդյոք, դատարանի մոտ իր հայտարարությամբ, Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղում` իրեն դատում են, որպեսզի Արցախի հարցում ոչ հայանպաստ լուծումների գնան։

-Սերժ Սարգսյանը դատարանի դիմաց հայտարարեց, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Իսկ ո՞ր դեպքում կարող է դա լինել. երբ Ադրբեջանը գրավի Արցախը, կամ երբ Արցախի իշխանությունները որոշում կայացնեն ու հանրաքվեի արդյունքներով մտնեն Ադրբեջանի կազմ։ Սրանցից որը՞ կարող է կանխել պաշտոնաթող Սարգսյանը։ Ի՞նչ է անելու, երբ Ադրբեջանը պատերազմ սկսի, քաշելու է քթերը ու հրեղեն ձիով թուր կեծակին օդերով գնալու է ու միայնակ պատերազմը հաղթի՞։ Թե՞ գնալու է պարտադրի Արցախի ժողովրդին ու իշխանություններին, որ հանկարծ չփորձեն որոշում կայացնել՝ մտնելու Ադրբեջանի կազմ։ Սա ի՞նչ տխմարություն է. այդպիսի արհամարհական վերաբերմունք Արցախի ու արցախցու հանդեպ չի ցուցաբերել անգամ Ադրբեջանը: ժամանակին հաշվի էր նստում անկախ Արցախի իշխանությունների հետ, նրանց նամակով դիմում, նրանց հետ միասին զինադադարի պայմանագիր ստորագրում, իսկ արցախցին հանրաքվեի միջոցով անկախության որոշում կայացնում։ Բա Արցախը պահող էր Սարգսյանը, ինչո՞ւ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, եթե այդքան լավ բանակցող էր գործը պատերազմին չպիտի հասներ։ Այդ ինչպե՞ս եղավ, որ մեր հետախուզական ծառայությունը հայտնեց թշնամու կենդանի ուժի ու զինտեխնիկայի կուտակումների մասին շփման գծի երկայնքով, իսկ մենք պատերազմին անպատրաստ էինք, ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Ինչպե՞ս եղավ, որ Սարգսյանն ապրիլյան պատերազմի օրերին հայտարարեց, որ Ադրբեջանի հետ զինադադարի հարցով կբանակցեն միայն այն դեպքում, երբ նրանք հետ քաշվեն մինչ ապրիլի 2-ի դիրքերը, բայց նրանք չվերադարձան նախկին դիրքերին, իսկ Հայաստանը բանակցեց Ադբեջանի հետ ու զինադադար հայտարարվեց, ու դրանից հետո էլ Ադրբեջանը չվերադարձավ նախկին դիրքեր։ Ինչպես եղավ, որ թաքցվում էր, թե քանի հեկտար հող ենք կորցրել, բայց երբ դա պարզ դարձավ, հայտարարեցին, թե անպետք, անմշակ հողեր էին։ Ինչպե՞ս եղավ, որ հենց պատերազմի առաջին պահին շոկն անցավ ու հայկական ուժերն արդեն անցան հակահարձակման, Սարգսյանը կանգնեցրեց մերոնց՝ Մոսկվայում Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերելով։ Հիմա նախկիններն ասում են, թե ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք, նաեւ նշում, թե Փաշինյանը չի պնդում, որ Ադրբեջանը հավատարիմ մնա Վիենայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Մի հարցնող լինի. եթե ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք, այդ ինչո՞ւ ենք Ադրբեջանից աղերսում, որ նա այլեւս ագրեսիա չբանեցնի, բա հաղթել ենք, ինչո՞ւ մեզանից չի վախենում Ադրբեջանը, որ ուզում ենք նրան սաստել միջազգային պարտավորություններով։ Իհարկե մեր նախկին իշխանությունները հաղթել են ապրիլյան պատերազմում, այդ մենք են պարտվել, որ շուրջ հարյուր ասլան տղերք ու ութ հարյուր հեկտար հող ենք կորցրել, հարյուրավոր վիրավորներ ու հսկայական ավերածություներ ունեցել։ Իսկ Սերժ Սարգսյանն ու իր թիմը հաղթել էին, որ այդքանից հետո նստած էին մնացել իրենց տաքուկ կաբինետներում, որ ժողովուրդը նրանց չի հանել փողոց ու ինքնադատաստանի ենթարկել։

-Հանրաքվեի հարցում դուք «Այո»-ի կողմնակից եք, ի՞նչ կանխատեսումներ ունեք, իշխանությանը կհաջողվի՞ ապահովել անհրաժեշտ 650 հազար «այո»-ն:

-Ինչ խոսք, հանրաքվեին մասնակցությունը սովորաբար լինում է ոչ ակտիվ՝ համեմատած համապետական ընտրությունների հետ։ Առավելեւս, երբ նախկիններն ամեն ջանք գործադրում են, որ հանրաքվեի հանդեպ հետաքրքրությունը նվազեցվի, միեւնույն ժամանակ իրենց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներով, քաղաքական ու հասարակական գործիչների ջանքերով բոյկոտի ագրեսիվ քարոզ են տանում։ Նման պարագայում անհրաժեշտ շուրջ 650.000 ձայն հավաքելը հեշտ չէ, բայց եթե դա չհավաքվի, նախկինները դա դիտարկելու են իբր Փաշինյանին հանրության կողմից անվստահություն հայտնելու հիմք, դեռ անցյալ տարվանից փայփայած ու այդպես էլ կյանքի չկոչված «կոնսենսուս մինուս մեկ»-ն են առաջ բերելու, ուստի ամեն ինչ պետք է անել, որ բավարար չափով «այո»-ն հավաքվի, ու կարողանանք ասել, որ եթե անգամ հանրաքվեի հարցում նախկինների կանխատեսումները չիրականացան, գուցե համբերատար նախապատրաստվեն հաջորդ ընտրություններին, ու վերջապես իրենց վրայից մաքրեն դարանակալ հարձակվողի, չարախնդացողի, քաղաքական «բայղուշի», ռեւանշիստի ու նենգ հակառակորդի խարանը։ Դա առաջին հերթին հենց իրենց է պետք։

Երբ Քոչարյանը 2003-ի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ անհրաժեշտ ձայներ չհավաքեց, ՍԴ-ի կողմից առաջարկված վստահության հանրաքվեն էլ՝ կապված 2003-ի խայտառակ նախագահական ընտրությունների հետ, իր հրոսակախմբերով 2004-ի ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում տապալեց, իսկ 2005 թվականի հանրաքվեին շուրջ հարյուր հիսուն հազար մարդ մասնակցելու պարագայում մի 10 անգամ ավել թիվ նկարվեց, իսկ միջազգային կառույցները որակեցին դա որպես «ուրվականների» հանրաքվե, ինչ որ չեմ հիշում, որ այսօր հանրաքվեի չանցնելը վարչապետին անվստահություն դիտարկողներն այն ժամանակ դա համարեցին Քոչարյանին հայտնած անվստահություն ու նրա հրաժարականը պահանջեցին։

Երբ 2015 թվականի սահմանադրության հանրաքվեից առաջ Սերժ Սարգսյանը քաղաքական ու հասարակական կոնսոլիդացիայի իմիտացիա ստեղծելու առիթով ամենաբիրտ ձեւով ճնշում էր գործադրում դրան դիմադրող երկրի թիվ երկու քաղաքական ուժի ու նրա ղեկավարի հանդեպ, հայտարարում, թե ով իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվել, իսկ ով չարիք է դարձել ու պետք է դուրս գա քաղաքանությունից, ոնցոր այսօրվա նրա կողմնակիցները մոռացել են, թե ինչ մթնոլորտ էր երկրում, քանի հոգու բանտերը լցրեցին, այդ հանրաքվե՞ն էր օրինական։

Երեւի անցյալի հարուստ փորձն է հիմք տալիս կարծելու, որ եթե անհրաժեշտ ձայները չհավաքվեն, այսօր եւս կեղծելու են հանրաքվեն, քանի որ Տիգրան Մուկուչյանը հայտնի ընտրակեղծարար է։ Մի կողմ թողնենք Մուկուչյանին տրված այդ գնահատականը որքանով է համապատասխանում իրականությանը, ուղղակի փաստենք. այդ համբավը ո՞ր իշխանության ժամանակ է ձեռք բերել Մուկուչյանը եւ ինչի՞ համար։

Հիշենք վերջապես կենդանի դասականի հայտնի խոսքեր. «Որպեսզի ապրենք լուսավոր Հայաստանում, բարգավաճ Հայաստանում, արդար Հայաստանում, օրենքի երկիր Հայաստանում, իրոք անհրաժեշտ է, որ հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»: Այո՛, այսօր էլ վստահաբար կարող ենք պնդել, որ հանգած հրաբուխները չեն էլ կարող արթնանալ, անգամ այն պարագայում, երբ զօրուգիշեր «ինքնաբզբզվում» են։ Պետք է կարողանան հաշտվել իրենց պարտության հետ ու մի կողմ քաշվեն, բայց դրա համար առաջին հերթին արժանապատվություն պետք է ունենալ, որի պարագայում միայն հաղթանակն էլ, պարտությունն էլ կընդունես արժանապատվորեն։

Թող որ այս հանրաքվեն հաջողությամբ պսակվի, անցյալը թողնենք պատմաբաններին, վերջապես գիծը քաշենք ու առաջ անցնենք։

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031