Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն քիչ առաջ հաստատեց, որ Կորոնավիրուսի ևս 5 նոր դեպք կա։
4-րդ դեպքի մասին նա հայտնել էր առավոտյան հատուկ բրիֆինգի ժամանակ։
«Այժմ պարզ է դառնում, որ բոլոր 5-ը Իտալիայից միասին են վերադարձել։ Սրանք միմյանց հետ կապ ունեցող դեպքեր են` ընտանիքի ներսում։ Նրանք բոլորը հանդիպել են Իտալիայում ու կիրակի վերադարձել Վրաստան»,- ասել է Գամկրելիձեն` հստակեցնելով, որ բոլոր վարակվածները միջին տարիքի են, տարեցներ ու երեխաներ չկան։
9 վարակակիրներից միայն մեկի մոտ է (44-ամյա տղամարդը, ում մոտ վիրուսը հաստատվեց այսօր առավոտյան) հիվանդությունն ընթանում ծանր ֆորմայով ու հատուկ ուշադրության կարիք ունի։
Կարդացեք նաև
Կարանտինում այս պահին 162 մարդ է, ստացիոնարում` 45, նրանց փորձանմուշների պատասխանները կլինեն առաջիկայում։
Միաժամանակ մասնագետն ասել է, որ գլոբալ համաճարակի՝ պանդեմիայի մասին դեռևս վաղ է խոսել։ Պանդեմիա այն դեպքում է, երբ հիվանդությունն արագ տարածվում է բոլոր երկրներում, բոլոր մայրցամաքներում։ Գամկրելիձեն ասել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրներին կոչ է արել մոբիլիզացնել առողջապահական բոլոր ռեսուրսները՝ հարկ եղած դեպքում պանդեմիային դիմագրավելու համար։