Վերաքննիչ դատարանն այսօր հետաձգեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու պաշտպանի ներկայացրած բողոքի քննությունը: 2020թ. հունվարի 30-ին ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված նախկին պատգամավորի որդու՝ Դավիթ Մովսիսյանի պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Մովսիսյանի խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ: Մովսիսյանի պաշտպան Գոռ Գեւորգյանի խոսքով՝ նիստը հետաձգվեց՝ դատախազությունը պատշաճ ծանուցված չի եղել պատճառաբանությամբ, մեղադրող դատախազը չէր ներկայացել: Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 26-ին:
Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:
Անդրադառնալով իր պաշտպանյալի հոր՝ Առաքել Մովսիսյանի դիտարկումներին, թե «աֆիցերները իրենց քամակը փրկելու համար զինվորին են փուռը տալիս» եւ կոնկրետ դեպքով կալանավորված զինվորները կապ չունեն դեպքի հետ, Գոռ Գեւորգյանն ասաց. «Ոչ թե աֆիցերներն են մեղավոր, այլ իրականում, երբ զորամասում ինչ որ դրվագ է տեղի ունենում, բնականաբար, սահմանափակ զինծառայողներին հետեւելու համար կա սպա, նա պետք է հետեւի զինվորների կարգապահությանը, բարոյահոգեբանական վիճակին, բայց ինչպես Մովսիսյանն էր ասում՝ Զինված ուժերում ոչ մի սպա պատասխանատվություն չի կրում:
Պաշտպանյալիս հայրն ասում է՝ շեշտադրումը պետք է դրվի սպաներին պատասխանատվության կանչելու հարցի վրա, որ բանակում բարոյահոգեբանական վիճակը շտկվի: Իրավացի է Մովսիսյանը, որովհետեւ բանակում գոյություն ունեցող ամեն խնդիր, որ կա, այդ խնդրի համար պատասխանատվություն պետք է կրի անմիջական պատասխանատու սպան»:
Կարդացեք նաև
Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ իր պաշտպանյալին ինչ է ըստ մեղադրանքի վերագրվում, ինչ գործողություններ է արել, որը հասցրել է համադասարանցին ինքնասպանության, ի պատասխան ասաց. «Շատ ավելի մանրամասները բացելու իրավունքը չունենք, բայց ինչում, որ մեղադրվում է, որեւէ կապ չունի Դավիթ Մովսիսյանի հետ: Բացարձակ ճնշում չի եղել, հանցակազմին բնորոշ որեւէ արարք Դավիթ Մովսիսյանի կողմից չի արվել»:
Փաստաբանից նաեւ հետաքրքրվեցինք՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո իր համար պարզե՞լ է, թե զինծառայողն ինչի համար է ինքնասպանության դիմել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այն, ինչ տեղի է ունեցել, չէր կարող ինքնասպանության պատճառ հանդիսանալ, որովհետեւ առօրյայում հազարավոր նման բնույթի դեպքեր են տեղի ունենում, որոնք չեն կարող անձին ինքնասպանության դրդել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ