Մարտի 4-ին Հայկական «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակներում Վաշինգտոնի Ազգային տաճարում տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը` PostClassical Ensemble-ի հետ համագործակցությամբ:
Համերգի պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ներկա էին ԱՄՆ կոնգրեսի անդամներ, վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, եկեղեցական թեմերի առաջնորդներ, բարերարներ, ամերիկահայ կազմակերպությունների, կուսակցությունների և համայնքի ներկայացուցիչներ։
Համերգը մեկնարկեց «Դլե յամանով»՝ հռչակավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի անզուգական կատարմամբ։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր բացման խոսքում առանձնահատուկ ընդգծել է միջոցառման անցկացման վայրի ընտրությունը, հիշատակելով, որ այնտեղ է ամփոփված ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի աճյունը: Դեսպանը նշել է, որ նախագահ Վիլսոնը սահմանել է քաղաքացիների իրավունքների առաջին օրինակները և ներկայացրել ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքները: Պատահական չէ, որ նախագահ Վիլսոնի մարդասիրական գործունեությունը մեկ դար անց ուղի հարթեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ներկա կոնգրեսականներին և նրանց գործընկերներին, ովքեր քվեարկել են Համայնքների պալատում և Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի օգտին:
Կարդացեք նաև
«Սա հարգանքի տուրք էր ոչ միայն հայ նահատակների, այլ նաև բոլոր այն ամերիկացի գործիչների հիշատակի առջև, ովքեր ջանքեր են գործադրել Հայոց Ցեղասպանության ճանաչման համար»,- նշել է դեսպանը:
Մեկ դար անց հայ ժողովրդի երախտագիտության խորը զգացումն էր, որը ոգեշնչել է Ցեղասպանությունը վերապրածներին ստեղծել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։ Վարուժան Ներսեսյանը հավելել է, որ «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադիրներից Նուբար Աֆեյանը հանդիսանում է նաև Վաշինգտոնում անցկացվող Հայկական փառատոնի և համերգի համանախագահողներից և հովանավորներից մեկը:
Խոսելով թավշյա, ոչ բռնի հեղափոխության մասին, դեսպան Ներսեսյանը փաստել է, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը նոր խթան հանդիսացավ հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:
Այնուհետև խոսքը փոխանցվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կրթության ու մշակույթի հարցերով տեղակալ Մարի Ռոյսին: Վերջինս իր ելույթում անդրադարձել է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերություններին՝ նշելով, որ մշակույթն իր առանձնահատուկ դերն ունի այդ համատեքստում:
Տիկին Ռոյսը կարևորել է նաև գիտական ու կրթական բնագավառներում առկա համագործակցության մակարդակը:
Համերգի ընթացքում PostClassical Ensemble-ին նվագակցել են հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը: Երաժշտությունն ուղեկցվում էր սիրիահայ արվեստագետ Գևորգ Մուրադի` Սայաթ Նովային նվիրված մուլտիմեդիա նկարազարդումով: Հատուկ այս համերգի համար գրված երաժշտության հեղինակն է հայտնի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը: