Կարանտին է սահմանվել Կալիֆորնիայի ափերի մոտ գտնվող «Գրանդ Փրինցես» նավի վրա այն բանից հետո, երբ ուղևորներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: 71-ամյա տղամարդը մահացել է Սակրամենտոյի կլինիկաներից մեկում: Տեղեկատվության համաձայն՝ նա նախքան կորոնավիրուսով վարակվելն առողջական խնդիրներ է ունեցել:
Սա մահացության առաջին դեպքն է Կալիֆորնիայում և 11-րդը՝ ԱՄՆ-ում: Նորությունն իմանալուց հետո Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը արտակարգ դրություն է սահմանել: Բժիշկները կասկածում են, որ նավի ուղևորներից 11-ը և անձնակազմի անդամներից 10-ը վարակվել են կորոնավիրուսով: «Գրանդ Փրինցես» կրուիզային նավը պատկանում է Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող «Դայմոնդ Փրինցես» նավի դասին, երկու նավերի սեփականատերը Carnival ընկերությունն է:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է 150 մարդ՝ 16 նահանգում, ամենաշատ դեպքերը գրանցվել են Վաշինգտոնում, Տեխասում և Նեբրասկայում: Արտակարգ դրություն է սահմանել երեք նահանգ՝ Վաշինգտոն, Ֆլորիդա, Կալիֆորնիա:
Նշենք նաև, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարին 8 միլիարդ 300 միլիոն դոլար հատկացնելու նախագիծը, որը փոխանցվել է Սենատ, որտեղ հաստատվելուց հետո օրինագիծը պետք է վավերացվի նախագահի կողմից:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ