Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ շախմատ է խաղում երրորդ նախագահը

Մարտ 05,2020 21:30

Պատկերացրեք դուք նախկին իշխանավոր եք, մարդ, ով քսան տարի երկրում զբաղեցրել է այնպիսի պաշտոններ, որ ձևավորել է երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը: Ճանաչում է սրբերին և սատանաներին, քանի որ նրանց մեծ մասի պրոդյուսերը ինքն է եղել: Այդ մարդկանց մասին գիտի ամեն ինչ, քանզի նրանց պահարանում առկա կմախքների մի մասը ինքն է թաքցրել: Ճիշտ է նա այսօր տեսանելի իշխանություն չունի, սակայն չափազանց տեղեկացված է, քանի որ ի շնորհիվ դեռևս իշխանության մեջ գործող ներքին ցանցերի շարունակում է տեղեկություններ ստանալ և որոշակի դեպքերում նույնիսկ ղեկավարել կուլիսային խաղերը: Նա այնպիսի իշխանություն ունի, որ, երբ ասաց «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ» և հեռացավ, դեռևս շարունակում է ղեկավարել այն կուսակցությունը, որի անդամներին ստիպեց հանձնել իրենց փափուկ աթոռներն առանց կռիվ տալու ու այդ մարդիկ դեռևս շարունակում են մեծարել իրեն, հավատում են, որ իրենց կորցրած աթոռները դեռ հետ են ստանալու:

Մի՞թե զարմանալի չէ, որ հեղափոխությունից հետո դեռ կա Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, այն չի փլուզվում, ավելին՝ այսօր, քան երբևիցե ունի աջակիցներ: Քաղաքական գործիչները մինչև հիմա չեն հասկանում, թե ինչու նա ասաց այն, ինչ ասաց, քանի որ նրանք էմոցիաներով են շարժվում, իսկ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ երբ հակառակորդը անվերապահորեն հաղթում է, պետք չէ պայքարել մինչև վերջ, հարկավոր է մի կողմ քաշվել, վերադասավորվել և այնպիսի հրաման տալ սեփական զորքին, որ հաղթողը համոզվի, որ իրենք անվերապահորեն և վերջնականապես պարտվել են, այս դեպքում հաղթողը ինքնամոռաց կտոնի իր հաղթանակը՝ վերագրելով իրեն հաղթանակներ նույնիսկ այնտեղ, որտեղ հաղթանակներ չի տարել: Եվ այսօր՝ երկու տարի անց, մենք համոզվում ենք, որ նրա հաշվարկը ճիշտ էր, արդյունքում Սերժ Սարգսյանի թիմը հնարավորություն ստացավ փրկվել քաղաքական բնաջնջումից:

Ես իհարկե տեղեկություն չունեմ, թե ինչ խաղաքարտեր կային Սերժ Սարգսյանի ձեռքին, սակայն համոզված եմ, որ նա այլ ելք չուներ իր արատների մեջ թաղված մելիքությունը փրկելու համար, հեղափոխությունը սրբում էր իր ճանապարհին ընդառաջ դուրս եկած բոլոր քաղաքական ուժերին, այն անվերապահորեն թափանցել էր ազատություն ստացած ժողովրդի մտքերն ու հոգիները, որևէ հակառակ գաղափար այդ օրերին տեսանելի գոյություն ունենալ չէր կարող:

Իհարկե, դեռևս կար ուժային լուծումների տարբերակը, սակայն սա արդեն Քոչարյանական Հայաստանը չէր, իսկ ուժի կիրառումը կարող էր հակառակ ազդեցություն ունենալ, քանի որ ապրիլյան պատերազմից և ՊՊԾ գնդի գրավումից հետո այլևս անվերապահորեն պարզ էր, որ ուժային կառույցները ի զորու չեն ճնշել ժողովրդի կամքը, սակայն կար վտանգ, որ սեփական վասալներից ինչ-որ մեկը կարող է այս ամենը հասկացած չլինել և իրեն հաճոյանալու համար գնալ արկածախնդրության, ուստի նա փրկվելու համար զոհաբերեց իր ինքնասիրությունը և որպես նահանջի հրաման հնչեցրեց` «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ» նախադասությունը, ընդունեց պարտությունը, խուսափելով վերջնական ջախջախումից, որն այդ օրերին, իհարկե, հեղափոխության կազմակերպիչների և ժողովրդի կողմից այլ կերպ ընկալվեց, այն դարձավ էյֆորիայի գագաթնակետ և բոլորին շեղեց իրականությունից, այսինքն` իրագործվեցին նրա գլխավոր և երկրորդական նպատակները:

Հետնահանջի այս հրամանը բարոյականության տիրույթի առջև կանգնեցրեց հեղափոխականներին, նրանք առաջ քաշեցին ընկածներին չեն խփում գաղափարը, ռիսկային, բայց իրեն արդարացրած ճիշտ և սառը հաշվարկ: Ինչպես տեսնում եք Սերժ Սարգսյանը շատ ճկուն մարդ է, պետք է այդպիսին լինես, որ կարողանաս յուրացման գործով որպես մեղադրյալ գալ դատարան, վերցնես նախկին հակառակորդներիդ սիմվոլը` «ռուպոռը» և քեզ առաջադրված մեղադրանքի փոխարեն խոսես Արցախի հարցի մասին, իհարկե սա մանիպուլյացիա է, սակայն հուզիչ նույնիսկ հոլիվուդյան չափանիշներով, համաշխարհային պատմությունից վերցրած, ինչպես Ժաննա Դարկ, Զոյա Կոսմադիմյանսկայա, Հունան Ավետիսյան:

Իհարկե նրա կյանքին ոչինչ չի սպառնում, սակայն դատարանի առջև իր քաղաքական կարիերայի ընթացքում առաջին անգամ ինչ-որ չափով անկեղծ կողմնակիցների համար սփոփանք է, որ իրենց անցած ուղին այդքան էլ անիմաստ չէ: Այժմ նա խաղում է փորձի առումով իրեն անծանոթ դաշտում, սա, իհարկե, նրա ոճը չէ, սակայն ստիպված է, քանզի հասկանում է, որ իրականության հետ հաշվի չնստելը կործանարար է, հուսով եմ ֆեյսբուքյան լայվերի չի գնա, սակայն չեմ էլ զարմանա, եթե տեսնեմ լռակյաց խորիմաստ իմաստունի կերպարային փոփոխություն:

Սերժ Սարգսյանը տիկնիկային թատրոնի ռեժիսոր է հիշեցնում, նա մարիոնետների հետ այնպես է խաղում, որ կերպարները կենդանանում են, սակայն հակառակորդներն իրեն միշտ թերագնահատում են, ընդհանուր պատկերը չեն տեսնում, իսկ եթե տեսնում են, ապա անտեսում են շեղվելով այլ գործոնների վրա, այլապես ինչպես կարող էր 1999 թվականի հոկտեմբերի 27 թույլ տված ԱԱԾ պետը նախագահ դառնար, կա արդյոք մի երկիր, բացի Հայաստանից, որտեղ դա հնարավոր է` իհարկե չեք գտնի այդպիսի երկիր:

Կարծում եմ սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումները նրա հերթական խաղն է, նա դրանով քաղաքական երրորդ հակահարվածն է պատրաստվում տալ ներկայիս իշխանություններին, բայց ոչ այն դաշտում, որտեղ իմ կարծիքով սպասում է իշխանությունը: Ես, իհարկե, համարում եմ փրկություն օպերացիան, որի մասին մենք արդեն խոսեցինք: Երկրորդն իր իսկ կադրերի պետի որդուն` Արթուր Վանեցյանին ԱԱԾ պետ նշանակելն էր, ես համընկնումների չեմ հավատում, ապացույցներ չունեմ, բայց համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի լուման այստեղ կար, ամեն բան այնքան գեղեցիկ էր հաշված, որ Արթուր Կոնան Դոելի պատմվածքներն է հիշեցնում:

Կարելի է այն անվանել ներդրման օպերացիա: Որպես քաղաքական դաշտի շախմատիստ կարծում եմ երրորդ նախագահը հասկանում էր, որ սովորական ֆիգուր զոհաբերելով չէր կարող ապահովել իր ազատությունը, դրա համար կազմակերպվեց Մանվել Գրիգորյան օպերացիան` զինվորներին ուղղված նամակները, «Զինվորի բաժին» սնունդի հայտնաբերումը, զենքերն ու ավտոմեքենաներն արեցին իրենց գործը, ամեն բան հուսադրող էր հեղափոխականների և ժողովրդի համար, կարծես մերժելով իրեն հեղափոխությունը լոգիկայի տեսանկյունից պետք է գնար սկզբում իր հետևից:

Կարծում եմ սա հասկանում էին բոլորը, այդ թվում նաև ինքը՝ Սերժ Սարգսյանը, այդ պատճառով պետք էր հաջորդ զոհաբերությունն անել, այստեղ խաբկանքներով հեղափոխական իշխանությանը և ժողովրդին շեղել հնարավոր չէր, պետք էր իրական հակահերոս և, իհարկե, ընտրությունն անխուսափելի էր` Ռոբերտ Քոչարյան: Վերջինս այնպես էր մտել «վոյինի» կերպարի մեջ, որ չէր հավատում, որ իրեն կարող են կալանավորել, երևի նույնիսկ ճշտել էլ էր Սերժ Սարգսյանին պատկանող աղբյուրներից իրավիճակը, հավաստումներ էր ստացել, որ իր հետ որևէ բան չի կարող պատահել և ի վերջո 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո ինքը չէր հետապնդել 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և համոզված էր, որ այդ նախադեպը կպահպանվի իր դեպքում՝ դրա համար էլ եկավ և նրան անսպասելիորեն դրեցին զոհասեղանին: Այստեղ ես չեմ ցանկանում մեղավորներ և անմեղներ փնտրել դա դատարանի գործն է և ես չեմ պատրաստվում խառնվել իրավական գործընթացներին, խախտելով ներկայումս ամբաստանյալի աթոռին հայտնված նախկին պաշտոնյաների անմեղության կանխավարկածը, դա թողնում եմ իրենց իշխանության տարիներին ձևավորված դատական համակարգին: Ես ավելի շուտ քաղաքական դետեկտիվի «spoiler» եմ փորձում կատարել:

Համոզված եմ բոլորս ենք հիշում, թե ինչպես այս զարգացումները գրեթե հերոսացրեցին Արթուր Վանեցյանին և նա իմ սուբյեկտիվ կարծիքով կամա, թե ակամա բոլորիս համար աննկատ փրկեց Սերժ Սարգսյանին, քանզի բոլորս ենք հասկանում, որ միջազգային հանրությանը դժվար է բացատրել երկու նախագահի կալանավորումը և նույնիսկ հեղափոխականները չեն գնա այդ քայլին և այդպես էլ եղավ` Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին:

Բացի այդ Արթուր Վանեցյանի ԱԱԾ պետ եղած ժամանակ ավելի կարևոր ֆիգուրներ փրկվեցին, որոնք այժմ ՌԴ-ում հանգստանում են, որոնք եթե խոսեն կփոխեն խաղի կանոնները, այս ամենը պատահականություն է, թե ոչ և կապ ունի Վանեցյանը այս իրողությունների հետ չգիտեմ և կրկին այդ հարցերի պատասխանը պետք է թողնել իրավապահ մարմիններին: Եթե այս ամենը ինչ-որ հրաշքով համընկնումներ չեն, ուստի այն ըստ արժանվույն գնահատելիս հրաշալի խաղ է, իրոք իզուր չեն անցել երրորդ նախագահի ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցրած տարիները: Սակայն մեկ վրիպում ինձ անհասկանալի պայմաններում, իհարկե, եղավ: Դա Վանեցյանի գաղտնալսումն էր, ինչ ուզում եք ասեք, սակայն նույնիսկ անտաղանդ ԱԱԾ պետը չէր կարող թույլ տալ, որ իրեն գաղտնալսեին, իսկ Վանեցյանը պրոֆեսիոնալ է, ուստի չունենալով փաստեր կարող եմ միայն ենթադրել, որ վերջինս ինքն է ձեռնամուխ եղել այդ գաղտնալսումների ի հայտ գալուն, սակայն եթե այդպես է, ապա ինչո՞ւ, հետաքրքիր է արդյոք այս վարկածը առաջ քաշվել է նշված փաստով քննվող քրեական գործով, քանի որ, եթե ամենն իրոք այդպես է սա ֆորսմաժորային դրվագ էր և ուներ կոնկրետ նպատակ, գուցե նպատակ ցույց տալ Քոչարյանին, որ նրա ազատության համար պայքարում են: Ինչևիցե կան հետաքրքիր հարցեր, չկան պատասխաններ և հաշվի առնելով հայկական նորագույն պատմությունը չեմ բացառում, որ նախկին ԱԱԾ պետ Վանեցյանն այս գաղտնալսումներից հետո դառնա ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար, ինչպես ժամանակին հոկտեմբերի 27-ի դրությամբ ԱԱԾ պետ հանդիսացող Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ:

Անցնենք իմ սուբյեկտիվ կարծիքով Սերժ Սարգսյանի նախապատրաստած երրորդ ռաունդին, կարծում եմ դա սահմանադրական դատարանը չէ, բոլորը սևեռվել են Հրայր Թովմասյանի վրա, ՀՀԿ-ն նույնիսկ հերոսացրեց նրանց, ովքեր աթոռի համար պայքար են մղում և այդ ամենն այնքան համոզիչ էր, որ դրան հավատացին այն սահմանադրական դատարանի անդամները, ում հարցը դրված է հանրաքվեի և հրաժարվեցին իշխանության կողմից իրենց արված բացահայտ ձեռնտու առաջարկից: Կարծում եմ պարոն Սարգսյանն այս անգամ նույնպես անթերի հաշվարկ է կատարել, նա շատ լավ է տիրապետում մարդկային հոգեբանությանը, ով կարող է հրաժարվել հերոսանալու գաղափարից, թեև հասկանում է, որ դա իլյուզիա է: Եվ այս ամենը ինչպես հիմա սիրում են ասել մի մեծ «բոլոլա» է դարձել:

Սակայն համոզված եմ, որ իրական նպատակը ամենևին էլ սահմանադրական դատարանի ներկայիս կազմը պաշտպանելը չէ, հաղթի «Այոն» կամ «Ոչը», դա իրական քաղաքական դիվիդենտներ ՀՀԿ-ին տալ չի կարող: Կարծում եմ քաղաքական շախմատիստն իր իրական նպատակների մասին չի ասել նույնիսկ իր երդվյալ վասալներին, համոզված եմ, որ նրանք նույնիսկ պատրաստ էին հանրաքվեի ընթացքում «Ոչի» շտաբ ձևավորել և պայքարել իրենց պատկերացումների արդարության համար, իսկ երբ նրանց ասացին, որ չեն մասնակցելու «Ոչի» շտաբի ձևավորմանը, նրանք պետք է որ ապշած լինեին, շատ կցանկանայի տեսնել այդ հիասթափված դեմքերը, բայց ավաղ: Իհարկե, այս ամենը կարելի է բացատրել իմ երևակայությամբ, բայց երևակայությունը, որը հիմնավորվում է փաստական հանգամանքների վրա կոչվում է հիմնավոր կասկած, ինչը գոյության իրավունք ունի, քանի դեռ չի փարատվել: Եվ այսպես մենք գիտենք թե ինչ է ցանկանում իշխանությունը և պատկերացնում եմ, որքան զարմացրեց իշխանությանը, երբ նրանք իրենց կարծիքով ունենալով սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ ամբողջական պատկերը, արդյունքում ստացան, ոչ թե հավերժ ձրիակերներ, այլ ձևական հերոսախումբ, ովքեր առանց խաղի կանոնները հասկանալու զինվոր են երրորդ նախագահի շախմատի տախտակի վրա: Ես երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչ կանեի ես, եթե, Աստված մի՛ արասցե, հայտնվեի Սերժ Սարգսյանի կարգավիճակում:

Դիտում էի ընդդիմադիր և իշխանական թևի ներկայացուցիչների հարցազրույցները, բացատրությունները և մեկ է չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում, քանզի իմ կարծիքով հայկական նորագույն պատմության հետ ծանոթ և որոշակի իրավաբանական գիտելիքներ ունեցող որևէ մեկը չի հավատա, որ սահմանադրական դատարանի որևէ որոշում կարող է ազատել Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվությունից: Եթե նույնիսկ ազատի, դա նախկիններին որևէ քաղաքական դիվիդենտներ չի կարող տալ, իսկ պայքարը քաղաքական դաշտում է, կարծում եմ դրանում համոզված են և՛ նախկին, և՛ ներկայիս իշխանավորները: Բացի այդ հայկական նորագույն պատմության մեջ քանի սահմանադրական դատարանի որոշում կա, որ նախկին իշխանության օրոք, նրանց գիտությամբ, այս կամ այն իրողությունից դրդված կայացվել են, սակայն այնուհետև շրջանցվել են, ուստի Սերժ Սարգսյանի նման փորձված քաղաքական գործիչը հույսը չի կարող դնել այդ հանգամանքի վրա, բացի դա չեմ կարծում, որ Քոչարյանին ազատ արձակելը կամ սահմանադրական դատարանի ներկայիս կազմի փրկությունը ՀՀԿ-ի համար գերնպատակ է:

Գերնպատակը կրկին իշխանության գալն է և դա չի թաքցվում հանրապետականների կողմից և դա է պատճառը, որ նրանք ձգտում են միակ ընդդիմադիրի տիտղոսի նվաճմանը: Բայց ինչպե՞ս՝ ներկայիս իշխանությունը դեռևս վայելում է ժողովրդի աջակցությունը: Այս հարցի պատասխանն էի ես փնտրում և սահմանադրական հանրաքվեն չի տեղավորվում իր կարևորությամբ ՀՀԿ-ն վերակենդանացնելու նպատակների շարքում, այլապես՝ ինչպես ասացի, նրանք կգլխավորեին «Ոչի» շտաբը:

Իրոք երկար ժամանակ հասկանալի չէր, թե ինչ խաղ է խաղում ՀՀԿ-ն, սակայն երբ նրանք սկսեցին բողոքել, որ ժողովուրդը չի հասկանում և «Այոն» անօրեն հաղթելու է, հետո սկսվեցին շրջանառվել հին ու բարի հայկական լուրերը, ինչը ներկայումս անհավանական է թվում, թե իբրև ոչի կողմնակիցները գումարներ են բաժանում քաղաքացիներին, իսկ երբ լուրը դարձավ որոշ չափով տարածված, փոխվեց գումարներ բաժանելու հասցեատերը և հիմա օդում կախված լուրերի համաձայն իշխանությունն է փորձում այոյի համար փող բաժանել, ես հասկացա, որ ՀՀԿ-ն ներկայիս իշխանությանը հարվածելու է մեկ այլ տեղում:

Նրանց գերնպատակն է խլել իմ քայլականներից ամենահզոր խաղաքարտը՝ արդար ընտրությունների գաղափարը: Սա այն կոզրն է, որ նրանք իրենց քաղաքական անցյալի հետևանքով որևէ քայլով ծածկել չեն կարողանում և անկախ ջանքերից դուրս են մնացել իրական քաղաքական դաշտից, ուստի վերադառնալու համար կփորձեն արժեզրկել արդար ընտրությունների գաղափարը: Եվ իրոք ներկայիս քաղաքական դաշտում սպասվող իրողությունները նպաստում են դրան և իրական պայքարը ծավալվելու է Արցախյան ընտրությունների և հանրաքվեի ընթացքում, սակայն գերնպատակը ոչ թե հաղթելն է, այլ Հայաստանի ներկայիս իշխանության վրա ընտրակեղծարար պիտակը փակցնելը: Եվ դրա համար ՀՀԿ-ն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները, չէ որ հեղափոխությունից հետո իմ քայլականները մոռացել են ընտրական հանձնաժողովի մասին, իսկ ՀՀԿ-ի իշխանության տարիներին նրանց կեղծարարության մասին լեգենդներ էին պտտվում, ուստի և ես համոզված եմ, որ ՀՀԿ-ն պատրաստվում է իմ քայլականների ամենահզոր խաղաքարտով ծածկել նրա իսկ քարտերը:

Սյուն Ձի «Պատերազմի արվեստը»՝ հարվածի թշնամուն այնտեղ, որտեղ նա չի սպասում: Այո գնահատում եմ ձեր խելքը, սակայն տխրում եմ, որ ձեր տաղանդն ուղղված է ոչ թե արարման, այլ հայրենիքի ժողովրդավարության քանդմանը, հուսով եմ իշխանությունները զերծ կմնան ծուղակներից և կապահովեն արդար, առանց միջամտությունների ընտրություններ Հայաստանում և Արցախում, նույնիսկ եթե ստիպված լինեն պարտվելու, քանզի արդար ընտրությունների անցկացումը դեռևս հեղափոխության գրանցված միակ և անժխտելի հաղթանակն է ՀՀ-ում:

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031