Մարտի 5-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը եւ Գեւորգ Պետրոսյանը հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումներին:
Հայ խորհրդարանականները բարձր են գնահատել կառույցի ջանքերը` Հայաստանում արդյունավետ դատաիրավական համակարգ ունենալուն:
Պատգամավորները կարեւորել են արդյունավետ եւ գործող դատական համակարգ ունենալը, ինչից կախված է Հայաստանի սոցիալական եւ տնտեսական զարգացումը: Խմբակցությունը կողմ է համակարգը կոռումպացված դատավորներից ազատելուն, սակայն, ըստ խորհրդարանականների, Կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը չի խրախուսում պրոֆեսիոնալիզմի սկզբունքը: Նշվել է, որ դատական համակարգի երիտասարդացումը չպետք է լինի այն կործանելու հաշվին:
Ընդդիմադիր պատգամավորները կարեւորել են դատարաններում դատավորների թվաքանակի ավելացումը, խոսել դատավորների ծանրաբեռնվածության մասին՝ ընդգծելով, որ դրա արդյունքում տուժում է ՀՀ քաղաքացին:
Հյուրերը նշել են, որ ուշացված արդարադատությունը` մերժված արդարադատությունն է:
ՀՀ Ազգային ժողով