Այսօր «Առավոտ»-ի խմբագրություն զանգահարեց «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձ Ռաֆայել Սուքիասյանը։ Վերջինս մեղադրվում է 16-ամյա անչափահաս աղջկա սպանության մեջ։ Ըստ Ռաֆայելի՝ զանգել է ընկերոջը, իսկ վերջինս նեղացել է՝ որ ինքը ազատության մեջ է ու չի զանգել անգամ մտերիմ ընկերոջը։ «Պարզվեց՝ լրատվամիջոցներից մեկը հրապարակում է արել, որ ինձ տեսել են դրսում։
Ուզում եմ ասել՝ ես հունվարի 8-ից «Արմավիր» ՔԿՀ-ում եմ։ Կալանքի նախնական սանկցիան եղել է մինչեւ մարտի 6-ը, բայց այն արդեն երկարացվել է մինչեւ մայիսի 6-ը։ Ես բանտում եմ ու դեմ չեմ, որ ցանկացած լրատվամիջոցի նորմալ, ադեկվատ լրագրող համապատասխան պահանջվող թույլտվությունները ստանալուց հետո հանդիպի ինձ։ Կհամոզվեն, որ ես փակի տակ եմ»,-ասաց Ռաֆայելը։
Ի դեպ, վերջում նա ավելացրեց, որ ՔԿՀ-ի տարածքը ինքը լքում է «բացառապես ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ՝քննչական գործողությունների կամ դատարան գնալիս»:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ