«Մեր հարաբերությունները ընկերական, շիտակ, պարզ, մարդկային հարաբերութուններ էին»,- այսօր «Եռաբլուր» պանթեոնում խոսելով Վազգեն Սարգսյանի եւ իր հարաբերությունների մասին, ասաց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
Այսօր Սպարապետի ծննդյան 61 ամյակի առիթով «Եռաբլուր» պանթեոնում էին հավաքվել նրա ընկերները եւ հարազատները:
Գագիկ Ջհանգիրյանը հիշեց, թե ինչպես է իրեն Վազգեն Սարգսյանը հրավիրել`աշխատելու ՀՀ զինդատախազությունում. «Երբ հրավիրեց ինձ զինվորական դատախազություն, իր նախաձեռնությունն էր, ես հոգեբանորեն պատրաստ չէի: Նա ասաց, որ բանակում կարգ ու կանոն հաստատելու ժամանակն է: Վազգենին ընդհանրապես մերժելը դժվար էր, եւ ես համաձայնեցի: Հիմա գտնում եմ, որ գուցե թե իմ կյանքի ամենաերջանիկ տարիներն էին 1997-ի ամռանից մինչեւ 1999-ի հոկտեմբերը»:
Գագիկ Ջհանգիրյանն ասում է`Վազգենը ոգեղեն մարդ էր, նա ընդհանրապես չէր «հասկանում փողն ինչ է, փողի արժեքն ինչ է»: Թե ընկերների, թե ընդհանրապես, մարդկանց հետ հարաբերություններում, ըստ Գագիկ Ջհանգիրյանի, Վազգեն Սարգսյանի համար կարեւորը հավատն էր, կարեւորը վստահությունն էր: Նաեւ ասաց, որ Վազգեն Սարգսյանի հետ աշխատելը շատ դժվար էր:
Կարդացեք նաև
Պատմում է, որ երբ Վազգեն Սարգսյանը նշանակվել է վարչապետ, իրեն առաջարկել է փոխվարչապետի`տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, ինքը հրաժարվել է. «Մի քիչ նեղացանք, բան. ես մնացի զինդատախազի պաշտոնում, հետո, իհարկե, մեր հարաբերությունները կարգավորվեց: 2-3 կառավարության նիստ էր անցել, էդ նորանշանակ նախարարները ինձ զանգում են`էս ո՞նց եք աշխատել, պարոն Ջհանգիրյան, մինչեւ 10-11-ը կառավարությունում ենք, չենք կարողանում դուրս գալ, առավոտվա 9-ին էլ ասում է`հանձնարարությունները կատարե՞լ եք, թե՞ չէ: Ասացի`բա ո՞նց, սովորել էի՞ք գլուխ պահել այդտեղ, դե հիմա աշխատեք: Շաբաթ-կիրակի գոյություն չուներ, եթե գործ կար, պետք է արվեր եւ զեկուցվեր»:
Գագիկ Ջհանգիրյանը մի դրվագ էլ Վազգեն Սարգսյանի անձնական կյանքի վերաբերյալ հիշեց. «Արդեն վարչապետ էր, տնեցիները` հայրը, մայրը եւ այլն, բոլորն ուզում էին արդեն իրեն ամուսնացած տեսնել: Մի անգամ էլ Վազգենի ծնողները նույնիսկ ինձ ներգրավվեցին համոզելու գործընթացի մեջ: Ասացի, որ ժամանակն է ամուսնանալու, պետական պաշտոնյա ես, տարբեր տեղեր ես գնում, ուղեկցող է պետք, նա պատասխանեց՝ «Ջհանգիրյան, ուզում ես մի երիտասարդ աղջիկ դժբախտանա՞»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ