Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բժիշկ-սրտաբան Լալա Հովհաննիսյանի դին: Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, Հովհաննիսյանին սպանել է նրա 60 տարեկան ամուսինը:
Տեղեկատվության համաձայն՝ նրանց 19-ամյա տղան զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ չի կարողանում բացել բնակարանի դուռը և կապ հաստատել ծնողների հետ: Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են 47-ամյա Հովհաննիսյանի դին՝դանակի մի քանի հարվածներով, իսկ նրա 60-ամյա ամուսինը հոսպիտալացվել է ինքնասպանության փորձից հետո, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Սպանվածի որդին չի բացառել, որ հայրը հանցագործությունը կատարել է խանդի պատճառով: «Հայրս մեծ էր մորիցս և հաճախ էր խանդում նրան նույնիսկ հիվանդների նկատմամբ: Առիթները ստեղծում էր հենց այնպես, իրականում դրանց համար ոչ մի հիմք չկար»,-ասել է որդին»:
Աղբյուրը նաև նշում է, որ Լալա Հովհաննիսյանը 24 տարվա աշխատանքային փորձով բժիշկ-սրտաբան էր և ավարտել էր Երևանի պետական բժշկական համալսարանը: Ամուսնու հետ ծանոթացել էր աշխատավայրում: Վերջինս շտապօգնության մեքենայի վարորդ էր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ