Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սաշիկ Սուլթանյան. «Ոստիկանը կաշառքը փաստաբանի միջոցով է վերցնում»

Մարտ 05,2020 18:22

Այսօր «Մեդիա կենտրոն»-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ «ՀԿ կենտրոնում» ոստիկանության բարեփոխումների մասին քննարկում էր կազմակերպել:

«Ցանկացած բարեփոխման կարեւոր նպատակը պետք է լինի հանրային վստահության բարձրացումը»,-ասաց քննարկման մասնակից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նա ներկայացրեց այս բարեփոխման ռազմավարությամբ սահմանված դրույթները: Օրինակ՝ ՊՊԾ-ի եւ ՃՈ-ի միավորումը. Սաքունցն ասաց, որ այս միավորումը բովանդակային տեսանկյունից բոլորովին նոր ծառայություն է. «Իհարկե, ՊՊԾ-ն ու ՃՈ-ն վերանում են, բայց դա չի նշանակում, որ դրանց մեխանիկական միավորման արդյունքում է ձեւավորվելու պարեկային ծառայությունը»:

Բարեփոխմամբ նախատեսված մյուս դրույթն էլ ոստիկանության ներքին զորքերի կարգավիճակի հարցն է, եւ ինչպես Սաքունցն ասաց՝ դրա հիմքում ոստիկանության ապառազմականացումն է.«Այժմ ոստիկանության ներքին զորքերին ուղարկում են սահմանային ծառայության, այս փոփոխությամբ չեն ուղարկելու: Մյուսն այն է, որ ոստիկանությունը նախարարություն է դառնում: Սահմանադրությամբ ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ՊԵԿ-ը, հատուկ քննչական ծառայությունը, քննչական կոմիտեն վարչապետի անմիջական ենթակայության տակ են գտնվում: Նախարարության կարգավիճակը թույլ է տալիս խորհրդարանական վերահսկողությունը այս կառույցների նկատմամբ»:

Քննարկման մասնակիցներից Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան ՀԿ ղեկավար Սաշիկ Սուլթանյանն էլ ուշագրավ հայտարարություն արեց՝ ոստիկանության՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի, արհամարհանքի եւ այլ բացասական դիրքորոշումների մասին: Նա նախ նկատեց՝ ազգային փոքրամասնությունների, մասնավորապես եզդիների մոտ ոստիկանության նկատմամբ վստահությունը զրո է, եւ երբ դեպքեր են տեղի ունենում, մարդիկ չեն դիմում ոստիկանությանը, այլ այդ հարցերը լուծվում են օրինակ՝ քրեական հեղինակությունների միջոցով:

«Հեղափոխությունից հետո մեր կազմակերպություն ունեզրկման դեպքերով 30-40 դիմում է ստացվել, երբ տարբեր ժամանակահատվածներում մարդկանցից ունեցվածք է խլվել ու դրանում միջնորդություն ունի ոստիկանությունը»,-ասաց Սուլթանյանը:

Նա մի դեպք պատմեց 2017 թվականի ընտրությունների ժամանակաշրջանից. «Պատգամավորի թեկնածուներից մեկը ֆեյսբուքի իր էջում կոչ էր արել, բառացի մեջբերում եմ՝ բոլոր եզդիները պետք է ռադները քաշեն Հայաստանից, պետք է նրանց սպանել եւ այլն: Պարոն Սաքունցի հետ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցինք գլխավոր դատախազություն, վերջինս էլ ուղարկեց կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն: Արդյունքում պատասխանեցին՝ բացատրական աշխատանքներ ենք տանում, հանցակազմ չկա: Բայց նշեմ՝ Քրեական օրենսգրքում ունենք հոդված՝ ազգային կամ կոնական հիմքով թշնամանք հրահրելը… մինչեւ հեղափոխությունը այդ հոդվածով որեւէ դեպք չկար, որ գնար դատարան: Հեղափոխությունից հետո սկսվեց այդ հոդվածն օգտագործվել, բայց ոչ այն նպատակով, որի համար ստեղծվել է, այն ֆեյքերի գործերը, որ տեսնում եք՝ ԱԱԾ-ն գործեր է հարուցում՝ այդ հոդվածով են հարուցում: Այսինքն, ազգային փոքրամասնությունների նկատմամբ ատելություն սերմանելու հիմքով գործ չկա, որ մարդիկ պատժվեն»:

Սուլթանյանը մեկ այլ ուշագրավ դեպք էլ պատմեց. «Երեկ ինձ զանգել են մի դեպքով՝ ոստիկանությունը կաշառք է պահանջում՝ շատ հետաքրքիր ձեւով փաթեթավորված: Ոստիկանն ասում է՝ մեր քննչականի հետ աշխատող «ընգեր» փաստաբան կա, իրան փոխանցեք 5000 դոլար ու այս գործն ինքը լավ կտանի: Այսինքն, փաստաբանների միջոցով է այդ գործընթացը կատարվում»:

Սուլթանյանի պատմելով՝ նախկին իշխանությունները շատ հետաքրքիր մի կոալիցիա էին կազմել նախագահի մակարդակով. «Եվ նաեւ նախագահի խորհրդականների մակարդակով՝ ուրեմն՝ ոստիկանություն-ազգային փոքրամասնություններ-օրենքով գողեր, որոնք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են: Նախկին իշխանությունները կապվում էին օրենքով գողերի հետ եւ կազմում այն սխեման, որով պետք է ընտրական գործընթացը տեղի ունենա: 2017 թվականի ընտրություններին ՀՀԿ-ն մի քանի եզդի օրենքով գողերի միջոցով որոշել էին, թե եզդիական համայնքում ինչքան ձայներ պետք է գնան ՀՀԿ-ին, սա շատ արատավոր պրակտիկա է»:

Սուլթանյանն անդրադարձավ նաեւ վաղ ամուսնություններին, նշելով՝ եթե ազգությամբ եզդի է անում գործողությունը՝ անչափահասի հետ ամուսնությունը. ոստիկանությունը երկու կողմին ասում է՝ 3-5 հազար դոլար վճարեք ու գործը փակվում է: Սուլթանյանն ասաց, այս բոլոր դեպքերում եզդիների դեպքում տուգանք է կամ պայմանական վաղաժամկետ ազատում, իսկ հայերի դեպքում այլ է:

Քննարկման մեկ այլ մասնակից «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գեւորգ Քոթանջյանն էլ որոշ դրվագներ պատմեց ոստիկանության գործողությունների մասին. « ՊՊԾ գնդի գրավման օրերն ցույցերին 2-3 անգամ մասնակցել եմ, հետո ոստիկանությունը սկսեց իմ նկատմամբ հետապնդումները, ուր գնում էի՝ ինձ հետեւում էին: Ի վերջո, բողոք ներկայացրեցինք, գործ հարուցվեց, արդյունքում ասացին՝ էդ ոստիկանները տուն էին գնում իրենց համար, պարզապես համընկել է: Ցանկացած քաղաքացի մինչեւ 2018 թվականը պոտենցիալ հետապնդվող է: Այսինքն, ոստիկանությունը ծառայում էր իշխանությանը: Ակտիվ քաղաքացին ԱԱԾ-ի կամ ոստիկանության ուշադրության ներքո էր»:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/hca.vanadzor/videos/909966222795066/

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031