Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սոցցանցի «դուխով» «ֆեյքերից» մինչեւ վառելու, ծեծելու, փռելու կոչեր». պատգամավորները՝ ատելության մթնոլորտի մասին

Մարտ 05,2020 18:12

«Խոսքի ազատության իրավունքը մեր օրերում չարաշահվում է, ոտնահարում մարդու պատիվն ու արժանապատվությունը: Սոցցանցերում կան համակարգիչների դիմաց նստած «դուխով» մարդիկ, որոնք վիրավորում են քաղաքական հայացքներ ունեցողներին, բռնության կոչեր անում, ատելության խոսք տարածում»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում էր բռնության կոչի, դրա քարոզի եւ բռնությունն արդարացնելու համար կալանքի, տուգանքի, ազատազրկման տեսքով քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծերի փաթեթը, որը հեղինակել է Արդարադատության նախարարությունը:

«Ափսոսում եմ Արդարադատության նախարարության կատարած աշխատանքի համար, որովհետեւ այդ «դուխով» անձանց խրախուսում է նաեւ իշխանությունը: Այդ «դուխով» մարդկանց ծառայությունը դուր է գալիս իշխանության ներկայացուցիչներին: Երբ ինձ «ֆեյսբուքում» վիրավորում են իմ քաղաքական հայացքների համար, բռնության եւ կարմիր մազերս կտրելու կոչեր անում, դա դուր է գալիս իշխանության ներկայացուցիչներին, որովհետեւ նման ծառայությունը փորձ է անում ինձ լռեցնելու»,-ասաց Անի Սամսոնյանը:

ԲՀԿ պատգամավոր Շահե Իսայանն էլ նկատեց. «Հասկանալի չէ, թե ինչ է նշանակում ծնունդով պայմանավորված բռնության կոչ: Բացի այդ, եթե որեւէ քաղաքացի բռնության կոչ պարունակող հայտարարություն է տեղադրում իր էջում, իսկ ես, ենթադրենք, «լայքում» եմ դա, այս դեպքում համարվո՞ւմ է, որ ես բռնության հրապարակային արդարացում եմ անում: Ուստի բռնության կոչը հրապարակային արդարացնելու դրույթը եւս խնդրահարույց է»:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց. «Իրական օգտատերերից մեկը կոչ էր անում ինձ հրապարակում վառել…շատ կուզենայի, որ այս օրինագծով բոլոր մտահոգությունները փարատվեին: Ինձ համար ատելության եւ թշնամանքի խոսքն ազգային անվտանգության հարց են: Անգամ ԵԽԽՎ-ում չգտանք վերջնական լուծումն այս խնդրի: Ես քաղաքական կոնսենսուսի կողմնակից եմ: Եթե բոլոր քաղաքական ուժերով եւ մեդիայի հետ պայմանավորվենք, որ չեն հնչելու նման ելույթներ, որ լայքերի համար ԶԼՄ-ները չեն տարածելու վիրավորանքով լի ելույթներ, խնդիրը կլուծվի: Այլապես որեւէ օրենք այս հարցը չի լուծի: Իսկ այս ամբիոնը եկեք չդարձնենք գոտկատեղից ներքեւ հարվածելու ամբիոն»:

ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ նշեց. «Հիշենք, թե այս ամենն ինչից է սկսվել՝ միմյանց չհարգելուց, անհանդուրժողականությունից, քաղաքական բանավեճը միջանձնային հարաբերությունների մակարդակի իջեցնելուց: Մարդիկ, որոնք ժամանակին հայհոյանք էին գրում պատգամավորների եւ այլ անձանց մասին, հիմա պատգամավոր են դարձել եւ չեն ամաչել արածի համար: Նրանք չեն երկմտում մարդկանց մեղադրել մի բանում՝ առանց հաշվի առնելու մարդու անցած ճանապարհը կամ մարտական ճանապարհը: Մինչեւ չսովորենք իրար հարգել եւ այս ամբիոնը բամբասանք տարածելու համար չօգտագործել, արդյունքի չենք հասնի: Պիտի սովորենք լսել միմյանց եւ հանրությանը շերտերի չբաժանել: Քանի դեռ այս ամբիոնից ասում ենք, որ ով բարեւել է ինչ-որ մեկին, ուրեմն տականք է, պետք է վառել, ծեփել, փռել, նման օրենքները մեզ չեն փրկելու: Ատելության դոզան համացանցից մտել է իրական կյանք, երբ մարդիկ ազդանշան տալու համար իրար դանակահարում են, նարդի խաղալիս՝ ծեծում: Սրա դեմ առաջինը քաղաքական էլիտան պետք է պայքարի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031